«Շատ լավ է, որ մենք ունենք անհայտ կորած անձանց մասին օրենք, որը ներքին մակարդակում նախանշում է պետության հանձնառությունները՝ ընտանիքների և անհայտ կորած անձանց առջև, բայց մենք բոլորս էլ գիտենք, որ դա բավարար չէ, որովհետև անհայտ կորածների և բռնի անհետացածների խնդիրը մի պետության խնդիր չէ, դուրս է գալիս մեր պետության սահմաններից։ Առնվազն երկու կամ ավելի երկրներ են ներգրավված, ինչը խնդիրը դարձնում է շատ ավելի բարդ»,- «Անհայտ կորած անձանց ճակատագիրը. մարդասիրական երկխոսություն համագործակցություն» խորագրով միջազգային համաժողովի ժամանակ ասաց իրավաբանական գիտությունների թեկնածու, ՄԻԵԴ-ում ՀՀ նախկին մշտական ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Նրա խոսքով՝ օրենքն ընդունելով պետությունը ներքին հանձնառություն է ստանձնում համակարգել ներքին մակարդակում տարբեր շահագրգիռ կողմերի աշխատանքը, բայց սա նաև պահանջում է միջազգային մեխանիզմների կիրառումը։
«Ինչ վերաբերում է Հայաստանին, կան մեխանիզմներ, մեխանիզմները շատ լավ հայտնի են, դրանք քննարկվել են։ Առաջին ամենակարևոր մեխանիզմը դա Մարդու իրավունքների եվրոպական դատարանն է, որովհետև այստեղ ոչ միայն պետությունը, այլ առավել ընտանիքի անդամները և հարազատները, փաստաբանները կարող են ներկայացնել գանգատներ, որոնք վերաբերում են անհայտ կորածների իրավունքներին։ Չկա ավելի արդյունավետ մեխանիզմ Հայաստանի տեսանկյունից, սա ամենահեռանկարայինն է և ամենաարդյունավետը։ Եվ մեխանիզմն աշխատեց ինչ-որ չափերով, բայց դրա հետ մեկտեղ ունի բավականին լուրջ բացեր»,- ասաց նա։
Եղիշե Կիրակոսյանի խոսքով՝ կան փաստեր, որոնք խոսում են այն մասին, որ անձի բռնի անհետացումը կապված է պետության ներկայացուցչի գործողությունների կամ պետության գործողությունների հետ։ «Եվ այս դեպքում սա հանցագործություն է, եթե դա արվել է պետության սիստեմատիկ հարձակումների արդյունքում կամ պատերազմական գործողությունների արդյունքում, և սա ընկնում է արդեն Հռոմի ստատուտի կարգավորման տակ։ Եվ այս իմաստով շատ հեռու են նայել, երբ Հռոմի ստատուտն ընդունել է այս դրույթը։ Եթե մենք նայում ենք անհայտ կորածների և բռնի անհետացածների միջև ընկած տարածքին, այդ տարածքը բաց է մնում, որովհետև այնտեղ կան նաև որոշակի փոքր, լուսանցքային, բայց ընտանիքներին բարդ բացատրվող երևույթներ։
Կարդացեք նաև
Օրինակ՝ ինչո՞ւ այն դեպքերը, որոնք կապված են բռնի անհետացման հետ, պահանջում են պաշտպանություն, և եթե մենք նայում ենք ապացուցման բեռին և ապացուցման շեմին, այդ ապացուցման բեռն ու շեմը դուրս են կարգավորումներից, եթե խոսքը գնում է անհայտ կորածների մասին։ Միգուցե պետության պարտավորությունը պետք է լինի իրականացնել պատշաճ ուսումնասիրություն։ Մենք գիտենք, որ հիմա քննարկվում են այս հանգամանքը և սրա հետ կապված խնդիրները, և եթե խոսքը գնում է նաև անհայտ կորածների մասին, միգուցե պետության վրա դրվի պարտավորություն, եթե անձը անհետացել է այդ պետության տարածքում կամ ում հսկողության տակ է եղել տարածքը, երբ այդ անհետացումը տեղի է ունեցել։ Սա կարևոր է, որպեսզի այդ կողմը իրականացնի բոլոր անհրաժեշտ, պատշաճ գործողությունները»,- նշեց Կիրակոսյանը։
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ներկայացուցիչ, մարդասիրական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը նշեց՝ շատ կարևոր է, որ Հայաստանի կառավարությունը որոշեց այս գործերը՝ որպես միջպետական բողոք, տանել Եվրոպական դատարան։
