Լոռու մարզում, Աղստև գետի հովտում տեղակայված Ֆիոլետովո համայնքը եկող տարի իր համայնքապատկան անտառը կունենա։ Անտառը հիմա էլ կա՝ համայնքից վարձակալված տարածքում, այն Ֆիոլետովոյի «փեշերին» է 2007 թվականից։ Անտառը տնկել է «Արմենիան թրի փրոջեքթը» և անվանակոչել Ստամբուլում սպանված հայազգի մտավորական, «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի անունով։ Անտառում տնկվել է 53 հազար ծառ․ 53-ը Դինքի տարիքն է։
«Արմենիա թրի փրոջեքթ» (Armenia tree project – ATP) հիմնադրամի ստեղծումն անմիջական արձագանք էր 1990-ականների սկզբին Հայաստանում տիրող էներգետիկ ծանր ճգնաժամին և Արցախյան առաջին պատերազմի հետևանքներին։ Հիմնադրամը գործում է 1994 թվականից, այն հիմնադրվել է ամերիկահայ ակտիվիստ և բարերար Քերոլայն Մուգարի կողմից։ Իր հիմնադրումից ի վեր՝ կազմակերպությունը Հայաստանում տնկել է ավելի քան 10 միլիոն ծառ։ Հիմնական նպատակը համայնքների հետ աշխատելն է։ Հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունները անտառվերականգնումը և կանաչապատումն են, համայնքներին սոցիալ-տնտեսական աջակցությունը և բնապահպանական կրթությունը։ Հիմնադրամն այժմ Հայաստանում չորս տնկարան ունի, ամենամեծը Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում է։ Այստեղ աճեցվում են բացառապես անտառպատման նպատակներով տնկանյութեր։ Տնկարանը հիմնադրվել է 2007 թվականին։
Կարդացեք նաև
Տնկարան լրագրողական շրջայցի ժամանակ գործառնական տնօրեն Արամ Մովսիսյանը մանրամասներ պատմեց․ «Աճեցնում ենք այս պահի դրությամբ յոթ տեսակի տնկանյութ՝ փակ արմատային համակարգով և բաց արմատային համակարգով․ սոճի, կաղնի, վայրի տանձ, վայրի խնձոր, արոսենի, թխկի և կեչի։ Թխկին և կեչին աճեցնում ենք փակ արմատային համակարգով՝ կոնտեյներներով, որովհետև իրենք շատ կարևոր են մեզ համար ու կպչողականության համար այդ մեթոդով աճեցումը բարենպաստ է։ Ավելին, կեչին բաց արմատային համակարգով Հայաստանում շատ դժվար է աճեցնել։ Ընդհանուր այս պահի դրությամբ տնկարանում ունենք երկու միլիոնից ավել տնկանյութ։ 2025 թվականին մեր տնկումների քանակությունն ու ծավալը եղել է մեկ միլիոն տնկանյութ։ Այս տարի մենք տնկում ենք 800 հազար տնկանյութ։ Անտառպատման աշխատանքները մենք իրականացնում ենք Հայաստանի չորս մարզերում՝ Լոռի, Գեղարքունիք, Շիրակ և Կոտայք»։
Ընտրությունը կատարվում է նախ ազատ հողի առկայության դիտարկումներով․ «Որտեղ որ ազատ հող կա՝ դիտարկում ենք անտառ աճման պայմանները, որտեղ որ հնարավոր է անտառպատում իրականացնել և արդյունք ստանալ, որպեսզի դա չլինի ինքնանպատակ։ Մենք աշխատում ենք համայնքների հետ և համայնքների համար։ Այսինքն՝ մենք դիտարկում ենք այն տարածքները, որոնք համայնքային են․ արոտավայրերը, որոնք կորցրել են իրենց գյուղատնտեսական նշանակությունը, այդ տարածքների մասով մենք բանակցություն ենք ունենում համայնքի ղեկավարության հետ, և համայնքի ղեկավարությունը եթե հարկ է համարում, եթե ցանկություն ունի, որպեսզի այդ տարածքները տրամադրի անտառպատման նպատակով, մենք անհատույց օգտագործման պայմանագիր ենք կնքում իրենց հետ՝ 15-20 տարով։ Ինչո՞ւ 15-20 տարով, որովհետև անտառը արագ կայացող գործընթաց չէ, մեզ պետք է երկարաժամկետ հնարավորություն, որպեսզի այն, ինչ որ մենք տնկել ենք, հասնի իր նպատակին, չլինի միայն տնկել և այդ տարածքից դուրս գալ։ Տնկումներից հետո մենք իրականացնում ենք լրացման աշխատանքներ, խնամքի աշխատանքներ, ուստի մեզ համար կարևոր է, որ այդ ամեն ինչը լինի երկարաժամկետ, կայուն և կառավարելի»։
Aravot.am-ի հարցին՝ 20 տարուց հետո ի՞նչ է տեղի ունենում, հանձնում եք համայնքին և վերջ, այլևս ձեզ հետաքրքիր չէ՞ անտառի ճակատագիրը, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Ձեր դիմաց գտնվում է Հրանտ Դինքի անտառը, որը ATP-ի առաջին անտառն է, տնկվել է 2007 թվականին։ 2027 թվականին մեր պայմանագիրը ավարտվում է, համայնքի ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել՝ ստանձնել և շարունակել կառավարումը։ Հիմա բանակցությունների մեջ ենք իրենց հետ՝ հետագայում, մեր կողմից, եթե խորհրդատվության, օգնության կարիք ունենան անտառը պահպանելու, խնամելու համար, մենք պատրաստ ենք այդ պատասխանատվությունը և պարտականությունը մեր վրա վերցնելու։ Քանի որ մենք այնտեղ 20 տարի աշխատել ենք, ունենք բարիդրացիական հարաբերություններ համայնքի ղեկավարության հետ, մենք պարբերաբար իրանց հետ կապի մեջ ենք լինելու, որպեսզի, եթե ինչ-որ խնդիր լինի, արագ արձագանքենք»։
2021 թվականից սկսած հիմնադրամն անտառտնկման և տնկարանների հիմնադրման աշխատանքներն ընդլայնել է ևս երեք մարզերում՝ Շիրակ, Կոտայք, Գեղարքունիք։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ





























































