Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա պատմական, քաղաքական եւ իրավական խայտառակություն է»․ Դերենիկ Մալխասյանը՝ Անդրանիկ Թեւանյանի եւ Արեգնազ Մանուկյանի գործի մասին

Սեպտեմբեր 07,2026 13:32 Share

«Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Դերենիկ Մալխասյանը կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի և կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի քրեական գործը պատմական, քաղաքական եւ իրավական խայտառակություն է որակում․ այս մասին այսօր նա հայտարարեց ԲԴԽ-ի մոտ կայացած ցույցի ժամանակ։

«Միայն Անդրանիկ Թևանյանի դեմ հարուցված քրեական գործով մենք կարող ենք փաստել, որ Փաշինյան Նիկոլը կառուցում է ոչ թե ժողովրդավարական բաստիոն, այլ կոնցլագեր, քաղաքական կոնցլագեր։ Ինչո՞ւ եմ այդպես ասում, որովհետև մոտ չորս ամիս այս իշխանությունները իրենց հասու բոլոր հարթակներով մարդկանց ուղեղները լվանում էին, զրպարտում էին Անդրանիկ Թևանյանին, Արեգնազ Մանուկյանին առ այն, որ նա իբր 62 000 դոլարի դիմաց վաճառել է, տվել է պետական գաղտնիք ինչ-որ անհայտ երկրի՝ էդ էլ վախեցել են նշել, թե որ երկիրն է, հատուկ ծառայությանը։ Ընդհուպ մինչև մեղադրանք ներկայացնելը քննչական, Հայաստանի հանրապետության քննչական կոմիտեի տեղակալը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարում է, թե Անդրանիկ Թևանյանին մեղադրում են 620 000-ի դիմաց ինչ-ինչ պետական գաղտնիք կամ նման մի բան ինչ-որ մեկին վաճառելու մեջ։ Բայց օրեր անց, մեղադրանքը հաստատվում է, գնում է դատարան, և, ո՛վ զարմանք, մեղադրանքում գոյություն չունի նման բան։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ պատմական, քաղաքական խայտառակություն է սա։ Այսինքն՝ ժողովրդի մոտ իրենց բոլոր հնարավոր հարթակներով զրպարտում են քաղաքական գործչին, հետո մեղադրանք ներկայացնում են, այնտեղ գրված է… դա չի գրված, բոլորովին այլ անհեթեթություն է գրված»։

«Մայր Հայաստանն» այսօր ցույց էր կազմակերպել ԲԴԽ-ի առջև՝ պահանջելով, որ կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի և կուսակցության ղեկավար մարմնի անդամ Արեգնազ Մանուկյանի՝ վաղը մեկնարկելիք դատավարությունը լինի բաց։

Այս ամենի կազմակերպիչները, ըստ բանախոսի, պետք է իրավական և բարոյական պատասխանատվության ենթարկվեն։ Իսկ պաշտպանվելու միակ միջոցը, Դերենիկ Մալխասյանի համոզմամբ, մնում է բաց դատավարությունը։

Մանրամասները՝ տեսանյութում

Մոտ մեկ ժամ ԲԴԽ շենքի մոտ մնալուց հետո՝ ցույցն ավարտվեց։ Թեեւ «Մայր Հայաստանի» անդամներն ակնկալում էին, որ ԲԴԽ անդամները իրենց կընդունեն եւ գոնե կլսեն պահանջները, բայց նրանց առաջարկվեց՝ դիմում գրել՝ ներկայացնելով պահանջները։ «Մայր Հայաստանի» անդամները դիմում չգրեցին, քանի որ վաղը մեկնարկելիք դատավարության մասով ներկայացվելիք պահանջները, կարծում են, արդեն ժամանակավրեպ կլինի։

Մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք՝ այս տարվա մայիսից Անդրանիկ Թևանյանը գտնվում է կալանքի մեջ՝ «պետական դավաճանության» կասկածանքով, այնուհետև Արեգնազ Մանուկյանը կալանավորվեց՝ Անդրանիկ Թևանյանին ԱԺ փակ հանդիպումից իբրև պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ փոխանցելու համար։ Նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան, և վաղը տեղի է ունենալու առաջին նիստը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930