Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում բորբոքվել էր գիտության ոլորտի ֆինանսավորման մասին խոսելիս՝ նշելով, թե տպավորություն է, որ ինչ-որ մեկը զենքը պահել է իրենց վրա ու պահանջում է ավելացնել ֆինանսավորումը։ Նրա խոսքով՝ թեև 2018-ից սկսած գիտության ֆինանսավորումը եռապատկվել է, սակայն գիտության ոլորտի մարդիկ այդ մասին չեն խոսում, այլ շարունակում են նամակներ ուղարկել՝ ֆինանսավորումն ավելացնելու պահանջով։
Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն է խնդրել «Գիտուժ» նախաձեռնության անդամ, «Ռոբոմարտ» ընկերության համահիմնադիր և տեխնոլոգիական տնօրեն Տիգրան Շահվերդյանից։
«Մենք որևէ նամակ չենք գրել կառավարությանը, հայտարարություն ենք արել և ԱԺ-ին կոչ ենք արել հատկացնել այն գումարները, որոնք կառավարության ռազմավարական ծրագրով նախատեսվում էին 2027 թ.-ին, իսկ կառավարությունից պահանջել ենք, որպեսզի իրենք իրենց ընդունած, կառավարության որոշմամբ փաստաթղթավորված ռազմավարական ծրագիրն իրագործեն։ Բյուջեի այն թիվը, որ իրենք ներկայացրել են, փաստացի այդ ծրագրից խուսափում է նշանակում»,- ասաց Տիգրան Շահվերդյանը։
Ինչ վերաբերում է վարչապետին ուղղված նամակներին, այս մասին էլ նշեց. «Մենք գիտենք, որ ավելի քան 240 գիտնական բաց նամակ է հղել, ուրիշ նամակի մասին տեղյակ չենք »։
Կարդացեք նաև
Գիտության ոլորտի ֆինանսավորման եռապատկման վերաբերյալ փաստարկի մասին էլ Տիգրան Շահվերդյանն ասաց. «Չի եռապատկվել, 14.3 մլրդ դրամից դարձել է 32.8։ Ամեն դեպքում ավելացել է։ Եվ զարմանալի է, որ ոչ մի արձագանք այդ ավելացումների մասին վարչապետը չի նկատել։ Ես կոչ եմ անում հետևել մեր ֆեյսբուքյան էջին և հայտարարություններին, համայնքի անդամների հարցազրույցներին, որտեղ բազմիցս ողջունել ենք և դրական փոփոխությունները կոչել ենք իրենց անուններով։ Բայց նաև բացասականներն ենք նշել, բացակայող որոշումները, որովհետև մեր արժեքներից մեկն է՝ լինել փաստահեն։
Իսկ զարմանքը, թե ինչու է նման ռեակցիա առաջացել իր մոտ, մի քիչ անհասկանալի է։ Կառավարությունն է բյուջեն ուղարկել Ազգային ժողով, որում պակասում է իր իսկ ընդունած փաստաթղթավորված ծրագրի համար անհրաժեշտ գումարը։ Այնպես որ, դեռ այս հարցով շահագրգիռ մարդիկ պետք է զայրանան և վրդովեն։
Դրականը, սակայն, այսօրվա ելույթից այն է, որ նախ այդ հանդիպման հետ կապված՝ տարվա ընթացքում ինչ-որ ավելացում է տեղի ունենում վերաբաշխման միջոցով, որը ընդհանուր առմամբ ստացվում է 3,4 միլիարդի ավելացում տարվա ընթացքում, չնայած խոսվում էր հավելյալ 7,4 միլիարդի պահուստավորված գումարի մասին, որը պետք է հատկացվի կարիքի դեպքում։
Մեր տվյալներով՝ արդեն քանի ամիս է՝ կան այդ ծրագրերը, որոնց վրա հնարավոր էր այդ ամենը ծախսել՝ մասնավորապես գիտական սարքերի գնման համար։ Եթե չեմ սխալվում, արդեն 4 միլիարդի պայմանագրեր կան։ Եթե դա արվեր մի քանի ամիս առաջ, կարող էինք ակնկալել, որ մինչև տարվա վերջ այդ սարքերը կգան, և այդ գումարները կվճարվեն, և հետո չեինք խոսի թերակատարման մասին։ Այժմ հասել ենք տարվա վերջին: 1,5 միլիարդը, որ հատկացվեց սարքերի համար, իրականում ողջունելի է, գործընթացները կսկսվեն, բայց, ամեն դեպքում կլինեն խոսակցություններ, քանի որ բոլոր մարդիկ գիտեն, որ սարքավորումը մեկ օրում չի հասնում։ Պետք է մի քիչ իրականությունը ճիշտ գնահատել, որ հետո չխոսենք թերակատարումների մասին։ Այնպես որ, այս տարի այդ 7,4 միլիարդը այդպես էլ չտեսանք, առայժմ տեսնում ենք 3,4 միլիարդը»։
«Գիտուժի» անդամը հավելում է. «Ողջունելի է նաև այն, որ վարչապետն այսօր իր խոսքում ևս մեկ անգամ վերահաստատեց, որ ռազմավարական ծրագիրը իրագործելու են, և ՀՆԱ-ի 0,75%-ին են հասցնելու պետական ներդրումները գիտության մեջ։ Հիմա հարց՝ եթե տրամադրված եք, վերահաստատում եք, ինչո՞ւ ձեր բյուջեն՝ ձեր առաջարկած բյուջեի նախագիծը, դա չի արտացոլում։ Երկրորդն այն է, որ պատրաստ ենք ձեզ հետ համագործակցել, որպեսզի այդ ծրագիրն իրագործվի։
Հիմա ակնկալում ենք՝ որ ԱԺ-ն այդ փոփոխությունը կանի, որպեսզի 2027-ի համար հատկացումները համապատասխանեն կառավարության ծրագրին։ Եթե կառավարությունը վերահաստատում է, որ անելու է այդ ամենը, ուրեմն դիմեք ԱԺ-ին, որ ինչ-որ սխալ է եղել, որ այդ գումարները չեն նախատեսվել հաջորդ տարի այդ ծրագրի տակ դնելու համար։
Փաստացի կառավարության առաջարկած բյուջեի նախագծում մոտ 1,5 միլիարդի ավելացում է նախատեսվում մյուս տարի՝ այս տարվա սկզբին հաստատված բյուջեի համեմատ, բայց կառավարության ծրագրի միջոցառումների ցանկը՝ ըստ տարիների, վերլուծելու դեպքում երևում է, որ 2027 թ.-ին 12-21 միլիարդի ավելացում պետք է ակնկալել։ Խնդրեմ, լուծեք այդ հարցը»։
Տիգրան Շահվերդյանը նաև փաստեց, որ տարեսկզբին գնահատական են տվել ռազմավարական ծրագրին՝ դրական և բացասական կողմերով. «Այն բացեր ունի: Հայաստանում ինստիտուցիոնալ բաց կա այն հարցում, թե ինչպես ենք պետության կողմից պատվիրում գիտական հետազոտություններ և տեխնոլոգիական մշակումներ, որոնք միտված են պետության խնդիրների լուծմանը և կարիքների բավարարմանը։ Վարչապետն ընդունել է, որ այդ խնդիրը կա, և պայմանավորվել ենք միասին աշխատել։ Մինչև մայիսի կեսերը արդյունավետ աշխատել ենք այն ուղղությամբ, թե Հայաստանում ինչպես պետք է փակվի ինստիտուցիոնալ բացը, սակայն դրանից հետո աշխատանքը կանգած է»։
Տիգրան Շահվերդյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



















































