Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ հանրային համերաշխություն չկա, ինչո՞ւ է ինքը շարունակում սպառնալ ընդդիմադիրներին։
«Այսինքն՝ ընտրություններն ավարտվեցին, մոռացա՞նք՝ ինչ ենք ասել։ Ոչ, չմոռացանք։ Հանրային համերաշխություն հնարավոր է միայն այդ եռագլուխին Հայաստանից արմատախիլ անելու ձեւով։ Մենք մարդասպան չենք, որ տանք սպանենք։ Մենք պետություն ենք, եւ ասել եմ՝ պետությունը մնալու է կոկորդներին։ Եվ պետությունը պետք է մնա կոկորդներին։ Ինչ մնում է իրենց մանդատ վերցնել-չվերցնելու հարցին, սկզբունքորեն իրենք մանդատ չունեն էլ, որ վերցնեն։ Եթե որոշեն չվերցնել, գոնե այդքանով ազնիվ կլինեն, որ ունենանք մաքուր ու լեգիտիմ խորհրդարան, թե չէ գալու են ու իրենց ընտրակաշառքի գարշահոտը տարածեն խորհրդարանի դահլիճով մեկ»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Հարցին, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ ընտրություններից առաջ փորձել է ընդդիմադիրների հետ գործարքի գնալ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Եթե ասում են՝ առաջարկվել է գործարք, թող ասեն՝ ով ում։ Գագիկ Ծառուկյանին որ գործարք առաջարկենք, ծնկաչոք այդ գործարքին ընդառաջ կգար»։
Անդրադառնալով ընտրախախտումների մասին հարցին՝ նա ասաց․ «Ես գիտեմ մի բան՝ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 100 տոկոսով օրգանիկ քվե, այն մյուս ուժերը ստացել են 100 տոկոսով ընտրակաշառքով քվե։ Նրանք չեն անցել շեմը, նրանք անցել են փողի շեմը։ Էլի եմ ասում՝ մեր դատաիրավական համակարգը պետք է պատասխան տա, այս ընտրություններում ընտրակաշառքի մեջ բռնված ցանկացած ոք մինչեւ հաջորդ ընտրությունների արդյունքներն ամփոփելը պետք է բանտում լինի, եթե ոչ, ուրեմն դատաիրավական համակարգը գործում է ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Եվ ՀՀ-ն պետք է միջոցներ ձեռնարկի՝ այդ մաֆիան արմատախիլ անելու ուղղությամբ։ Ի՞նչ է նշանակում բռնել արդարացնել Գագիկ Ծառուկյանին կաշառքի գործով։ Որեւէ մեկն ուզում է ասել, որ Գագիկ Ծառուկյանին ձրի արդարացրե՞լ է, այս ի՞նչ ձեւ է ընդհանրապես։ Ես համակարգին եմ մեղադրում կոռումպացված լինելու մեջ»։
Մանրամասները՝ տեսանյութում
Հարցին՝ ստացվում է, որ զբաղեցնելով վարչապետի պաշտոնը՝ ուղիղ հրահա՞նգ է տալիս դատավորներին, արդյոք սա ճնշո՞ւմ չէ դատաիրավական համակարգի վրա եւ ինչո՞ւ է խախտում մարդկանց անմեղության կանխավարկածը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Ես սա ասում եմ որպես ժողովրդի հետ լայնորեն շփված մարդ եւ ժողովրդի լեգիտիմ ներկայացուցիչ։ Հանրության համբերությունն արդեն էլ տեղ ու սահման չունի։ Դատական համակարգի՝ «տերովին տերն է տարել, անտերին՝ գելը», ես չեմ թույլ տալու նման բան։ Թող բոլորը հաշիվ տան, թե ինչով են զբաղված, բոլոր կաշառակեր դատավորները հատ-հատ բռնվելու եւ դատվելու են, անուններն ըստ քրեական գործերի կհրապարակվեն, երբ որ կլինեն այդպիսի գործեր»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































