Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում սկսվել են կոմպոզիտոր Շուշան Սարգսյանի երկու մոնոօպերաների՝ «Reflections» և «Dialogue» փորձերը։
Ինչպես տեղեկացրել էր Aravot.am-ը, ընթացիկ տարվա գարնանը օպերային թատրոնը ներկայացրեց համաշխարհային պրեմիերա՝ Ֆրանսիս Պուլենկի, ըստ Ժան Կոկտոյի լիբրետոյի, «Մարդկային ձայնը» մոնոօպերան՝ եվրոպական մասնագիտական մամուլի որակմամբ՝ մարդկային ստեղծագործականության և արվեստի խորհրդանիշ բեմադրող-խորեոգրաֆ Անդրեյ Կայդանովսկիի ռեժիսուրայով, մաեստրո Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ։
Հիմա անդրադառնանք Շուշան Սարգսյանի մոնոօպերաներին, որոնք նույնպես համաշխարհային պրեմիերաներ են։ Նշենք, որ սա կոմպոզիտորի առաջին համագործակցությունն է օպերային թատրոնի հետ։ Իսկ մենք ժամանակին անդրադարձել ենք այս հեղինակի արվեստին և պետք է բարձրաձայնենք, որ նա հնչեղ անուն է արտասահմանում։ Եվ որպես ասվածի վկայություն՝ մեկ-երկու փաստ բերենք։ 2022 թվականին կոմպոզիտորը մասնակցել է Կաննի 75-րդ և Վենետիկի 79-րդ միջազգային կինոփառատոներին՝ ներկայացնելով իր ստեղծագործությունները։ 2024 թվականին հեղինակել է «Jamais» ստեղծագործությունը՝ նվիրված Շառլ Ազնավուրի հարյուրամյակին։
Կարդացեք նաև
2025 թվականին Կաննի 78-րդ միջազգային կինոփառատոնում ներկայացվել է նրա երաժշտությամբ «Relikvia» կարճամետրաժ ֆիլմը։ Եվ ահա, նույն թվականին կոմպոզիտորի վերոնշյալ մոնոօպերաները ներկայացվել են «Grammy» երաժշտական մրցանակաբաշխությանը՝ «Լավագույն ժամանակակից դասական երաժշտություն» անվանակարգում։ Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ արվեստագետը համագործակցում է դասական երաժշտության ոլորտում համաշխարհային հեղինակություն ունեցող մենակատարների և դիրիժորների հետ։
Շուշան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ խնդրեցինք նրան հակիրճ ներկայացնել իր մոնոօպերաները, մանավանդ որ, ըստ արտասահմանյան մամուլի դիտարկման՝ այդ ստեղծագործությունները կամերային վոկալ դրամատուրգիայի նորարարական մոդելներ են, որոնք արտահայտում են իմաստի հիմնական կրողը հանդիսացող ավանդական տեքստից հրաժարումը և անցումը դեպի հնչյունային արտահայտչականությունը՝ որպես գլխավոր արտահայտչամիջոց։ Ըստ էության, համաշխարհային օպերային գրականության մեջ հայ կոմպոզիտորն առաջինն է ստեղծում յուրահատուկ տարածություն, որտեղ վոկալ տեմբրի, ինտոնացիայի, արտասանության և գործիքային ակուստիկայի փոխազդեցությունը ձևավորում է երաժշտական պատումի նոր ձևեր՝ կառուցելով հնչյունային թատրոնի առանձնահատուկ տեսակ։
