Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկրի առաջին դեմքն է, եթե այդպիսի օրինակ է ծառայում, ապա թող չնեղանա, որ իր օրինակը, իր բառերը կարող է օգտագործել ՀՀ ցանկացած քաղաքացի նաև իր դեմ»․ Սոֆյա Հովսեփյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Սեպտեմբեր 02,2026 16:28 Share

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը «Սոֆյա Հովսեփյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով» դատական նիստից հետո Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ միջնորդություն է ներկայացրել լրացնել հայցի առարկան և հայցին կցել հերքման այն տեքստը, որը պահանջում է, որ տարածվի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից։

Մասնավորապես նա հայցին կցել է այս տեքստը․ «Ցանկանում եմ լրացնել հայցի առարկան հետևյալ կերպ՝ պարտավորեցնել պատասխանող Նիկոլ Վովայի Փաշինյանին հայցադիմումը բավարարելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում հրապարակայնորեն հերքել Սոֆյա Հովսեփյանի մասին տարածված զրպարտություն համարվող փաստացի տվյալները` հերքումն իրականացնելով հետևյալ տեքստով՝ «Հերքում իմ՝ Նիկոլ Վովայի Փաշինյանիս կողմից 11.06.2026 թվականին տրված ասուլիսի ընթացքում «էն մյուս ուժերը ստացել են 100%-ով ընտրակաշառքով քվե», «Առանց փողի, նրանց օգտին ոչ մեկը չի քվեարկել, բացարձակապես ոչ մեկը», հրապարակված փաստացի տվյալները չեն համապատասխանում իրականությանը, սուտ են, ուստի այլ քաղաքական ուժի օգտին քվեարկած Սոֆյա Հովսեփյանի կողմից ընտրակաշառք վերցնելու վերաբերյալ հրապարակված տվյալը չի համապատասխանում իրականությանը, զրպարտություն է»։

Սոֆյա Հովսեփյանը պահանջում է, որ Նիկոլ Փաշինյանի անունից հերքման տեքստը հրապարակվի մի շարք կայքէջերով։

Մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ պատասխանող կողմի՝ այս տեքստին ծանոթանալու հիմքով դատական նիստը հետաձգվել է։ Այն տեղի կունենա սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն էր դատի տվել Սոֆյա Հովսեփյանին՝ պահանջելով ներողություն, 2 և 4 մլն դրամի չափով փոխհատուցում:

Սոֆյա Հովսեփյանի կողմից ներկայացված հերքման պահանջը վերաբերվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հունիսի 11-ին հնչեցրած հայտարարությանը։ Ճեպազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 100 տոկոսով օրգանիկ քվե, իսկ մյուս ուժերը ստացել են 100 տոկոսով ընտրակաշառքով քվե: Այս առիթով Սոֆյա Հովսեփյանն ասաց․ «Իմ պահանջը զրպարտության հերքումն է։ Դատարանը հարցրեց հաշտության գալու հնարավորության մասին, ասացի՝ միայն կարող է լինել ներողություն խնդրելու տարբերակով, եթե ապահովվի այդ պահանջը»։

Մեր այն դիտարկմանը՝ հաշվի առնելով այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանի հռետորաբանությունն ավելի է սրվում, Սոֆյա Հովսեփյանի դեմ գործ է հարուցվել, և հարցին՝ ակնկալիք ունե՞ք, որ նա կարող է հերքում տարածել, Սոֆյա Հովսեփյանը պատասխանեց․ «Միշտ էլ ակնկալիքը կա։ Բնականաբար, իր հայցն իմ դեմ ավելի կոշտ է, ավելի բռնատիրական․ իմ բոլոր հաշիվները կալանքի տակ են, իմ գույքերը կալանքի տակ են և այլն։ Բնականաբար, չեմ կարող ենթադրել՝ ինչ կանի։ Եթե ես նստեմ, սպասեմ՝ ինչ կանի, բոլորի հետ կնստեի և հայց չէի ներկայացնի։ Բայց ինքը պիտի հասկանա, որ իր ամեն ասածի համար պատասխանատու է։ Մասնավորապես ինքը երկրի առաջին դեմքն է, եթե առաջին դեմք լինելով՝ այդպիսի օրինակ է ծառայում, թող չնեղանա, որ իր օրինակը, իր բառերը կարող է օգտագործել ՀՀ ցանկացած քաղաքացի նաև իր դեմ»։

Մեր այն փաստմանը՝ իր դեմ հայցով պահանջվում է, որ Սոֆիա Հովսեփյանը, դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում, hraparak.am լրատվական կայքում և ֆեյսբուքյան էջում հրապարակային ներողություն խնդրի վարչապետ Նիկոլ Փաշինյանից՝ 2026թ. հունիսի 9-ին «Այդ տականքին ես վաղուց եմ ճանաչում՝ գիտեի, թե ոնց է նկարելու թվերը» վերնագրով հրապարակված հոդվածում նրան «տականք» անվանելու համար և հարցին՝ սա իրեն խոցելի չի՞ դարձնում, Սոֆյա Հովսեփյանն այսպես արձագանքեց․ «Տականք բառն իմ կողմից օգտագործվել է, բայց անմիջական իրեն ուղղված չէ։ «Ընտրությունների ելքը նկարել էին և գիտեին՝ ինչ ելք կունենա» այս արտահայտության համար էլ 4 միլիոն է պահանջում։ Ձայնագրությունն ունեմ․ իմ խոսքում տականք բառն անմիջապես Նիկոլ Փաշինյանին ներկայացված չէ։ Ես այդտեղ ընդհանրական խոսում եմ ընդդիմության և այլ գործընթացների մասին և վերջում ընդհանրական հավելում եմ, որ ես տականքին ներսից եմ ճանաչում։ Այսինքն՝ առհասարակ համակարգը ներսից եմ ճանաչում։ Իրենք հայցի մեջ կտրել են իմ խոսքը՝ մի վերնագրից վերցրած, այդ բառը կպցրել են մի քանի այլ բառի հետ։ Քավ լիցի, եթե ինքն ուզում է էդպես իրեն զգալ, թող զգա, դա ես չեմ ասողը, իր զգացողությունն է։

Երկրորդը՝ դրանից ընդամենը օրեր առաջ Արցախի քաղաքացի Արթուր Օսիպյանին ինքը հանրային վայրում ասում էր՝ այ տականք, դու ինչո՞ւ չես զոհվել։ Դա ասաց երկրի վարչապետը։ Եթե այդ բառն իր համար վիրավորական է, ապա ո՞վ է ինքը, որ վիրավորում է ՀՀ քաղաքացուն, ո՞վ է ինքը, որ վիրավորում է արցախցուն չզոհվելու համար, ո՞վ է ինքը, որ առհասարակ այդ բառը կիրառում է շատ-շատերի հանդեպ։ Եթե ինքը կիրառում է, այդ մարդկանց ուղղում է այդ բառը, ապա թող պատրաստ լինի նաև իր անձի հանդեպ լսել։

Ամենահետաքրքիրն այն է, որ միայն ֆեյսբուքյան հարթակում 5000-ից ավել նման մեկնաբանություններ և հրապարակումներ են եղել, բայց միայն ինձ է դատի տվել։ Ի դեպ ասեմ՝ շատ սուր քննադատություններ ընտրակեղծիքի և ընտրախախտումների հետ կապված կան նաև փորձագետների կողմից հնչեցված, նաև այն մասին, որ խախտումները շատ են եղել և այլն, բայց չգիտես՝ ինչու, դատի տվել է ինձ և պահանջում է 4 միլիոն դրամ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Սոֆյա Հովսեփյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930