Ըստ BBC-ի պարսկական ծառայության հետ զրուցած Թեհրանի բնակիչների՝ Թեհրանի ժամանակով գիշերը 04:00-ին (Երեւանում՝ 04:30) պայթյունների ձայները դադարել են:
ԱԳ նախարար Աբբաս Արաղչին X-ում Երեւանի ժամանակով 05:03-ին նշել է․
«Իր անօրինական ագրեսիայի համար Իսրայելին պատժելու մեր հզոր զինված ուժերի ռազմական գործողությունները շարունակվեցին մինչեւ վերջին պահը՝ առավոտյան 4-ը։
Բոլոր իրանցիների հետ միասին, ես երախտագիտություն եմ հայտնում մեր խիզախ զինված ուժերին, որոնք մշտապես պատրաստ են պաշտպանել մեր սիրելի երկիրը մինչեւ իրենց արյան վերջին կաթիլը, եւ որոնք արձագանքեցին թշնամու ցանկացած հարձակման մինչեւ վերջին պահը»։
Կարդացեք նաև
BBC-ն՝ հղում կատարելով իր զրուցակցին, տեղեկացնում է նաեւ, որ այս գիշեր, նախքան տեղական ժամանակով 04:00-ը, Թեհրանն ականատես է եղել հունիսի 13-ից ցայսօր ամենաինտենսիվ օդային հարձակումներին։
Ավելի վաղ Աբբաս Արաղչին X-ում կասկածի տակ էր դրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի եւ Իսրայելի միջեւ ռազմական գործողությունները կանգնեցնելու համաձայնության մասին հայտարարության ճշմարտացիությունը՝ շեշտելով՝ «հրադադարի կամ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ որեւէ «համաձայնություն» առայժմ ձեռք չի բերվել»։
Դիվանագետը միեւնույն ժամանակ հայտնել էր, որ իրանական ուժերը մտադրություն չունեն պատասխանել Իսրայելին, եթե վերջինս «դադարեցնի իրանցի ժողովրդի դեմ իր անօրինական ագրեսիան մինչեւ Թեհրանի ժամանակով առավոտյան 4-ը»։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Դոնալդ Թրամփը հայտնել է հունիսի 13-ին հրեական պետության սանձազերծած ռազմական գործողությունների ավարտի համաձայնության մասին։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