«Իհարկե, կա նաև քաղաքացիական հայցերի մեխանիզմ։ Քաղաքացիները այդպիսի կարողություն ունեն, բայց կառավարությունը մեզ թույլ տվեց այլ հարցերով էլ կենտրոնանալ, հիմնականում, օրինակ, աշխատել՝ պարզելու մեր հայ զինծառայողների, քաղաքացիական անձանց ճակատագիրը և գտնվելու վայրը։ Մենք ՄԱԿ-ի հարկադիր անհետացումների աշխատանքային խմբի հետ աշխատում ենք մարդասիրական մանդատով։
Պայմանագրային այլ մարմինների հետ էլ ենք աշխատում, զեկույցներ ենք ներկայացնում, ըստ էության, փորձում ենք այդ խնդիրը բարձր պահել միջազգային օրակարգում։ Եվ ՄԱԿ-ի միջազգային պայմանագրերի մարմինների հանձնաժողովներն արձանագրեցին փաստը ու ամփոփիչ դիտարկումներում գրեցին, որ բավական մեծ թվով անհայտ կորած ու հարկադիր անհետացումից տուժած անձինք կան։ Ադրբեջանի իշխանություններից պահանջեցին նրանց որոնել և տեղեկություն տրամադրել։ Դժբախտաբար, դեռ կարծես երկար ճանապարհ կա անցնելու, արդյունքներն այդքան ոգևորիչ չեն։ Բայց մեզ համար կարևոր է այս խնդիրը բարձր պահել օրակարգում։ Համապատասխան հոդված ունենալը խաղաղության պայմանագրում օգտակար է, բայց մենք պնդում ենք, որ սա այն խնդիրն է, որով պետք չէ սպասել, որ խաղաղության պայմանագիրը ստորագրվի, ամեն օրը մեր դեմ է աշխատում։ Օր անգամ չպիտի կորցնենք, որ հնարավորինս շուտ պիտի սկսենք»,- նշեց Աննա Մելիքյանը։
Նրա խոսքով՝ վերջին ամիսներին պետական մարմինները այս հարցով դադարել են պաշտոնական վիճակագրություն ներկայացնել, դա լուրջ խոչընդոտ է հանրային վերահսկողության տեսանկյունից։ «Կառավարության ղեկավարը խոսեց, որ ոչ ոք մոռացված չէ, իրենք այս հարցը լուրջ են համարում, ես էլ հույս ունեմ, որ դա այդպես է։ Մենք՝ որպես քաղաքացիական հասարակություն, միգուցե ընտանիքների համար բավականաչափ բան չենք արել, հատկապես առաջին պատերազմի ընտանիքների անդամների համար։ Պետք է հավասար վերաբերմունք ապահովենք և բացառենք խտրականությունը՝ անկախ այն հանգամանքից, թե երբ է անձը զինված հակամարտության համատեքստում անհետացել»,- հավելեց նա։
Կիպրոսի անհայտ կորած անձանց հարցերով հանձնաժողովում ՄԱԿ-ի ներկայացուցիչ Պիեռ Ժանտիլը ներկայացրեց Կիպրոսի նախադեպը։
Ըստ նրա՝ հանրությունը պետք է հասկանա, թե մեխանիզմն ինչպես է գործում և պետք է ունենան նաև վստահություն այդ մեխանիզմի հանդեպ։
«Դա ի սկզբանե պետք է ընկալվի թերևս մի քանի տասնամյակ տևող աշխատանք։ Այսինքն՝ պետք է ունենալ համակարգ, 5 տարի անց, 10 տարի անց գումարել արդեն եղածին, սցենարի նման պատմություններ կազմել, որ հայտնի դառնա, թե ինչպես են մարդիկ անհետացել և ինչ ձևերով կարելի է իրենց գտնել։ Որոշ դեպքեր ավելի պարզ են, որոշներն ավելի բարդ են։ Պետք է տեղեկատվության կտորները գտնել, խճանկարի նման հավաքել, որ իմանաս վերջում ուր հասնես, որպեսզի մասունքներ գտնես»,- ասաց նա։
Անդրադառնալով երկարաժամկետ գործողություններին՝ Պիեռ Ժանտիլը նշեց, որ պետք է ունենալ քաղաքական ու տնտեսական աջակցություն, բայց ավելի շատ կարևոր է ունենալ մեխանիզմ, որը կլինի երկարաժամկետ մեխանիզմ, որը կմնա ու կշարունակի գործել նաև 10 տարուց, 15 տարուց։
«Այսպիսի ժամկետների մասին ենք խոսում, եթե ոչ ավելի երկար։ Կիպրոսի օրինակը՝ ահա 50-60 տարի է այդ փաստերի ժամանակահատվածից անցել։ Շատ երկարաժամկետ գործընթաց է սա։ ՄԱԿ-ի դերակատարումը Կիպրոսի օրինակով կարևոր օրինակ է, որ երկու կողմերը միավորվեն, քննարկումները կազմակերպեն, դյուրացնեն գործընթացը, սկզբնական շրջանում փորձեն գտնել մեկ ընդհանուր լեզու, գալ հայտարարի։ Այսօր ՄԱԿ-ի միջնորդական գործառույթը նվազել է, քանի որ երկու կողմերը համագործակցում են իրար հետ, աշխատում են»,- հավելեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




















































