Լրահոս
Օրվա լրահոսը

Բնիկ ժողովուրդների գիտելիքները կենսաբազմազանության պաշտպանության հիմքում դնելով՝ մենք կարող ենք օգտագործել աշխարհի ամենահզոր ԱԲ-ներից մեկը՝ նախնիների բանականությունը. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

Հոկտեմբեր 16,2026 12:21 Share
Աջակցեք aravot.am-ին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի ելույթը COP17-ի՝ կենսաբազմազանությանը նվիրված առաջնորդների գագաթնաժողովում

ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎ, ՄԱԿ-Ի ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ (COP17)
«Առաջնորդներ հանուն բնության»

Ձերդ գերազանցություններ, սիրելի՛ բարեկամներ,

Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի կառավարությանը՝ այս կենսական նշանակություն ունեցող գագաթնաժողովը հյուրընկալելու և Կովկասի հրաշքները մեզ հետ կիսելու համար։

Այս բնապատկերը և այն ամենը, ինչ կա այստեղ, հիշեցնում են, թե ինչու ենք մենք այստեղ։

Մեր կերած սնունդը, մեր խմած ջուրը, անգամ մեր շնչած օդը՝ այս ամենը կենսաբազմազանության պարգևներն են։

Սակայն ամեն օր մարդկությունը կտրում է կյանքի ծառի ևս մեկ ճյուղ։

Կլիմայական քաոս։

Ինվազիվ տեսակներ։

Գերարածեցում և գերձկնորսություն։

Պարարտանյութերի, թունաքիմիկատների, պլաստիկի և ծանր մետաղների չափից ավելի օգտագործում։

Այս ամենը և շատ այլ գործոններ խորացնում են աղտոտման, կենսաբազմազանության կորստի և կլիմայական քաոսի եռակի մոլորակային ճգնաժամը։

Այժմ ավելի քան մեկ միլիոն տեսակ անհետացման վտանգի տակ է՝ մեզ ավելի ու ավելի մոտեցնելով բնակության համար ոչ պիտանի աշխարհին։

Սակայն պարտադիր չէ, որ այդպես լինի։

Չորս տարի առաջ Մոնրեալում առաջնորդները համաձայնության եկան ծրագրի շուրջ։

Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակը նախանշեց բնության հետ խաղաղություն հաստատելու ուղին։

Բայց դա ընդամենը սկիզբն էր։ Մեզ անհրաժեշտ են ավելի շատ գործողություններ, ավելի մեծ արագություն և ավելի վճռական կամք։

Մինչև 2030 թվականը ճանապարհի կեսին Երևանը մեզ համար հաշվետվողականության պահն է։

Ժամանակն է ինքներս մեզ հարցնելու՝ արդյո՞ք բավականաչափ ենք անում։

Սիրելի՛ բարեկամներ,

Կան և՛ լավ, և՛ վատ նորություններ։

Կենսաբազմազանության գլոբալ շրջանակը գործողությունների խթան է դարձել ամբողջ աշխարհում։

Կոնվենցիայի կողմերի գրեթե 90 տոկոսը սահմանել է կենսաբազմազանության ազգային նպատակներ։

Իսկ ավելի քան կեսը մշակել է դրանց իրականացման սեփական ազգային ճանապարհային քարտեզները։

2022 թվականից ի վեր ևս 1,3 միլիոն քառակուսի կիլոմետր ցամաքային տարածք և 6 միլիոն քառակուսի կիլոմետր օվկիանոսային տարածք պաշտոնապես վերցվել է պաշտպանության տակ։

Սակայն առաջընթացը անհավասար է և չափազանց դանդաղ։

Նույնիսկ եթե ներկայիս ազգային պարտավորությունները կատարվեն, մինչև 2030 թվականը պաշտպանված կլինի ցամաքային էկոհամակարգերի ընդամենը 26 տոկոսը և ծովային էկոհամակարգերի՝ 12 տոկոսը։

Սա զգալիորեն պակաս է Մոնրեալում տրված խոստումից՝ մինչև 2030 թվականը պաշտպանել ցամաքի և ծովի 30 տոկոսը։

Լուրջ բացեր են պահպանվում նաև տնտեսական համակարգերին առնչվող նպատակներում, այդ թվում՝ վնասակար խթանների նվազեցմանն ուղղված նպատակներում։

Իսկ առաջընթացի համար կենսական նշանակություն ունեցող բազմաթիվ բաղադրիչներ՝ ներառյալ ֆինանսավորումը, կարողությունները, համագործակցությունը և տվյալները, դեռևս հիմնականում բացակայում են։

Այս ամսվա սկզբին հրապարակված ՏՀԶԿ-ի զեկույցում նշվում է, որ կենսաբազմազանության ֆինանսավորումը կազմում է Շրջանակով համաձայնեցված 200 միլիարդ դոլարի կեսից էլ պակաս։

Սիրելի՛ բարեկամներ,

Մեր աշխարհը ցնցվում է հակամարտություններից, կլիմայական քաոսից, պարենային անապահովությունից, հիվանդությունների սպառնալիքներից և բազմաթիվ այլ խնդիրներից։

Կենսաբազմազանությունը առանձին մարտահրավեր չէ։

Այս ճգնաժամերից որևէ մեկի լուծումը պահանջում է լուծել դրանք բոլորը։

Եվ կորցնելու ժամանակ չկա։

Այս հավաքի թեման է «Առաջնորդներ հանուն բնության»։

Այսօր ես կոչ եմ անում առաջնորդություն դրսևորել երեք առանցքային ուղղություններով։

Առաջին՝ կառավարությունների առաջնորդությունը։

«30-ը մինչև 30-ը» առանցքային նպատակը գիտության կարևորության ընդունումն է և բազմակողմանիության նկատմամբ վստահության դրսևորումը։

Ինչպես օզոնային շերտի անցքի վերացումը՝ մեկ այլ պատմական համաձայնագրի շնորհիվ, որը ստորագրվել է Մոնրեալում գրեթե 40 տարի առաջ, սա ևս կարող է դառնալ մարդկության պատմության մեծագույն հավաքական ձեռքբերումներից մեկը։

Կոչ եմ անում անել հնարավոր ամեն ինչ այս նպատակին հասնելու համար։

Շրջանակի իրականացումը կպահանջի հսկայական շրջադարձ՝ բնությունը ոչնչացնող քաղաքականություններից դեպի այն պահպանող գործելակերպեր։

Դրանց թվում են՝

Զրոյական թափոններով և շրջանաձև տնտեսությունները։

Կայուն գյուղատնտեսությունն ու վերականգնողական երկրագործությունը։

Մշտադիտարկումը, թափանցիկությունը և տեղեկատվության բացահայտումը։

Եվ արդեն իսկ գործող օրենքների ավելի խիստ կիրարկումը։

Ես ողջունում եմ Երևանյան հռչակագիրը, որով պարտավորվում ենք այս համաժողովը շրջադարձային դարձնել մեր մոլորակի համար։

Եվ կենսաբազմազանությունը ամրագրել կառավարությունների յուրաքանչյուր որոշման հիմքում՝ քաղաքականություններից մինչև բյուջեներ և կարգավորումներ։

Մենք կարող ենք լրացուցիչ աջակցել այս գործողություններին՝ ավելի խորացնելով ինտեգրումը Ռիոյի բոլոր երեք կոնվենցիաների միջև։

Երկրորդ՝ ֆինանսական առաջնորդությունը։

Դաժան ճշմարտությունն այն է, որ մենք փողը ծախսում ենք սխալ բաների վրա։

Բնության պաշտպանության համար ներդրված յուրաքանչյուր մեկ դոլարի դիմաց 30 դոլար է ծախսվում այն ոչնչացնելու վրա։

2023 թվականին 7,3 տրիլիոն դոլար է ուղղվել բնության վրա բացասաբար ազդող գործունեությանը։

Աղտոտում արտանետող ծանր արդյունաբերություն։

Հողը հյուծող ագրոբիզնես։

Եվ, իհարկե, հանածո վառելիք։

Հանածո վառելիքի սուբսիդավորումը ինքնասպանության սուբսիդավորում է։

Այն եռացնում է մեր մոլորակը և պատուհաս է կենսաբազմազանության համար։

Ես կոչ եմ անում աշխարհի բոլոր կառավարություններին մեկընդմիշտ վերջ տալ այս հատկացումներին և փոխարենը տնտեսված միջոցներն ուղղել մարդկանց և մոլորակի բարօրությանը։

ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի՝ այս տարվա սկզբին հրապարակված տվյալների համաձայն՝ Ռիոյի երեք կոնվենցիաներում սահմանված կենսաբազմազանության, կլիմայի և հողերի վերականգնման համաշխարհային նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է մինչև 2030 թվականը բնահեն լուծումներում տարեկան ներդրումները հասցնել 571 միլիարդ դոլարի։

Դա համաշխարհային ՀՆԱ-ի ընդամենը կես տոկոսն է՝ փոքր գին բնակության համար պիտանի Երկրի դիմաց։

Բայց կառավարությունները միայնակ չեն կարող դա անել։

Մասնավոր հատվածը նույնպես պետք է ակտիվանա։

Կալիի հիմնադրամը ֆինանսավորման նորարարական մեխանիզմ է, որը հնարավորություն է տալիս բնությունից շահույթ ստացող բիզնեսներին նպաստել դրա պաշտպանությանը։

Ես կոչ եմ անում աշխարհի բոլոր ընկերություններին ներդրում կատարել, իսկ կառավարություններին՝ խրախուսել մասնակցությունը։

Վերականգնվող էներգետիկայի ոլորտում բիզնեսն արդեն իսկ առաջատար դեր է ստանձնել։

Վերականգնվող էներգիան այժմ նոր էլեկտրաէներգիայի ամենաէժան, ամենաարագ և ամենաապահով աղբյուրն է։

2010 թվականից ի վեր արևային էներգիայի արժեքը նվազել է գրեթե 90 տոկոսով, իսկ մարտկոցային կուտակիչների արժեքը՝ 95 տոկոսով։

