Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայցեր է ներկայացրել նախկին պատգամավորներ Սոֆիա Հովսեփյանի և Էդմոն Մարուքյանի դեմ՝ պահանջելով ներողություն խնդրել ու հերքել վիրավորանք և զրպարտություն պարունակող տվյալները։ Ն. Փաշինյանը պահանջում է նաև դրամական փոխհատուցում։
Հայցով պահանջվում է, որ Սոֆիա Հովսեփյանը, դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում, hraparak.am լրատվական կայքում և ֆեյսբուքյան էջում հրապարակային ներողություն խնդրի վարչապետ Նիկոլ Փաշինյանից՝ 2026թ. հունիսի 9-ին «Այդ տականքին ես վաղուց եմ ճանաչում՝ գիտեի, թե ոնց է նկարելու թվերը» վերնագրով հրապարակված հոդվածում նրան «տականք» անվանելու համար։
Ներողությունը պետք է հրապարակվի բոլորի համար տեսանելի և հասանելի եղանակով, առանց ժամկետի սահմանափակման, իսկ դրա ձևավորումը, տեղակայումը և տառաչափը չպետք է զիջեն սկզբնական հրապարակման ձևաչափին։
Նիկոլ Փաշինյանը պահանջում է նաև դրամական փոխհատուցում՝ 2 միլիոն դրամ՝ վիրավորանքի և 4 միլիոն դրամ՝ զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի համար։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Էդմոն Մարուքյանին, ապա նա նույնպես ընտրական թեմայով է խոսել և իր ֆեյսբուքյան էջում ընտրակեղծարար է անվանել Ն. Փաշինյանին։ Վարչապետը այդ արտահայտությունը համարել է վիրավորանք։
Է. Մարուքյանի դեմ ներկայացված հայցի մանրամասները և ամբողջական պահանջը հայտնի չեն, քանի որ «Դատալեքս» տեղեկատվական համակարգում տվյալները թերի են լրացված։
Գրիշա ԲԱԼԱՍԱՆՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում


















































