Համաշխարհային օպերային գրականության մոնոօպերաների գլուխգործոց հանդիսացող՝ Ֆրանսիս Պուլենկի «Մարդկային ձայնը», ըստ Ժան Կոկտոյի լիբրետոյի, պրեմիերայից 67 տարի անց, առաջին անգամ այս գարնանը, Երևանի օպերային թատրոնում ներկայացավ նոր ձևաչափով՝ պարային օպերայի, որին անդրադարձել էր Aravot.am-ը։ Հիշեցնենք, որ, ըստ էության՝ համաշխարհային երևանյան պրեմիերան միջազգային ստեղծագործական թիմի արդյունք էր․ բեմադրող-խորեոգրաֆ, աշխարհահռչակ Անդրեյ Կայդանովսկի, ռուս արվեստագետներ՝ մեցցո-սոպրանո Յուլյա Մատոշկինա, պարուհի Դարյա Պավլենկո, հագուստների ձևավորող ու բեմանկարիչ Թոմաս Միկա (Գերմանիա), լուսային նկարիչ Ալեքս Բրոկ (Ավստրիա), օպերային թատրոնի նվագախումբ (կոնցերտմայստեր՝ Գայանե Աբրահամյան), երաժշտական ղեկավար, մաեստրո Կարեն Դուրգարյան:
Ի դեպ, «Մարդկային ձայնը» համարվում է նաև մոնոդրամայի չափանիշ: Ժան Կոկտոյի լիբրետոն տեղայնացրել են Պեդրո Ալմոդովարն իր «Ցանկության օրենքը» ֆիլմում (1987թ.), 2020-ին էլ կարճամետրաժ տարբերակում՝ Թիլդա Սուինթոնի մասնակցությամբ: Ժամանակակից թատերական մեկնաբանություններից էլ առանձնացնենք Ելիզավետա Մորոզի բեմելը Բոլշոյի դրամատիկական թատրոնում, որտեղ մենախոսությունը լրացվում է դրամատիկ դերասանուհու և դաշնամուրի համար նախատեսված երաժշտական ձևավորմամբ:
Կարդացեք նաև
Օրերս «Մարդկային ձայնը» պարային օպերայի ներկայացմանը բեմում արդեն մեր արտիստներն էին՝ մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը և ճապոնացի բալետի արտիստ Կանա Սեմբան, դիրիժորական վահանակի մոտ կրկին մաեստրո Դուրգարյանն էր: Նշենք, որ մեր արտիստները նույնպես մասնակցել են բեմադրող-խորեոգրաֆ Անդրեյ Կայդանովսկու բեմադրական փորձերին։ Իսկ այս անգամ, ներկայացումից առաջ, նրանց հետ փորձերն անցկացնում էր Կայդանովսկու ասիստենտը՝ օպերային թատրոնի ռեժիսորական ղեկավարման մասի համակարգող Արա Ասատուրյանը։
Հիմա անդրադառնանք պարային օպերայի մեր արտիստների մեկնաբանությանը։
Եվ քանի որ բեմադրության մեջ արտաքին գործողություն չկա, ամեն ինչ կենտրոնացած է արտիստների ներքին դրամայի բացահայտման վրա, նրանց գործը իսկապես բարդ է։ Երգչուհին ու պարուհին լրացնում են մեկը մյուսին՝ նույն ասելիքով, մենախոսության նույն տեքստով։ Ամբողջ ներկայացման գործողությունը բաղկացած է երկար հեռախոսազրույցից բացակա զուգընկերների հետ, տղամարդկանց ձայնը լսելի չէ, սակայն վոկալի ու պարային շարժումներով արտիստները միանշանակ կարողացան վարպետորեն տեղ հասցնել իրենց հերոսուհիների կարգավիճակի էությունը։ Նրանք խենթորեն սիրահարված են, լցված խանդի աննկարագրելի չափաբաժնով, որից ելնելով միայն մեկ անգամ դիմում են խորամանկության՝ օգնության ձեռք մեկնելով իրենց տղամարդկանց, որպեսզի նրանք խոստովանեն ստելը և խնայեն իրենց այդ ողորմելի և անպարկեշտ հիշողությունը։
Դերասանուհիների կերպարների մեկնաբանություններն իսկապես արժանի են գովեստի ամենաբարձր որակումների։ Իսկ հայ հանդիսատեսի պատրաստված ու պրոֆեսիոնալ լինելուն, ինչը մշտապես բարձրաձայնում են մեր երկիր հյուրախաղորդ արտիստները, ականջալուր եղանք թատրոնի ճեմասրահում։ Ընդամենը մի միտք ներկայացնենք առանց միջամտության ու մեկնաբանության. «Ահավոր է խանդոտ լինելը, բայց բոլորս էլ ունենք դրանից։ Ես լավ եմ հիշում ռուս արտիստների խաղը, մեկնաբանությունը։ Այս երգչուհու ու պարուհու մոտ էլ կար ուժեղ խանդի դրսևորում, բայց նրանք խուսափեցին վիրավորված կնոջը բնորոշ իրոնիայի, սարկազմի կամ կծու այլ արտահայտությունների դրսևորումից, նույնիսկ դրա նշույլներից»։
Ներկայացնենք հանդիսականի ընդունելությունից ոգևորված արտիստների՝ մեզ հետ զրույցից խմբագրված խոսքը. «Մարդկային ձայնը» սիրո յուրօրինակ օրհներգ է, որն ինձ համար հսկայական հուզական և վոկալ ցնցում է: Երբ հանդիպում ես նման անհավանականորեն գեղեցիկ ու բարդ երաժշտության, սկսում ես որոնել քո մեջ… և հասկանում ես, որ կարող ես այս ժայռից կես ճանապարհին ընկնել…, բայց կարծում եմ, որ մենք թափանցել ենք երաժշտության մեջ, մենք այդ կապին հասել ենք նոտաների միջոցով: Եվ թույլ տվեք ասել, որ դա մեզ հաջողեց»,- հայտնեց Վարսենիկ Ավանեսյանը:
«Ոգևորված եմ, որ «Պարային օպերա» ժանրի համաշխարհային պրեմիերան կայացավ Երևանում, մեր թատրոնում: Շնորհակալական խոսքերս ու շնորհավորանքներս՝ այս նախագծում ընդգրկված բոլոր արվեստագետներին, հանդիսատեսին։ Պարարվեստում հասկանալի պատճառով ամենից շատ հուզում է նվագակցությունը։ Իմ և երգչուհու արտահայտիչ պարտիաները, որոնցում մեղեդին փոխանցում է հերոսուհիների հոգեվիճակի նրբերանգները, հարուստ նվագախմբային տեմբրերի միջոցով բացահայտում են այս կանանց տառապանքի ու երջանկության կարոտի թեման։ Բրավո, նվագախմբի երաժիշտներին, մաեստրո Դուրգարյանին»,- ասաց Կանա Սեմբան։
Սամվել Դանիելյան























































