Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳԻՏՆԱՆՔ՝ ԻՆՉ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԳՆԱՆՔ»

Նոյեմբեր 06,2010 00:00

\"\"Թատերարվեստի լիբանանահայ նահապետ Պերճ Ֆազլյանի դիտարկումները

Ամիսներ առաջ Հայաստանում էր կենդանի լեգենդ, սփյուռքահայ բեմադրիչ, դերասան, Լիբանանի թատրոնի հիմնադիր, աշխարհի տարբեր անկյուններում իր բեմադրությունների համար բարձր պարգեւների արժանացած արվեստագետ Պերճ Ֆազլյանը:
Միաժամանակ 4 ներկայացում բեմադրելու համար արաբական թերթերից մեկը՝ «Ալ Շապաքէն», նրան համեմատել էր մարդու հետ, ով մի ձեռքով 4 ձմերուկ է պահում: Երբ հիշեցրինք այս հոդվածի մասին, պարոն Ֆազլյանը ժպտալով նշեց, թե կինոն էլ 5-րդ ձմերուկն է: Ի դեպ, նա Հայաստան էր ժամանել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի առիթով, որի երկու ֆիլմերում (Վաչե Բուլղուրջյանի «5-րդ շարասյունը» եւ Ատոմ Էգոյանի «Հարազատները») խաղում է: Երբ հարցրինք՝ իր կարծիքով ինչո՞ւ այսօրվա երիտասարդները չունեն իր էնտուզիազմը, Պ. Ֆազլյանը փաստեց, թե թատրոնը ողջ աշխարհում ճգնաժամ է ապրում: Նրա խոսքով, միշտ էլ արվեստի գլուխգործոցները ծնվել են, երբ երկրները տնտեսաքաղաքական խնդիրներ են ունեցել: Այսօր, սակայն, իրավիճակը այլ է: «Միշտ էլ թատրոնները այս կամ այն վարչակարգերու դեմ պայքար մղած են, իսկ 21-րդ դարու փիլիսոփայությունը ո՞ւր է: Փիլիսոփայության ջահակիրը գոյություն չունի տակավին, որովհետեւ չենք գիտեր՝ 21-րդ դարը ի՞նչ դար է… Բեմի վրա տեքնոլոջին շատ ազդեց, դերասանի, մարդու, ներկայությունը սկսավ երկրորդական պլանի անցնել, տեսողական էֆեկտերը կկարեւորվեն»,- ասում է բազմափորձ արվեստագետը: Նաեւ հավելում, որ հայկական թատրոնի խնդիրը ավելի բարդ է, հիմա Հայաստանն անկախ է, Սփյուռքն էլ այլեւս առաջվանը չէ, մինչդեռ նախկինում այն բաժանված էր պրոսովետական եւ հակասովետական թեւերի, ու այդ թեմաներով կարելի էր աշխուժություն մտցնել արվեստում: Նրա համոզմամբ, լավ կլինի, որ եւ հայրենիքում, եւ Սփյուռքում ցեղասպանության խնդիրը բարձրաձայնվի ու հանրայնացվի: Ինչ վերաբերում է թատրոնին, եթե այն ասելիք չունի, ուրեմն պիտի լռի, թե չէ, Ֆազլյանի խոսքով՝ զարմացնելու արվեստի ժամանակներ են եկել, այն դեպքում, երբ թատրոնը անհատի ու ամբոխի հետ ունեցած փոխհարաբերությունն է: Հունական թատրոնը, ըստ մեր զրուցակցի, ուժեղ էր՝ 40000-50000 հանդիսատես ուներ, իսկ այսօր «40000 հանդիսատես կգտնեք միայն ֆուտբոլին մրցումներու մեջ եւ կամ ռոք մյուզիքի մեջ, սրանք ամբոխը արտաքնապես խանդավառելու միջոցներ են»: Թատերարվեստի նահապետը ափսոսում է, որ չկան նոր Աճեմյաններ, որոնց բեմադրություններից հետո հանդիսատեսը դահլիճից դուրս գալով, չէր հիշում՝ «ա՞ջ, թե՞ ձախ պիտի երթա»: Ֆազլյանի համար թատրոնը առանձնահատուկ արվեստ է, որովհետեւ կինոյի դեպքում «մարդ մը եւ պաստառին վրա գոյություն ունեցող մարդ մը փոխհարաբերության մեջ չեն, իսկ թատրոնի պարագային՝ բեմի մարդ մը եւ ապրող մարդ մը փոխհարաբերություն ունեն»:
Մեր դիտարկմանը՝ հե՞շտ է, լինելով արվեստի մասին հարուստ գիտելիքներով «զինված» մարդ, աշխատել ուրիշի «ձեռքի տակ»՝ կինոյում, զրուցակիցս պատասխանում է. «Ատոմը (Էգոյանին նկատի ունի- Գ. Հ.) այսօր մասը մը նկարահանեց ինձի՝ իր նոր ֆիլմի համար… բոլոր ռեժիսորներու մոտ աշխատած եմ, ինձի ազատ ձգած են, նույնիսկ կհարցնեն՝ ի՞նչ կմտածես: Ես ասում եմ՝ ռեժիսորը դուն ես, դուն պիտի ինձի ըսես»:
«Առավոտի» հարցին՝ լեզուն կարո՞ղ է խոչընդոտ լինել, որ այլ լեզվով խոսող հանդիսատեսը չկարողանա ընկալել դերասանի խաղը, Մհեր Մկրտչյանի, Սոս Սարգսյանի, Մետաքսյա Սիմոնյանի, Փափազյանի ու մյուս մեծերի հետ շփված դերասանն ու բեմադրիչը հիշում է մի դրվագ. «Ֆրունզիկի հետ միասին Ամերիկայում «Պաղտասար աղբար» խաղացինք, Մհերը «Պաղտասարի» մեջ տեսարան մը ունի, որ ճանճ է քշում, մոտավորապես 3 կամ 4 րոպե: Երբ վերջացավ ներկայացումը, եկան շնորհավորելու, ես քովն էի: Ամերիկացի լրագրող մը եկավ, ամերիկացի՛, ո՛չ թե ամերիկահայ, ըսավ՝ բացառիկ դերասան եք դուք, մանավանդ ձեր լուռ տեսարանը շատ հավնեցա: Մհերը ինչպե՞ս պատասխանեց՝ գիտե՞ք: Ըսավ, դուք հավնեցաք, որովհետեւ այդ լուռ տեսարանը անգլերեն խաղացի»: Վկայակոչելով ֆրանսիացի բեմադրիչ Շարլ Դյուլեին ու Մհեր Մկրտչյանի խաղը, Ֆազլյանն ասում է, թե դերասանը երկու բառի միջեւ եղած լռության մեջ է խաղում, ու փաստում. «Այսօր դժբախտաբար բառերու վրա կնստինք, բառախեղդ են ներկայացումները»: Աշխարհի լավագույն բուհերում դասավանդած արվեստագետը ցանկություն ունի իր փորձը փոխանցել նաեւ Երեւանի կինոյի եւ թատրոնի ինստիտուտի սաներին, ասում է՝ Հայաստանում ամբիցիաները մեծ են, ուրիշի փորձին ծանոթանալու ցանկությունները՝ փոքր:
Դառնալով ամեն տարի Երեւանում կազմակերպվող «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին, Պ. Ֆազլյանը նկատում է. «Շատ լավ է «Ոսկե ծիրանը», սակայն պետք է «քաղաքականացնել» փառատոնը, գիտնալ՝ ի՞նչ ուղղությամբ գնանք: Ես ալ իմ տանս մեջը հյուրեր կհավաքեմ, հետո՞…»: Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմով փառատոնը բացելն էլ սխալ է համարում՝ «Դա ամենատկար, ամենածիծաղելի գործն էր»: Ասում է՝ Հայաստանում ընդհանրապես շատ են շփոթում հայն ու հայածինը. «Վիլյամ Սարոյանը հայածին է, եթե այսօր Ամերիկային թատրոնի պատմություն բացվի, Սարոյանի անունը գոյություն ունի, հայածին է՝ ես ալ կհպարտանամ, բայց հայ չէ, նույնը Արթուր Ադամովը՝ ֆրանսիական արդի թատրոնին կպատկանե, Վախթանգովը՝ ռուսական թատրոնին: Եթե Հայաստանի թատրոնի պատմությունը բացվի, ես մեջը չկամ, երբ Լիբանանինը բացվի՝ իմ անունս առաջինն է, հիմնադիրներեն մեկն եմ, սա իրականություն մըն է: Իսկ հայկականության իմ թեզս աս է՝ պատրաստենք միջազգային գետնի վրա հայեր, որպեսզի ունենանք բռունցք մը, որ հայկական հարցին ատեն կարենանք զարկել սեղանին… Այդպիսի հայեր չունինք…»: Մեր այն նկատառմանը, թե միջազգային բազմաթիվ պարգեւներ ունի, անցյալ տարի էլ 80-ամյակի առիթով արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալին, Պ. Ֆազլյանը ժպիտով պատասխանում է. «Ատոնք ընդամենը մահվանս օրը դագաղիս առջեւը դրվելիք բաներ են…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել