Լրահոս
Նշանակումներ ՊՆ-ում
Օրվա լրահոսը

«Ամուլսարն անփոխարինելի է»․ CEE Bankwatch Network ցանցի կենսաբազմազանության հարցերով փորձագետ Անդրեյ Ռալև

Հոկտեմբեր 19,2026 15:38 Share
Աջակցեք aravot.am-ին

«Աշխարհի տարածքների 75 տոկոսը փոփոխվել է մարդու կողմից, միայն 25 տոկոսն է, որ մարդու կողմից դեռ միջամտության չի ենթարկվել։ Եթե թույլ տանք տարբեր բանկերի կողմից իրականացվող նախագծերին, որպեսզի այս 25 տոկոս տարածքներն էլ միջամտության ենթարկվեն, դրա հետևանքները կլինեն անդառնալի։ Մեզ չպետք է կերակրեն խոստումներով։ Դա ամենևին լուծում չէ»,-Երևանում անցկացվող ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում Կանաչ գոտում տեղի ունեցած «Կենսաբազմազանության ֆինանսավորում՝ առանց վնաս պատճառելու․ ինչպես ֆինանսական կառույցները կարող են պաշտպանել կենսաբազմազանությունը, կարևոր էկոհամակարգերն ու մարդկանց՝ պահպանելով արգելված գոտիները» թեմայով քննարկման ժամանակ ահազանգեց CEE Bankwatch Network ցանցի կենսաբազմազանության հարցերով փորձագետ Անդրեյ Ռալևը։

Փորձագետն իր ելույթում անդրադարձավ այն խնդիրներին, որոնք առաջանում են կենսաբազմազանության պահպանության հարցում, երբ մասնավոր հատվածն առաջ է տանում իր շահերը։

Անդրադառնալով Ամուլսարին՝ նա վստահեցրեց՝ պետք չէ հիմնվել ազգային հանձնաժողովների կայացրած որոշումների վրա։ Նա փաստեց՝ կա միջազգային կազմակերպության կողմից կատարված ուսումնասիրություն և եզրակացություն, որի համաձայն՝ հանքի շահագործումը կունենա վտանգավոր ազդեցություն․ «Տեղի բնակիչների, բնիկների կարծիքն է կարևոր, որոնց տարածքում են ցանկանում իրականացնել նախագիծը։ Ամուլսարի հետ կապված հիմնական խնդիրն այն է, որ այն անփոխարինելի է։ Ասում են, որ եթե մենք շահագործենք հանքը, կարող ենք այդ սարի կենսաբազմազանությունը փոխարինել՝ այն վերականգնելով այլ տարածքում։ Իսկ դա նշանակում է, որ նոր կենսաբազմազանության ապահովման համար տարիներ են պահանջվելու, բայց միևնույն է, դա նույնը չի լինելու։ Դա հենց կանաչ լվացումն է, որ մարդկանց կերակրում են խոստումներով»։

Բնապահպան ակտիվիստ Աննա Շահնազարյանն էլ փաստեց՝ Ամուլսարի հարցում տարբեր կազմակերպություններ օգտագործում են բանկերի հեղինակությունը ու նշեց․ «Մեզ ասում են, որ մենք պարտավոր ենք համապատասխանել միջազգային ամենաբարձր չափանիշներին։ Սակայն գործնականում այդ չափանիշները հաճախ ծառայում են նախագծերը բանկերի և ներդրողների համար ֆինանսապես գրավիչ դարձնելուն, այլ ոչ թե ապահովելու, որ դրանք լինեն սոցիալապես արդար, բնապահպանական առումով կայուն և իրականում օգտակար այն համայնքների համար, որոնց վրա դրանք ազդեցություն են ունենում»։

Խոսելով Ամուլսարի մասին՝ նշեց, որ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել սարի պահպանության համար։ Նաև վստահեցրեց, որ իրենց պայքարին խանգարում է նաև այն, որ ճանապարհը դեպի սար փակել էին։

Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031