Լրահոս
Օրվա լրահոսը

«Երազներումս միշտ կռվի մեջ եմ, գիտակցում եմ, որ երազի մեջ եմ, բայց չեմ կարողանում արթնանալ»․ ի՞նչ են պատմում գերությունից վերադարձած անձինք

Հոկտեմբեր 16,2026 22:22 Share
Աջակցեք aravot.am-ին

«Գերությունից վերադարձած անձանց ինստիտուցիոնալ աջակցությունը չափազանց վատ վիճակում է։ Նրանցից շատերը ֆինանսական դժվարությունների մասին են ընդգծում։ Ըստ հետազոտության՝ գերությունից վերադարձած անձինք ամենաշատը նշել են ֆինանսական և աշխատանքային աջակցության մասին»,- «Ազատություն, արդարություն և վերահամարկում» խորագրով LIBERTAS միջազգային համաժողովի ժամանակ այսպիսի մտահոգություն հայտնեց «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Խաչիկյանը։

Ըստ նրա՝ չկա ընտանիքների կարիքների պատշաճ գնահատում․ «Դա, նախևառաջ, պետք է արվեր մինչ այդ վերադարձածների շրջանում։ Հիմա էլ ունենք գերիներ, որոնք կվերադառնան, բայց նրանց ընտանիքների կարիքների գնահատումն էլ արված չէ, շատ դեպքերում ընտանիքներն իրենք էլ դեռևս պատրաստ չեն գերիներ ընդունելու, հոգեբանական ու սոցիալական աջակցության մեխանիզմները դեռ չեն ապահովվել, առողջապահական և սոցիալական ապահովման լուրջ խնդիրներ կան»։

«Արփի» ՀԿ-ի հիմնադիր նախագահ և ղեկավար, հոգեբան Սոֆիկ Մինասյանը, պատմելով վերադարձած գերիների հետ իր աշխատանքի մասին, ասաց․ «Կառավարության և պետական համակարգի կողմից այս շերտը հաճախ մնում է անտեսված, իսկ սոցիումը նրանց դժկամորեն է ընդունում։ Երբեմն նրանք հանրության կողմից ենթարկվում են ամենադաժան պիտակավորմանը՝ լսելով դավաճան բառը։ Սրան ավելանում է սոցիալ-ֆինանսական դաժան ձնագնդին։ Գերության մեջ հայտնվելով՝ չեն կարողացել կատարել իրենց ֆինանսական պարտավորությունները»։

Մեջբերելով գերությունից վերադարձած որոշ տղաների խոսքերը՝ Սոֆիկ Մինասյանն ասաց․ «Կյանքում ամենավախենալուն արդեն անցել է, էլ ի՞նչ պետք է լինի։ Մղձավանջներ եմ ունեցել, բոլոր հատկություններս կորցրել եմ, անտարբեր եմ, ցրված, նստում եմ՝ կես ժամից ավել ոչ տեսնում, ոչ լսում եմ, բոլորից կտրվել եմ։ Կանցնի՞, թե՞ ցմահ է։ Պատերազմից հետո ուրախ չեմ եղել։ Ասում է՝ կուզենամ մինչև պատերազմի ժամանակներն իմ հիշողությունը վերականգնվի, պատերազմի ժամանակ և հետո չեմ ուզում հիշել։ Մեկ ուրիշն ասում է՝ երազներումս միշտ կռվի մեջ եմ, գիտակցում եմ, որ երազի մեջ եմ, բայց չեմ կարողանում արթնանալ»։

LIBERTAS միջազգային համաժողովն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031