Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ պետք է տա Թեւան Պողոսյանի տաքսու գումարը

Մարտ 22,2013 16:50

«Ինչո՞ւ չեն ավելանում ներդրումային հոսքերը, եթե բիզնես ծավալելը այդքան դյուրին է համարվում անաչառ գնահատողի տեսանկյունից»

«Մեկուկես ժամ սահմանապահը կանգնեցրել եւ հարցնում էր «Արարատ» ֆիլմի սյուժեի մասին: Հաջորդ օրը ես տեսա Ատոմ Էգոյանին, պատմեցի եւ զարմանքս արտահայտեցի. երբեք չէի պատկերացնի, որ կինոն նման ազդեցություն կարող էր ունենալ»,- այսօր իր հետ տարիներ առաջ կատարված միջադեպը հիշեց ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը`հայ-կանադական հարաբերությունների քսանամյակին նվիրված քննարկման ժամանակ, որը կազմակերպել էր «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոնը»:

Պողոսյանն այլ տպավորություն էլ էր ստացել իր Կանադա կատարած այցից. «Էգոյանին հարցրեցի`իսկ ո՞վ է փոխհատուցելու իմ տաքսիի գումարը»,- հումոր արեց Պողոսյանը`հավելելով, որ մեքենան, որը իրեն պետք է տեղափոխեր, գնացել էր՝ այդքան սպասելու արդյունքում, եւ օդանավակայանից մինչեւ Տորոնտո տաքսիով էր հասել, ինչը բավականին թանկ էր արժեցել: Պատգամավորը պատմեց, որ կանադական նահանգները ԱՄՆ-ի հետ առավել մեծ առեւտրատնտեսական կապեր ունեն, քան միմյանց հետ. «Դա ուսումնասիրել է պետք եւ կիրառել հայ-իրանական, հայ-վրացական հարաբերություններում: Հարավ-Հյուսիս համագործակցության շրջանակներում ՀՀ-Վրաստան հարաբերությունները Կանադա-ԱՄՆ համագործակցության մի գաղափար կարող է դառնալ»: Թեւան Պողոսյանը կարծում է, որ մենք պետք է կարողանանք ապահովել Կանադայի ներդրումային թիմի մուտքը Հայաստան:

ՀՀ-ում Կանադայի դեսպան Ջոն Քլեբուրն Սլոան իր խոսքում նկատեց, որ հայ եւ կանադացի ժողովուրդների միջեւ ակտիվ շփումներ կան, ինչը համահունչ չէ երկկողմ առեւտրատնտեսական հարաբերություններին: Երկկողմ առեւտրի ընդհանուր ծավալը հարյուր միլիոն դոլարի է հասնում, ինչն, ըստ դեսպանի, հնարավորությունների ողջ ծավալը չէ: «Հայաստանի հիմնական ռեսուրսը մարդիկ են: Հայերը աշխարհում հայտնի են որպես խելացի, կրթված, մշակութային եւ պետական գործիչներ: Մեծ, կազմակերպված համայնք կա Կանադայում`հիսուն հազարից ավելի անդամներով»:

Ի դեպ, Կանադայի խորհրդարանում մեր համայնքը մեկ պատգամավոր է ունեցել եւ, ըստ հայ խորհրդարանական Թեւան Պողոսյանի, վերջինս հավանաբար շատ ակտիվ է եղել, քանի որ Կանադան առաջիններից է, որ օրենսդիր եւ գործադիր մարմիններում ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Դրսից նետված հայացքով դեսպանը տեսնում է, որ շատ ցանկացողներ կան, որ ներդրումներ անեն Հայաստանում, ոչ թե տրանսֆերներով սահմանափակվեն: «Դա կարեւոր հարց է, որին պետք է անրադառնալ երկարաժամկետ համագործակցության առումով»,- ասաց դեսպանը`հավելելով, որ ներդրումների հնարավորություններ է տեսնում  տեղեկատվական տեխնոլոգիաների, հանքարդյունաբերության, տուրիզմի ոլորտներում: «Կանադայի կառավարությունը շարունակում է կոչ անել ՀՀ կառավարությանը, որ բարենպաստ բիզնես, հարկային եւ մաքսային համակարգ ձեւավորեն»,- ասաց դեսպանը`հավելելով, որ միջազգային տնտեսական չափանիշներով Հայաստանը 54-երորդ տեղից բարձրացել է 32-րդ տեղը`բիզնես ծավալելու դյուրինության առումով, բայց. «Ինչո՞ւ չեն ավելանում ներդրումային հոսքերը, եթե բիզնես ծավալելը այդքան դյուրին է համարվում անաչառ գնահատողի տեսանկյունից: Առեւտրատնտեսական հարաբերությունները մնացյալ բոլոր հարաբերությունների հիմքն են»: Դեսպանի կարծիքով Սփյուռքի ներուժը պետք է օգտագործել:

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը չհամաձայնեց դեսպանի այդ դիտարկման հետ: «Վարչարարական խնդիրներ ունենալով հանդերձ, մեր  ներդրումային օրենսդրությունը համապատասխանում է եվրոպական օրենսդրությանը»,- ասաց նա`հիշեցնելով ՀՀ նախագահի այն հայտարարությունը, որ խոշոր ներդրումների դեպքում պատրաստ ենք յուրաքանչյուր առանձին դեպքում օրենքով ամրագրումներ, եւ հատուկ պայմաններ սահմանել: Արսեն Ղազարյանը երկու երկրների առեւտրատնտեսական հարաբերություններում համագործակցություն տեսնում է հանքարդյունաբերության ոլորտում, ներկրումների, մասնավորաբար ցորենի, որը լավագույնն է աշխարհում եւ առավել մատչելի կլինի, քան այսօր է, փայտ-փայտանյութի, որը նույնպես առավել մատչելի ու որակյալ լինի, քան այսօր, որ ներկրվում է Սիբիրից: Արսեն Ղազարյանը գերխնդիրը այսօր համարում է հարյուր միլիոնանոց շրջանառության մեծացումը, ինչի համար, կարծում է, որ Հայաստանի տնտեսական դաշտը պետք է Կանադայում լիարժեք ներկայացնել: Ի դեպ, ըստ նրա, կանադահայ գործարարները ամենաակտիվն են Հայաստանում, բայց. «Էթնիկ կապիտալի նկատմամբ մեր պահանջատիրությունից մենք պետք է կամաց կամաց ազատվենք»:

Քննարկման ժամանակ էական համարվեց Հայաստանում Կանադայի դեսպանատան գոյությունը`հարաբերությունների հետագա խորացման համար: Դեսպանը խոստացավ այդ ցանկությունը փոխանցել իր երկրի ղեկավարությանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031