Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ գործող Սահմանադրությունը պետության համար իրավական թյուրիմացություն է

Հոկտեմբեր 02,2026 12:30 Share

Իսկ նիկոլյան մշակվող սահմանադրությունը՝ ակնհայտ կապիտուլյացիա

Սկիզբը՝ «Առավոտ» օրաթերթի 12.09.2026-ում, 17.09.2026–ում

Քանի որ մենք գործ ունենք պետական նշանակության, թիվ 1 կարևորության իրավական փաս­տաթղթի նախագծման հետ, ապա այդ փաստաթղթի յուրաքանչյուր կետը, հոդվածը պետք է դրվի հանրային քննարկման, մասնագիտական ուղեղային անա­լիտիկ կենտրոն­ների կողմից բազմակողմանի ուսումնասիրության և նույնիսկ ռեֆերենդումի։ Արդյունքում, ստացված բոլոր հարյուրավոր ու հազարավոր առաջար­կությունները պետք է համադրվեն ու քննարկվեն և ապա ռեալ ու օնլայն քննարկումներից հետո մասնագիտական ուղեղային, անալիտիկ կենտրոնների կողմից արվի համապատաս­խան ընտրություն, որը կներկայացվի Սահմանադրական հանձնաժողովին։

Թե 2015 թ. և թե հատկապես 2026 թ.-ի նոր նախագծվող նիկոլա-ալիևյան սահմանադրության մեջ բացակայում են տիպային նախագծային աշխատանքների տրամաբանությունը ու հասարակական քննար­կումների ակնհայտ բացակայությունը։ Հասարակության կարծիքը բացարակապես շրջանցվում, անտեսվում է 2026 թ. սահմանադրական նախագծման, դեռևս այդ նախագծին ծանոթ չեն խորհրդարանական կառավարումով երկրի խորհրդարանի պատգամավորները։ Բնական է, որ թալանին ուղղված, ճահճացած համակարգում, երկրի պրոգրեսիվ զարգացման տրամաբանական մեխանիզմները, ալգորիթմներն ու նախագծերն անընդունելի են։ Եթե ՀՀ պետության ռազմաքաղաքական ստրատեգիական զարգացման ծրագիրը, որը ներկայացված է գործող սահմանադրության 86-րդ հոդվածում, պարունակում է առնվազն գյուղի կամ քաղաքի ծրագրի մակարդակ և նրանք հիմնականում նեղ սոցիալ-տնտե­սական բնույթի խնդիրներ են, ապա ինչ անհրաժեշտ նախագծային մակարդակի, տեխնիկական առա­ջադրանք­ների ու տեխնիկական նախագծերի մասին կարող է խոսք գնալ։ Այն, ինչ կատարվել է 2015 թ. ՀՀ Սահմանադրության հետ, նույնը կատարվում է նիկոլյան ու ալիևյան նոր սահմանադրության դեպքում, որը աբսուրդի ժանրից է, ուղղակի դրության կոմիզմ է, որը մեծ դժբախտության ու աղետի տեղիք է տալու։

Այս նույն տրամաբանության մեջ, մի խումբ ոչ կոմպետենտ մասնագետներ, ԱԴ նախարար Ս. Գալյանի գլխավորությամբ, ՆՓ-ի կողմից տրամադրված մեծ փողերի դիմաց, պատվեր են ստացել, որ գրեն նոր սահ­մանադրության նախագիծ, որի առանցքային, կարևորագույն մեխը պետք է լինի Ալիևի հակահայկական հրահանգների իրագործումը, այն է՝ «Անկախության հռչակագիրը» հանելը գործող սահմանադրության մեջից։ Նիկոլ Փաշինյանը գործող սահմանադրության նկատմամբ, բացի Ալիևի պահանջից, բացարձակորեն որևէ այլ պահանջ չունի։ Նիկոլ Փաշինյանի ծրագիրն այնպիսին է, որ նա հին սահմանադրության միջուկի վրա կանի մի քանի դեկորատիվ ցուցադրական կոսմետիկ փոփոխություններ և աճպարարի նման կհամարի, որ ունենք գրված բացարձակորեն նոր որակի սահմանադրություն, որի մեջ չի եղել ու չկա ոչ մի Հռչակագիր և վերջ։ Նոր սահմանադրության նախագծի մեջ, պսևդո­հանձնաժողովը ժողովրդից կկոծկի Ալիևի պահանջի առաջնայնության ֆոնը և այն կներկայացվի բթացրած ընտրազանգվածին. որպես ՆՓ-ի նոր «հաղթանակը»։

