Մի քանի օր է՝ Գյումրու բժշկական աշխարհում ակտիվ լուրեր են շրջանառվում առ այն, որ մոտ օրերս Գյումրի բժշկական կենտրոնում տնօրենի նոր պաշտոնակատար են նշանակելու։
Ըստ տեղեկությունների՝ խոսքը «Էրեբունի» բժշկական կենտրոնի ընդհանուր վիրաբուժական բաժանմունքի վիրաբույժ Դավիթ Գևորգի Գևորգյանի մասին է, որին և հաջորդ շաբաթ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պաշտոնապես պատրաստվում է ներկայացնել անձնակազմին։
Հիշեցնենք, որ Գյումրի բժշկական կենտրոնի երկարամյա հիմնադիր-տնօրեն Արմեն Իսահակյանի վաղաժամ մահից հետո՝ հուլիս ամսից սկսած՝ դժվար կառավարելի այս խոշոր կառույցը մնացել է առանց տնօրենի, սակայն տևական ժամանակ է՝ այն անցնցում գլխավորում է նույն հիվանդանոցի երկարամյա փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։
Նշենք, որ 14 տարիների ընթացքում Գյումրի բժշկական կենտրոնին են միավորվել 8 հիվանդանոցներ, ներկայումս ունի մոտ 850 աշխատակից․ այստեղ են հավաքվել տարբեր աշխատաոճեր ու տարբեր սովորույթներ ունեցող մարդիկ, կոլեկտիվներ, ու այդ առումով էլ հեշտ չէ այն կառավարելը։
Կարդացեք նաև
Թե ո՞րն է ներկայիս ժամանակավոր պաշտոնակատար Արմենին Խաչատրյանին նոր կադրով փոխարինելու իմաստը, հատկապես երբ Արմեն Խաչատրյանը փորձառու է․ հիվանդանոցի հիմնադրման օրվանից զբաղեցնում է փոխտնօրենի պաշտոնը, հետևաբար և խորությամբ տիրապետում է բոլոր խնդիրներին, ընդունված է ինչպես անձնակազմի, այնպես էլ մարզի բնակիչների կողմից, իսկ Դավիթ Գևորգյանն անծանոթ է այս քաղաքի բժշկական աշխարհին, պարզ չէ։
Խոսակցություններ են շրջանառվում, որ վեց ամսով Դավիթ Գևորգյանի ուսերին դնելով ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունը՝ պատրաստվում են նրան հետագայում տնօրեն նշանակելու, իհարկե, տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարելու միջոցով։
Դավիթ Գևորգյանը ևս Շիրակի մարզից է․ Արթիկի տարածաշրջանից է, նրան ճանաչողները բնութագրում են որպես կիրթ, զուսպ երիտասարդի, այդուհանդերձ հարց է առաջանում՝ ո՞րն է իմաստը փորձառու ժամանակավոր պաշտոնակատարին անփորձ ժամանակավոր պաշտոնակատարով փոխարինելու, արդյո՞ք Դավիթ Գևորգյանը ունի վարչական աշխատանքի համար օրենքով պահանջվող համապասխան 2-3 տարվա ստաժ և ինչո՞ւ համապատասխան կադր չեն ընտրում տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարելով։
Aravot.am-ը զանգահարեց Դավիթ Գևորգյանին՝ հետաքրքրվելով, թե որքանո՞վ են իրական նրա տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելու մասին շրջանառվող լուրերը, նա պատասխանեց․ «Այդպիսի նորություն չունեմ»։
Նշենք, որ ՀՀ կառավարության 2026 թվականի հուլիսի 2-ի N 990 որոշումը առողջապահական պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող, ինչպես նաև համայնքային բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի (այսուհետ՝ տնօրենի) ընտրության (նշանակման) մրցույթի համար կազմակերպության տնօրենի հավակնորդներին հետևյալ կրթական պահանջներն է ներկայացնում՝
«Առողջապահական ներառյալ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող
պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող,
ինչպես նաև համայնքային բաժնետիրական ընկերություններում, բացառությամբ սույն կարգի 3-րդ և 4-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ լիազոր մարմին) ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններում, ինչպես նաև 20.000 և ավել բնակչություն սպասարկող առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող հաստատություններում տնօրենի հավակնորդ կարող է լինել այն գործունակ չափահաս Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որն ունի`
1. բարձրագույն կրթություն և ղեկավարման բնագավառի առնվազն երեք տարվա
աշխատանքային ստաժ առողջապահության ոլորտում կամ
2. բարձրագույն կրթություն և հանրային առողջության և առողջապահության
կազմակերպման, առողջապահության կառավարման ոլորտի հետավարտական
մասնագիտական կրթություն և ղեկավարման բնագավառի առնվազն երկու տարվա
աշխատանքային ստաժ առողջապահության ոլորտում կամ
3. բարձրագույն կրթություն և սույն կարգի 5-րդ կետով սահմանված մագիստրոսի
կրթական ծրագրերով մագիստրոսի որակավորում և ղեկավարման բնագավառի առնվազն
երկու տարվա աշխատանքային ստաժ առողջապահության ոլորտում»:
Նունե ԱՐԵՎՇՏՅԱՆ



















