«Reflections» մոնոօպերան մեկ գործողությամբ ստեղծագործություն է՝ գրված սոպրանոյի համար։ Այս երկի մեջ նկարագրվում է կնոջ ներաշխարհը, նրա ապրումները, աշխարհընկալումը՝ իր էության հետ բախման արդյունքում ծնված հույզերն ու դրանց արտացոլումը։ Ու թեև ստեղծագործությունը հստակ բաժանված չէ առանձին մասերի, այն պայմանականորեն կարելի է բաժանել երեք պատկերների, որոնք արտահայտում են հերոսուհու տարբեր հոգեվիճակները։ Իսկ «Dialogue»-ն աննախադեպ է նրանով, որ երաժշտության պատմության մեջ առաջին անգամ գրվել է տղամարդու ձայնի՝ բարիտոնի համար։ Սա կնոջ և տղամարդու խորը ապրումների, բախումների, ցավի և մեծ սիրո մասին է, ինչն արտահայտվում է ձայնի ու երաժշտության միջոցով՝ առանց սովորական բառերի և տեքստի. օգտագործված են այբուբենի հնչյունները», — ի պատասխան մեր հարցի՝ ասաց կոմպոզիտորը։
Մոնոօպերաների բեմադրությունը վստահված է Բեռլինում բնակվող ու ստեղծագործող բեմադրիչ և խորեոգրաֆ Լառա Ա. Տրայխելին։ Այս հրավիրյալ արվեստագետը նույնպես առաջին անգամ է բեմադրություն իրականացնում Երևանի օպերային թատրոնում, հետևաբար նրան խնդրեցինք նախ համառոտ ներկայացնել իր ստեղծագործական ուղին՝ տեղեկացված լինելով, որ վերջինս ձգվում է քառորդ դարից ավելի։
«Այո, ունենալով ավելի քան 25 տարվա մասնագիտական փորձ երաժշտական, դրամատիկ թատրոնների և պարի ոլորտներում՝ համագործակցել եմ Ռուսաստանի «Բոլշոյ», Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան Մոսկվայի ակադեմիական երաժշտական, Մայակովսկու անվան թատրոնների, Եվգենի Պանֆիլովի բալետի, Սվերդլովսկի երաժշտական կոմեդիայի, Օմսկի պետական երաժշտական, Նովոսիբիրսկի «Գլոբուս», Խարկովի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնների և նման այլ օջախների հետ։ Շուրջ վեց տարի է, որ ընտանեկան հանգամանքների բերումով տեղափոխվել եմ Բեռլին, որտեղ և շարունակում եմ գործունեությունս։ Իսկ բեմադրություններս միավորում են երաժշտությունը, բեմական գործողությունը, ժամանակակից խորեոգրաֆիան և վիզուալ արվեստը։ Ռեժիսուրայիս մեթոդի հիմքում էլ երաժշտական դրամատուրգիան է, որտեղ շարժումը, տարածությունն ու վիզուալ պատկերները դառնում են միասնական երաժշտաթատերական լեզվի անբաժանելի մասը։ Ասեմ նաև, որ մեծ ոգևորությամբ ընդունեցի ձեր օպերային թատրոնի տնօրեն մաեստրո Դուրգարյանի հրավերն այս հոյակերտ շինությունում պրեմիերային ներկայացում իրականացնելու համար», — հայտնեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ իր աշխատանքներն այսօր էլ շարունակում են իրենց կյանքը եվրոպական շատ երկրներում, այդ թվում՝ Ֆրանսիայում, Լեհաստանում, Լիտվայում և այլն։
Մենք էլ համոզված ենք, որ սա այն դեպքն է, երբ պետք է բարձրաձայնել արվեստագետի բազում պարգևներից այս մեկը՝ «ամենախոսունը»․ Լառա Ա. Տրայխելին Ռուսաստանի ազգային թատերական «Ոսկե դիմակ» մրցանակի դափնեկիր է՝ «Casting Off» ներկայացման համար։ Իսկ մոնոօպերաների հայաստանյան պրեմիերան նախատեսված է նոյեմբերի 4-ին։ Այդ երեկո կներկայացվի նաև մեր երաժշտասեր հանրության կողմից ջերմորեն ընդունված Պուլենկի «Մարդկային ձայնը» մոնոօպերան ևս։
Սամվել Դանիելյան






















