Կապված Նոր սահմա­նադրության հետ առնչվող իմ առաջարկություններին,   կարծում եմ, որ հիմնական փոփոխությունները կլինեն նորի անվան տակ, հին սահմանադրության փաթեթավորված տարբերակը, առանց անկախության հռչակագրի և դատաիրավական ոլորտներին վերաբերվող նոր տարբերակներ, նա­խա­գահական համակարգի  կողմից վերահսկողության ֆունկցիաների աննշան կոռեկտավորումը (որը բազմիցս առաջարկել եմ վարչապետին ու նախագահին), գուցե թե ընտրությունների ու կուսակցությունների ձևավորման խնդիրներին և ԱԺ-ի ձևավորման պրոցեսում «խորհրդարանական մեծամասնության» հասկացողության հետ կապված ավելի վատթարա­գույն տարբերակների մշակմանը։ Մի խոսքով, կգրեն այն, ինչ իրենց պետք է ու հարմար է։

Վարչապետին ուղղված 28.04.2026թ. 150/27863-2026 դիմումով բարձրացված հար­ցերին, զուգահեռ, 23.04.2026թ. դիմել եմ ՀՀ ԱԴ նախարար Ս. Գալյանին  և նրանց 14.05.2026թ. N 28.6/25115-2026 պատասխանը, ինչպես իմ կողմից առաջադրված հարյուրավոր առաջարկների պատասխանները, սկզբունքորեն եղել են նույնը, այն է՝ «առաջարկությունները ընդուն­վում են ի գիտություն»։ Ութը տարի շարունակ բոլոր առաջարկությունները դեռ չսկսված, ավարտվել են այս վերջաբանով։

Ես կրճատված տարբերակով, բայց բառացիորեն ներկայացնում եմ իմ վերջին նամակը, ուղղված Ս. Գալ­յանին, որպեսզի ընթերցողին պարզ լինի ՀՀ ՊԱԿՀ-ում, ԱԴ նախարարությունում և նոր սահմանադրական հանձնաժողովում տիրող փտած, ոչ կոնստրուկտիվ, անարդյունավետ, գործունեության մակարդակը։

Ահա այդ դիմումի անփոփոխ տեքստի միայն առաջին էջը։

«Տիկին Սրբուհի Գալյան, դուք վերջերս լրագրողների հետ հարցազրույցի ժամա­նակ, լրագրողների հարցերից դժգոհ, հարցնում էիք իրենց, թե ինչ պետք է ես անեմ, որ չեմ արել»։ Թույլ տվեք ես Ձեր  փոխարեն պատասխանեմ Ձեզ։

Ես Ձեզ և Վարչապետին (որը իմ նամակները հասցեագրել է Ձեզ) տասնյակ դիմումներ եմ հղել, որտեղ արձանագրված է, թե ինչ պետք է անեք Դուք և Վարչապետը «հզոր ՀՀ երկիր կառուցելու համար»։ Նշեմ Ձեր չարածներից մի քանիսը.

  1. 1. Ես Ձեր անունով, Ձեր ղեկավարած հանձնաժողովին եմ ուղարկել «նոր սահմա­նադրության» էսքիզային տարբերակները, որին հասել եմ 10-15 տարվա աշխա­տանքի արդյունքում։ Ինձ դրա համար ոչ ոք ոչինչ չի վճարել, ի տարբերություն Ձեր հանձնաժողովի անդամ­ների, որոնք երկար տարիներ չարված աշխատանքի դիմաց վարձատրվում են շռայլորեն։

Այդ նյութերը Ձեր մոտ կան, եթե չեք կարդացել՝ կարող եք կարդալ։

  1. 2. N 168475-2025 դիմումով, ես առաջ եմ քաշել կոնկրետ 7 առանցքային Սահմանադրական առաջարկություններ, որոնցից ոչ մեկի պատասխանը մինչև օրս չեք տվել։
  2. 3. Իմ բազում առաջարկություններից մեկը վերաբերում է հոդված 89-3 կետին, որին Ձեր հանձնաժողովը բացառիկ ուշադրությամբ անդրադարձել է 2025թ. մայիսին և09.2025թ. հանձնաժողովի նիստերում։

Այդ հոդվածի նկատմամբ, Ձեր բացառիկ ուշադրությունը, եթե բացատրեմ, որ իմ կողմից բազմապատիկ Ձեզ դիմելու հետ է առնչվում, կլինի անլուրջ (նույնիսկ ծիծաղելի), ուրեմն Դուք այդ հոդվածը աղավաղել եք Վարչապետի ցուցումով։ Այդ հոդվածի վերա­բերյալ Ձեր հանձնաժողովի ընդունած տարբերակը քանդում է ԱԺ-ի ու ՀՀ պետության կոնստրուկտիվ կառուցվածքի հիմքերը։

Ես 89.3 հոդվածի վերաբերյալ, ընդհանուր կոնտեքստում, բազմիցս Ձեզ ներկայացրել եմ իմ մոտեցումը և հարկ եմ համարում մի անգամ ևս այն ներկայացնել առանձին, շեշտված տարբերակով, որը կցված է այս դիմումին։

