Արդեն երկրորդ տարին է, ինչ «Արմենիա թրի փրոջեքթ» բարեգործական հիմնադրամն իր գործունեության մեջ ավելացրել է նաև արոտավայրերի բարելավման գործողությունները։
«Ծրագիրը պիլոտային է, բայց շատ կարևոր քայլ է։ Տարբեր մասնագետների և տարբեր հաշվետվություններով մենք տեղեկանում ենք, որ Հայաստանում բոլոր արոտավայրերն ինչ-որ չափով դեգրադացված են։ Արոտավայրերի դեգրադացումից է կախված մեր երկրի պարենային ինչ-որ մի հատվածի հարցը։ Եվ «Արմենիա թրի փրոջեքթ» բարեգործական հիմնադրամն արդեն անտառապատմանը զուգահեռ, իրականացնում է նաև արոտավայրերի բարելավման ծրագիր։ Մենք առաջին փորձը իրականացրել ենք Շիրակի մարզի Մեծ Սարիար համայնքում, որը 200 հեկտար է, չորս տարվա ծրագիր է։ Այս տարի բարելավում ենք իրականացրել 100 հեկտար մակերեսով, որն ինքն ունի ամբողջական շղթա՝ տարածքի քարերի հավաքից մինչև հողի հանքային շերտի հարստացում, պարարտացում, էլեկտրական հովիվների անցկացում եւ այլն։ Մյուս հարյուրը կիրականացնենք 2027 թվականի գարնանից»,- «Սերմից՝ անտառ» մեդիա ճամփորդության շրջանակում լրագրողների հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց «Արմենիա թրի փրոջեքթի» անտառային ծրագրերի ղեկավար Վահե Մացակյանը։
«Արմենիա թրի փրոջեքթը» 30 տարի ի վեր Հայաստանում զբաղվում է անտառների ստեղծմամբ, կանաչապատման ու կանաչ տարածքների պահպանման գործունեությամբ։

Կարդացեք նաև
Հայաստանը համարվում է սակավանտառ երկիր, բայց Վահե Մացակյանը նկատում է՝ միաժամանակ Հայաստանն ունի բավականին մեծ եւ հարուստ կենսաբազմազանություն, ինչը երկրի ամենակարևոր գործոններից է։ Հայաստանյան անտառներում 300-324 տեսակի ծառուբույս կա։
«Մեր երկիրը լեռնային բարդ ռելիեֆ ունի, որտեղ ուղղաձիգ գոտիականությունը շատ վառ արտահայտված է։ Ոչ բոլոր դեպքերում է հնարավոր նույն ծառատեսակներով անտառ ստանալ։ Կարևոր է հասկանալ՝ որտեղից հավաքված սերմով ենք ստանում տնկանյութը և որտեղ ենք այն կիրառելու։ Հայաստանում նույն աշխարհագրական գոտում տնկարան ունենալն ու այնտեղ աճեցված տնկանյութը բոլոր մարզերում կիրառելը հնարավոր չէ։ Մեր չորս տնկարանների նպատակն է տարբեր կլիմայական գոտիների համար ստեղծել համապատասխան տնկանյութ, որը կիրառելի կլինի տարբեր պայմաններում»,- մանրամասնեց Վահե Մացակյանը։

Պատասխանելով անտառհատումների և անտառածածկի փոփոխության մասին Aravot.am-ի հարցին, Վահե Մացակյանը նշեց, որ իր գնահատմամբ՝ Հայաստանում հատումների ծավալին համապատասխան անտառային տարածքների վերականգնում է իրականացվել, այլ հարց, թե ի՞նչ ծառատեսակներով են վերականգնվել այդ տարածքները։
«Արմենիա թրի փրոջեքթ» բարեգործական հիմնադրամն անցած տարի տնկել է 1 միլիոն ծառ՝ անտառպատման ծրագրի շրջանակում, որը կազմել է 250 հեկտար։
Այս տարվա պլանը 200-210 հեկտարն է։ Եկող տարվա պլանավորումը նույնպես այս թվի սահմաններում է։ Եթե վաղը կառավարությունը վեր կհանի ամբողջ Հայաստանի հանրապետության դեգրադացված հողերի մակերեսները և կհիմնավորի, որ կամք ունի և անտառածածկ է ուզում տեսնել այդ տարածքներում, ըստ մասնագետի, բարեգործական հիմնադրամն ունի այդ ներուժը։

1990-ական թվականներին մեր գիտնականների կողմից արված հետազոտությունները փաստում են, որ նվազագույն մակերեսը, որը կապահովի մեր երկրի կենսանվտանգությունը, դա 20,1%-ն է։ Մացակյանի դիտարկմամբ, եթե հիմք ընդունենք 1993 թվականի հաշվառման տվյալները, նշանակում է ներկայիս անտառապատված 334-332 հազար հեկտարին պետք է գումարվի եվս 265-66 հազար հեկտար, որ հասնենք 20,1%-ին։
Վահե Մացակյանը հիշեցնում է՝ թե 1990-ական թվականներին անտառներն ապահովեցին հասարակության սոցիալ տնտեսական պահանջմունքները, թե 44-օրյա պատերազմի ժամանակ՝ նորագույն տեխնոլոգիաների կիրառման պարագայում, անտառները թաքստոց դարձան։
Մանրամասները՝ տեսանյութում.
Մասնագետի երազանքները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ





















