Մաքուր էներգիայի ոլորտում համաշխարհային ներդրումներն աճել են և այժմ գրեթե երկու անգամ գերազանցում են հանածո վառելիքի ոլորտում ներդրվող կապիտալը։

Միայն անցյալ տարի վերականգնվող էներգիայի աղբյուրները կանխել են ածխածնի այնպիսի ծավալի արտանետումներ, որը համարժեք է ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ճապոնիայի արտանետումներին միասին վերցրած։

Ավելի ու ավելի շատ երկրներ ազատվում են անկայուն և չափազանց թանկ հանածո վառելիքի շուկաներից։

Սակայն այս օգուտները հավասարապես չեն բաշխվում ամբողջ աշխարհում։

Ծանր պարտքային բեռը, կրճատվող հարկաբյուջետային հնարավորությունները և անարդար միջազգային ֆինանսական համակարգը բազմաթիվ զարգացող երկրների ստիպում են ընտրություն կատարել բնության և մարդկանց միջև։

Մենք գիտենք, որ կայուն զարգացումն անհնար է առանց երկուսի էլ։

Սևիլյան հանձնառության միջոցով աշխարհի առաջնորդները խոստացել են շտկել այս անարդարությունը։

Զարգացման համար ներքին և միջազգային ֆինանսավորման ավելացման միջոցով…

Բազմակողմ զարգացման բանկերի կողմից ներդրումների կտրուկ ընդլայնման միջոցով…

Բանկերի բաժնետերերի կողմից նոր կապիտալի տրամադրման միջոցով, ինչը հնարավորություն կտա ընդլայնել արտոնյալ ֆինանսավորումը և ներգրավել մասնավոր ներդրումներ…

Եվ համաշխարհային ֆինանսական ճարտարապետությունը բարեփոխելու միջոցով՝ զարգացող երկրներին տրամադրելով այն մասնակցությունն ու ազդեցությունը, որին նրանք արժանի են, և այն համապատասխանեցնելով այսօրվա տնտեսական իրականությանը։

Մենք շատ հեռու ենք 1945 թվականի աշխարհից։

Երրորդ՝ մեզ անհրաժեշտ է բոլորի առաջնորդությունը։

Շրջակա միջավայրի վատթարացումը հաճախ ամենածանրն է անդրադառնում ամենախոցելի մարդկանց և նրանց վրա, ովքեր ամենաքիչն են նպաստել խնդրի առաջացմանը։

Սակայն լուծումները հաճախ գալիս են հենց այդ նույն խմբերից։

Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի հաջողության համար մեզ անհրաժեշտ են աննախադեպ գործընկերություններ։

Դրանց թվում են՝

Երիտասարդների նորարարությունը…

Քաղաքացիական հասարակության եռանդը…

Կանանց մասնակցությունը…

Եվ, իհարկե, բնիկ ժողովուրդների ու տեղական համայնքների առաջնորդությունը։

Բնիկ ժողովուրդների գիտելիքները կենսաբազմազանության պաշտպանության հիմքում դնելով՝ մենք կարող ենք օգտագործել աշխարհի ամենահզոր ԱԲ-ներից մեկը՝ նախնիների բանականությունը։

Հազարամյակների պատմություն ունեցող այս գործելակերպերը կարող են մարդկությանը կրկին ներդաշնակեցնել հողի, ծովի և երկնքի հետ։

Սիրելի՛ բարեկամներ,

Ինձ մնացել է 76 օր՝ որպես գլխավոր քարտուղար։

Պաշտոնավարման ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում իմ գլխավոր առաջնահերթություններից մեկը եղել է կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի և աղտոտման եռակի ճգնաժամի դեմ պայքարը։

Դա այն պատճառով է, որ ձեզանից շատերի պես ես էլ ունեմ երեխաներ և թոռներ։

Նրանք հույսը մեզ վրա են դրել՝ որպես բնության համար առաջնորդների։

Բնության մեջ առաջնորդները նրանք են, ովքեր հոգ են տանում մյուսների մասին։

Փղերի երամակների առաջնորդ էգերը, որոնք երաշտի ժամանակ գիտեն դեպի թաքնված ջրի աղբյուրներ տանող ճանապարհները։

Չվող երամի առջևից թռչող առաջին թռչունը, որը ճեղքում է օդը իր հետևից թռչողների համար։

Բույսերը, որոնք հայտնի են որպես պիոներ տեսակներ և էվոլյուցիայի ընթացքում հարմարվել են անտառային հրդեհներից հետո առաջինը վերաճելուն ու հողը հարստացնելուն՝ իրենց հաջորդող տեսակների համար։

Մենք նույնպես պետք է հոգ տանենք մյուսների մասին։

Եկե՛ք գործենք այն հրատապությամբ, որը պահանջում է այս պահը։

Հանուն մեր երեխաների։

Հանուն մեր ապագայի։

Եվ հանուն Երկրի վրա ողջ կյանքի։

 

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել