
Նա վիրավորական է համարում, երբ հայերին ինչ-որ կատեգորիաների են բաժանում` ամերիկահայ, սփյուռքահայ, ինչպես ինքն ասաց` հայը հայ է.«Բոլոր սփյուռքահայերի համար Հայաստանը բնօրրան է, իսկ սփյուռքը` ապրելավայրը»:
Կոմպոզիտորը նշեց, որ վերջին տարիներին մշակութային կյանքում լուրջ բացթողումներ են եղել, հատկապես` երաժշտական ասպարեզում:
«Թեեւ հեռուստատեսությամբ ընթացող մի քանի հաղորդումները փաստում են, որ մենք կարող ենք վերականգնել այն, ինչ կորցրել ենք, օրինակ` «Ժողովրդական երգիչ» հաղորդումը: Կաղում է դասական երաժշտության մակարդակը, նրա ցուցադրումը, կատարումը»,- ասաց Անասյանը եւ հավելեց, որ մի փոքր Հայաստանի համար շատ են բեմը նվաճած աստղիկները, նրանց պետք է ցած իջեցնել իրենց աստեղային բարձրությունից:
Կոմպոզիտոր, երգահան Արա Գեւորգյանը նշեց, որ Անասյանը շատ տաղանդավոր եւ համեստ մարդ է, մարդ, ով ոչ միայն բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ է, այլ նաեւ հրաշալի խմբավար եւ գրող, հրապարակախոս. «Անասյանը շուրջ 34 տարի առաջ արտագաղթել է Հայաստանից եւ ապրում է ԱՄՆ-ում: Նրա ընտանիքի բոլոր անդամները մշակույթի մարդիկ են. կինը դասական երգեր է կատարում, տղան` Արմեն Անասյանը` Յաննիի դիրիժորն էր, մյուս տղան` Արամ Անասյանը, հոյակապ երգիչ է, տենոր»:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ


















