  1. Տրամաբանական կլիներ «Նոր սահմանադրության նախագծի» հանձնաժողովում տեսնել ալտերնատիվ, անալոգ սահմանադրական նախագծերի հեղինակների հետ, օրինակ, Պարույր Հայրիկյանին, Անդրիաս Ղուկասյանին և այլոց, որոնց հետ քննար­կումները օգտակար կլինեին առաջին հերթին Ձեր հանձնաժողովին»։ Մեջբերման ավարտը։

Ես կարծում եմ, որ ընթերցողը ռեալ ու ամբողջական պատկերացում կարող է կազմել, թե ինչպիսի նոր սահմանադրության հետ ենք մենք առնչվելու առաջիկայում և ինչպես են իշխանությունները վերաբերվում գործող ՊԱԿՀ-ի վերաբերյալ, սիստեմային անալիզի բազայի վրա արված առողջ ծրագրային առաջարկություններին։ Ակնհայտ է, որ հասարակության համար ստեղծվել է իշխա­նության կողմից ձևավորված բազմաշերտ պատնեշ, անհասանելիության բարիեր։

Տրամաբանական չէ՞, արդյոք, որ նոր սահմանադրությունը գրելուց առաջ, այդ նախա­ձեռնությունը առաջադրած իշխանությունը ու նրա կողմից ձևավորած նոր Սահ­մանադրական հանձնաժողովը, պետք է հասարակությանը բացատրի դրա  անհրաժեշ­տությունը և անխուսափելիությունը։ Բացատրի 2015թ. սահմանադրության ընդունումից հետ ՀՀ պետությունը,  կապված հին սահմա­նադրության հետ, ինչպիսի խորքային փոփոխու­թյուններ ու հզոր  պրոբլեմատիկ խնդիրների հետ է առնչվել։ ՆՓ-ն, որն իր խոսքերով ասած,  «իշխանությունը ինքն է», մինչ օրս ոչ մի հիմնավորում, փաստարկ ու փաստ չի բերում սահմանադրության փոփոխման հիմնավորման կապակցությամբ, սակայն «Ալիևի պահան­ջը ՆՓ-ի համար ոչ միայն օրենք է, այլև սահմանադրական  փոփոխություն»։

Ըստ վերևում նշված նախագծման տրամաբանական ալգորիթմի ու առողջ դատողության, նոր սահմանադրական հանձնաժողովը պետք է ձևակերպի 2015թ. սահմա­նադրությունից հետո պետության առաջ ծառացած հրատապ ստրատեգիական խնդիրների ցուցակը, որը պարտադրում է ՀՀ պետությանը գնալու սահմանադրական փոփոխության, որը կապված է ահռելի բյուջետային ծախսումների հետ։ Ի՞նչ է, նոր սահմանադրական հանձնաժողովը ունի՞ արդյոք հոդված 86-ում զետեղված ՀՀ պետության քաղաքական ծրագրերին փոխարինող ծրագրային նոր փաթեթ։ Ես կարծում եմ, որ ոչ, սակայն եթե իմ առաջարկած ծրագրերը  պատահաբար կարողացել են ճեղքել իշխանական անգրագիտու­թյան պատնեշը, ապա հնարավոր է, որ իմ առաջադրված ծրագրերից, խնդիրներից մի քանիսը տեղ գտնեն 86-րդ հոդվածում։

Ակնհայտ է, որ իշխանությունը չի ուզում և տեխնիկապես պատրաստ չէ սահ­մանադրական փոփոխությունների, սակայն Ալիևին մերժելը ՆՓ-ի համար համարժեք է խաղաղության պայմանագրի տապալումով, որը իր բովանդակությամբ ՀՀ պետության կապիտուլացման (դեմիլիտարիզացման, դենացիոնալիզացման, դեմարալի­զաց­ման ու դեգրադացման ծրագրերի կոմպլեքս-պահանջ է) կամ ՀՀ-ը միանշանակ լուծարման տանող պայմանագիր է։

Հայ ժողովրդին, հոդված 86-ի փոխարեն, անհրաժեշտ է լուծի վերևում արձանագրված, ՀՀ պետության համար ռազմաքաղաքական, սոցիալ-տնտեսական նշա­նա­կության ստրա­տեգիական խնդիրները։ Այդ խնդիրներից յուրաքանչյուրը պետք է ՊԱԿՀ-ի ստրուկտուր-ֆունկցիոնալ կառուցվածքում ունենա իր կատարողական, ավտոնոմ գործող կառավարման մեխանիզմները և դրանց հսկման ու կառավարման սահմանադրական հոդվածները, նորմերը, որոնց սինխրոն համագործակցության արդյունքում էլ կծնվի «Հզոր ՀՀ պետությունը»։

Հրայր ԽԱՌԱՏՅԱՆ

 տեխ. գիտ. թեկնածու, թոշակառու

«Առավոտ» օրաթերթ
01.10.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել