ՀՀԿ երիտթեւի ղեկավար, ՀՀԿ ԳՄ անդամ Հենրիխ Դանիելյանը պնդում է, որ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ քննարկումներն ու նախաձեռնությունները կեղծ օրակարգ են և չեն բխում Հայաստանի Հանրապետության պետական ու ազգային շահերից․ այս մասին նա այսօր ասաց «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում։
Ըստ նրա՝ նման քայլերը միայն ավելացնում են անվտանգային ռիսկերը, խաթարում առկա ռազմավարական հարաբերությունները և հասարակությանը շեղում իրական անվտանգային ու տարածքային մարտահրավերներից։ Կարծում է՝ օրվա իշխանությունը սեփական շահերը պաշտպանելու համար ոտնահարում է ժողովրդի շահերը՝ խնդիրներ ստեղծելով ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցության մասով։ Նկատում է՝ ներդրված բազում ջանքերի արդյունքում էր Սերժ Սարգսյանը հաջողել ապահովել ՀՀ անդամակցությունը ԵԱՏՄ-ին՝ Հայաստանի համար նոր հնարավորություններ ստեղծելով։ Վստահեցնում է՝ դա բացարձակ չէր խանգարում ԵՄ-ի հետ մերձեցմանը ու դրա վկայությունն էր Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում ԵՄ-ի հետ ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը։
ՀՀԿ անդամներն այսօր՝ Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակի օրն այցելել էին «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
Երիտասարդ գործիչը ՀՀ գործող իշխանության ապաշնորհ քաղաքականության արդյունք է համարում այն, որ երեք հազար տարվա ընթացքում, առաջին անգամ, Արցախը բռնի կերպով հայաթափվել է եւ բռնազավթվել։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































