Հոկտեմբերի 26-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը վարչական բողոք էր ներկայացրել Երևանի քաղաքապետին՝ թիվ 95 մանկապարտեզի բակի բարեկարգման նախագծով նախատեսված սահմանազատման և դրա հետևանքով տասնամյակներ շարունակ օգտագործվող հետիոտնային արահետի հնարավոր փակման վերաբերյալ։
Կրթահամալիրում կարծում են, որ խոսքը կրթական հաստատությունները միմյանց և բնակելի թաղամասին կապող բաց, կանաչ, անվտանգ ու ներառական միջավայրի մասին է, որից ամեն օր օգտվում են սովորողները, ծնողները, մանկավարժները, թաղամասի բնակիչները, տարեցները, մանկասայլակներով և սահմանափակ շարժունակությամբ անձինք։ Վարչական բողոքով պահանջվում է պարզաբանել նախատեսված սահմանազատման իրավական և փաստական հիմքերը, ճշտել հողամասերի սահմաններն ու արահետի իրավական կարգավիճակը, վերանայել վիճելի նախագծային լուծումները և ապահովել հանրային օգտագործման արահետի անխոչընդոտ պահպանումը։ Խնդիրը առայսօր մնում է առկախ։
Այսօր Aravot.am-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից մեկ այլ հարցով են ահազանգել։ «Այսօր տեսել ենք, թե ինչպես է պարտեզի վարչական ղեկավարությունը հատել ծառերը, ինչը ինձ՝ որպես բնապահպանի և կրթահամալիրի աշխատակցի, մտահոգել է։ Անհայտ է, թե ինչ են անելու հետո, որովհետև, ըստ նախագծի, տարածքը պետք է բետոնապատվի… COP17 են անում, երկրում, բայց նույն իրականության մեջ կանաչը հատում են և ողջ տարածքը աղբի մեջ կորցնում»,- մեզ հետ զրույցում նշեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշխատակից Անահիտ Կիրակոսյանը։
Կարդացեք նաև
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ
























































