COP17-ի շրջանակում անցկացվող «Կենսաբազմազանության առաջնորդների» գագաթնաժողովի ժամանակ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը հայտարարել է, որ կենսաբազմազանության պահպանումն ու բնության պաշտպանությունը Տաջիկստանի քաղաքականության առանցքային առաջնահերթություններից են։
Նա ընդգծել է, որ Տաջիկստանում ընդունվել է շրջակա միջավայրի պահպանության ոլորտին վերաբերող 25 օրենք, ինչպես նաև հաստատվել են մի շարք կարևորագույն ռազմավարական փաստաթղթեր, այդ թվում՝ Կենսաբազմազանության պահպանման և ռացիոնալ օգտագործման ազգային ռազմավարությունը, իսկ մինչև 2040 թվականն ընկած ժամանակահատվածի համար նախատեսված ռազմավարությունը թարմացվել է։ Նաև Տաջիկստանը միացել է բնապահպանական ուղղվածության 11 միջազգային կոնվենցիաների, որոնց թվում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիան։
«Այս համաժողովը թույլ կտա ուրվագծել ջրային ոլորտում բազմակողմ համագործակցության նոր ուղիներ… Սառցադաշտերը, ձնածածկույթը և սառցոլորտի մյուս բաղադրիչները բնական համակարգերի անբաժանելի մասն են, որոնք պահպանում են մեր ջրային ռեսուրսներն ու էկոլոգիական հավասարակշռությունը։ Դրանց արագ կրճատումը գլոբալ կլիմայական փոփոխության ամենաակնառու դրսևորումներից է։ Տաջիկստանի համար, որը վերջին տասնամյակների ընթացքում կորցրել է ավելի քան 1 300 սառցադաշտ, սառցադաշտերի պահպանության և սառցոլորտի ուսումնասիրման հարցերն ունեն ինչպես ազգային, այնպես էլ գլոբալ նշանակություն։ Այս կորուստներն ընդգծում են համակարգված միջազգային միջոցառումների իրականացման հրատապ անհրաժեշտությունը։ Տաջիկստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2025 թվականը հռչակել է Սառցադաշտերի պահպանության միջազգային տարի»,- նշել է Տաջիկստանի նախագահը։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



















































