Լրահոս
Արցախի կլանումը-2
Օրվա լրահոսը

Արցախի կլանումը-2

Նոյեմբեր 20,2026 13:00 Share
Աջակցեք aravot.am-ին

Սկիզբը՝ «Առավոտ» օրաթերթի 13.11.2026թ. համարում

2018 թ.-ին ինչո՞ւ չգնացինք ընդառաջ և այսօր Արցախը իր 7 շրջանների հետ միասին (դեռ մի բան էլ ավելին) կմնային հայկական տարածքներ։ Ինչո՞ւ բաց թողեցինք այդ շանսը, ինչո՞ւ հասարակությունը տեղեկացված չէ այս տարբերակի մասին և ո՞վ է մեղավոր այդ շանսը չօգտագործելու համար։  Եվ ինչ տեղի ունեցավ հետո։ Ադրբեջանը ԱՄՆ-ի կողմից ստացավ Արցախի վրա հարձակման կանաչ լույս, ֆինանսական և ռազմական (Իսրայելի կողմից 6 մլրդ զենք) հսկայական օգնություն։ Ադրբեջանը բացի ռազմաօդային բազայից, ԱՄՆ-ին խոստացավ Արցախի բնական հազվագյուտ ռեսուրսների զգալի մասը։ Ադրբեջանը կանգնեց ուժեղի կողքին և շահեց ամեն ինչ, իսկ մենք հույսներս կապեցինք թույլ ՌԴ-ի հետ և կորցրինք ամեն ինչ։ Այս քաղաքական կոմբինացիայի արդյունքում թուրք-ադրբեջնական տանդեմն իր թիկունքում ձևավորեց հակաիրանական, հակահայկական ԱՄՆ-Իսրայել-Անգլիա-Թուրքիա-Պակիստան կոալիցիոն բլոկը։ Ադրբեջանի համար Արցախի դեմ ռազմական ագրեսիան սկսելուց առաջ, Ադրբեջանի համար շատ կարևոր էր ՌԴ-ի հզոր պաշտպանական, հովանավորչական ազդեցության չեզոքացումը՝ ՀՀ-ի նկատմամբ։ Առանց ՌԴ թողտվության բացառվում էր Արցախի կլանումը Ադրբեջանի կողմից։ 2008թ. ՌԴ-Վրաստան կոնֆրոնտացիայի հետևանքները լավ ըմբռնելով, Ալիևը հասկացավ, որ առանց ՌԴ-ն իր կողմը գրավելու, Արցախի խնդիրը հնարավոր չի լուծել։ Տանդեմը գործի գցեց իր քաղաքական կեղտոտ խաղերի, թուրքական դասական խարդավանքների մեխանիզմը, արդյունքում ՌԴ-ՀՀ, ՀԱՊԿ ռազմաստրատեգիական պայմանագրերը Պուտինի հաշվարկման համակարգում կորցրին իրենց բովանդակությունը և ազդեցությունը։ 2010թ. կնքվեց ՌԴ-Ադրբեջան ռազմա-ստրատեգիական ծավալուն պայմանագիրը, համաձայն որի՝ ՌԴ-ն դառնում էր Ադրբեջանին հարձակողական զենքի ամենամեծ մատակարարողը։ 2022թ. փետրվարի  22-ին՝ ուկրաինական պատերազմի սկզբից 2 օր առաջ, ավելի խորացրին այս համաձայնագիրը։ Ձևավորվեց թուրք-ադրբեջան-ռուսական 2-րդ հզոր կոալիցիան՝ ուղղված ՀՀ-ի և Արցախի դեմ։ Այս կոալիցիային միացավ նաև Բելառուսը, մեծ ծավալով հարձակողական հրթիռներ տալով Ադրբեջանին։ 3-րդ կոալիցիան չինական մետաքսի ճանապարհի տրամադրումն էր, որի համար ըստ որոշակի բլոգերների հղումի, Չինաստանը Թուրքիային անհատույց տրամադրել էր 8 մլրդ դոլար։ Մետաքսի ճանապարհի կապակցությամբ Ադրբեջանը ձևավորեց Չինաստան-Ղազաղստան (պլյուս ՀԱՊԿ-ի թուրքալեզու երկրներ) կոալիցիան։ Ադրբեջանը քաղաքական շախմատի ճշգրտությամբ ՀՀ-ի ու Արցախի շուրջը ձևավորել էր 3 հզոր կոալիցիոն բլոկներ, որոնք անակոնդայի սկզբունքով պատրաստ էին փաթաթվել ու խեղդամահ անել խեղճ ու կրակ Արցախին։ Թուրք-ադրբեջանական տանդեմը մեծ հմտությամբ կարողացել էր իր շուրջը խմբավորել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամներից չորսին՝ ԱՄՆ, Անգլիա, Չինաստան, ՌԴ։ Իսկ Ֆրանսիայի հետ, Արցախի պատերազմից առաջ, Արցախի ոսկու հանքերը հիմնականում տրամադրել նրան ու էլ չասած, որ ֆրանսիական «Տոտալ» նավթային հզոր կոմպանիան մեծ ծավալներով, անարգել մինչև օրս գործում է Ադրբեջանում։ Փաստացի, աշխարհի բոլոր հզորագույն երկրները, որոնց ընդհանուր բնակչությունը կազմում է  2,5 մլրդ մարդ, համախմբվել էին ԹԱՏ-ի շուրջը, ընդամենը 3 մլն հայերի դեմ, փոքրիկ Արցախը կլանելու սև գործը իրականացնելու համար։ Հիշեցնեմ նաև կարևոր մի հանգամանք, որ գործում էր նաև 4-րդ կոալիցիան։ Դա Փաշինյան-Ալիև-Էրդողան-Պուտին ռեգիոնալ «ուղեղային կենտրոնն» էր, որը գործում էր Արցախի կործանման հստակ ծրագրերով, սինխրոն նպատակաուղղված գործիքակազմով։ Աշխարհի համար Արցախը գորշ, իզորացված զոնա էր, կտրված տրանսկոնտինենտալ տրանսպորտային և էներգետիկ ցանցերից։ Աշխարհի հզորագույն ուժերն իրենց շահերի հետևից գնալով, այս եղանակով լուծեցին 33 տարի շարունակ, իրենց համար գլխացավանք համարվող Արցախի խնդիրը։ Ես համոզված եմ, որ Արցախի խնդիրը լուծված չէ և այդ խմորը դեռևս շատ ջուր կքաշի։

Հրայր Խառատյան

Տեխ. գիտ. թեկնածու, Կառավարման տեսության մասնագետ

«Առավոտ» օրաթերթ
19.11.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել