Հարցազրույց ՓՄՁ ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանի հետ
-Կառավարությունը մայիսի 2-ի նիստում հաստատեց հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթ և անհետաձգելի ռեժիմով ուղարկեց ԱԺ։ Կարծես թե այն վերաբերվում են հիմնականում շրջանառության հարկի փոփոխություններին, որով, ըստ զեկուցող ֆինանսների նախարարի, վերականգնվում է հարկային արդարությունն ու բխում է կառավարության ծրագրից։ Ինչպե՞ս կգնահատեք այս փոփոխությունները ՓՄՁ-ների համար։
-Շնորհակալություն, փորձեմ պատասխանել ըստ նշվածների առանձին-առանձին։ Եթե կարճ պատասխանեմ, ապա սա հերթական օրենսդրական փոփոխություններն են, որոնք ուղիղ վատթարացնող ազդեցություն են ունենալու մեր երկրում գործող ՓՄՁ ների, մասնավորապես հենց գերփոքր բիզնեսների վրա՝ հաշվի առնելով, որ մեր երկրում գործող կարգավորումների համաձայն գերփոքր են համարվում տարեկան մինչև 100 մլն շրջանառություն և մինչև 10 աշխատակից ունեցողները։
Սկսենք հիշատակված կառավարության ծրագրից։ Նախ ոչ միշտ է, որ կառավարության ծրագրերը լավն են և արտացոլում են իրատեսական նպատակներ և թիրախներ։ Այնուամենայնիվ, ծրագրում, այդ մասով ընդամենը նշված է մեջբերեմ՝ «… ինչպես նաև ստորին մակարդակում գտնվող հարկման համակարգերում արհեստականորեն տեղավորվելու և այդ կերպ հարկերի վճարումից խուսափելու…. և այլն…ռիսկերը նվազեցնելու նպատակով հարկման տարբեր համակարգերի միջև սահմանվելու է համադրելի և արդարացի հարկային բեռ:» ։ Այսինք չի նշված, որ մի ամբողջ հարկման հատուկ համակարգ, որը ներդրվել էր նախորդ կառավարությունների կողմից՝ ՓՄՁ-ներին և սկսնակ գործարարությանը աջակցելու համար, այն վերացվելու է, առանց լուրջ հիմնավորման։ Սակայն այդ նույն կառավարության ծրագրում, ավելի առաջնային գլուխներում, օրինակ` նշված են ՓՄՁ-ների համար դրված թիրախներն ու անելիքները «… Կառավարությունն ակտիվորեն աջակցելու է ՓՄՁ-ների զարգացմանը՝ 5 տարիների ընթացքում ՓՄՁ-ների մասնաբաժինը ՀՆԱ-ում հասցնելով 55%-ի»։ Այս մասով սակայն տնտեսության պատասխանատուները չեն ընդդիմանում և քայլեր չեն ձեռնարկում։ Միևնույն ժամանակ մի շարք հստակ միջոցառումներ, որ նույն կառավարությունը հաստատել է ՓՄՁ զարգացման ռազմավարության մեջ, նշված է, որ այդ պահին ՓՄՁ-ի մասնաբաժինը ՀՆԱ-ում մոտ 24 տոկոս է։ Այս մասն ամփոփելով ընդամենը կնշեմ, որ պետք չէ լուրջ վերաբերվել ֆինանսների նախարարի կողմից ինչ-որ ռազմավարությանը կամ ծրագրին հղվելու հիմնավորմանը, քանի որ իրենք էլ իրենց իսկ ընդունած փաստաթղթերին լուրջ չեն վերաբերվում, կամ հղվում են միայն այն կետերին և այն իմաստով, որն այդ պահին պետք է գրվի հիմնավորումներում։
Կարդացեք նաև
-Բայց այս մասով վարչապետն էլ նշեց, որ շրջանառության հարկում գործողները մոտենում են շեմին և այլևս թաքցնում են իրենց շրջանառությունը, մեջբերեմ … « ..մեզ թվացել է, որ մենք արտոնյալ պայմաններ ստեղծելով պետք է մարդկանց մոտիվացիա տանք, տրամպլին ստեղծենք…, որպեսզի նրանք աճեն անցնեն և հասնեն ԱԱՀ-ի դաշտ։ Մենք տեսնում են ար պրակտիկայում… շրջանառության հարկ վճարողները տարեկան շրջանառությունը մինչև 120 մլն-ը վճարում են շրջանառության հարկ, դրանից ավել վճարում են ԱԱՀ… եթե տրամպլինի տրամաբանությամբ նայենք, ապա տեսնում ենք, որ մեր սիրելի տնտեսվարողները ստարտը սկսում են և հենց գալիս է թռնելու պահը, արգելակները միացնում են…։»
-Նախ նորից ճշգրտեմ, այս հատուկ հարկման ռեժիմները իրենք չեն ներդրել։ Շրջանառության հարկի շեմը 120 չէ, այլ 115 մլն։ Շրջանառության հարկի և ընտանեկան ձեռնարկատիրության հարկերից ազատման ռեժիմները ներդրվել են նախորդ կառավարչությունների ժամանակ ի նպաստ գերփոքր բիզնեսների։ Ավելին, երբ պարտադիր փաստաթղթավորման փոփոխությունների փորձ էր արվում նախկինում, այն ժամանակ, պատգամավորի կարգավիճակով Նիկոլ Փաշինյանը կանգնած էր ՓՄՁ-ների կողքին։ Այս իշխանությունների օրոք, չնայած որ 2018-ին հայտարարվել էր որ նորից գրելու են նոր հարկային օրենսգիրք, ընդամենը շարունակել են եղածի վրա փոփոխություններ, կարկատաններ անելու գործընթացը։ Ինչ վերաբերվում է շրջանառության հարկի վերին շեմի տակ կուտակվելուն, այսպես ասած արգելակելուն, ապա այս մասին անընդհատ խոսվել է և տարբեր օրինակներ բերվել՝ առանց խորը ուսումնասիրելու առկա խնդիրներն ու դրա պատճառները։
Ես չեմ բացառում, որ կան տնտեսվարողներ, որոնք շեմին հասնելիս կամ սկսում են թաքցնել շրջանառությունը, կամ իրապես դադարեցնում են վաճառքները՝ հաշվի առնելով սպասվելիք ավելի ծանր հարկային բեռը։ Երկրորդ խմբի դեպքերում, որպես զանցանք գործելու մեղադրելու ոչինչ չկա, քանի որ տվյալ բիզնեսը ի սկզբանե իր բիզնես պլանը հաշվարկել է այս ռեժիմով և այո դիտմամբ դադարեցնում է իր վաճառքները, քանի որ ավելի ծանր հարկային բեռով չի կարող մրցակցել ։
Բացի դա, կան բիզնեսի ոլորտներ և ավելի շատ դեպքեր, որտեղ ամենևին էլ չկա շեմի շուրջ կուտակում՝ արգելակում, բայց մենք նման փոփոխություններ անելիս բոլորի վիճակն ենք վատթարացնում։ Օրինակ, հանրային սննդի ոլորտում, որը կարողանում է ապահովել ծառայությունների ոլորտում տնտեսական ակտիվություն և աճ, ըստ ֆինանսների նախարարության կողմից տրամադրված պաշտոնական տվյալների պատկերը լրիվ այլ է։ Ես ձեզ կտրամադրեմ մի քանի գրաֆիկ խնդրում եմ նայեք։
Օրինակ, ըստ 2022թ-ի այդ տվյալների հանրային սննդի ոլորտում գործունեություն ծավալող 2058 տնտեսվարողներից միայն 277 ն են գերազանցել 115 մլնի շեմը։ Ավելին` նշված 2058-ից 1115-ը՝ մոտ 54 տոկոսը գտնվում են մինչև ընդամենը 10 մլն շրջանառության խմբում։ Այսինքն այս խմբի կեսից ավելի բիզնեսները, եթե նույնիսկ ենթադրենք, որ բոլորը «խաբեբա» են և թաքցնում են իրենց շրջանառությունը, ապա նրանք անգամներով հեռու են նշված շեմից։ Իսկ 100-ից 110 մլն շրջանառության խմբում ոլորտի գործունեություն ծավալողների ընդամենը 1 տոկոսն են։
Այսինքն երբ նման մասշտաբի փոփոխություններ են արվում, առնվազն պետք է ոլորտ առ ոլորտ նայել և դիտարկել դրանց խնդիրները, մարզային և ոչ մարզային ՓՄՁ-ների առանձնահատկությունները, սահմանամերձ համայնքներում գործող գերփոքր բիզնեսների դժվարությունները, հանրային մեծ քննարկումներ կազմակերպել։ Որպեսզի պատկերացնեք մասշտաբը, այս փոփոխությունների փաթեթը վերաբերվում են մոտ 50,000-ից ավելի տնտեսվարողների և նորից կրկնեմ հիմնականում գերփոքր բիզնեսների, մարզային բիզնեսներին։
-Ֆինանսների նախարարը նշեց, որ հանրային քննարկումներ եղել են և պատճառներից մեկն էլ բերեց, որ շրջանառության հարկ վճարողները վճարում են հարկերի ընդամենը 2,3 տոկոսը։
-Նախ մեզ հետ հանդիպում եղել է ընդամենը մեկ անգամ հունվարի 24-ին, և մենք առաջարկել էինք աջակցել իրենց, որպեսզի ֆոկուս խմբային, մարզային հանդիպումներ անեն մինչև որոշում ընդունելը, որը և չեն արել։ Այս մասին ահազանգել ենք դե յուրե մեր երկրում ՓՄՁ-ների և տնտեսության պատասխանատու էկոնոմիկայի ներկա և նախկին նախարարներին՝ բայց այս դեպքում էլ չի կազմակերպվել ոչ մի քննարկում։ Ավելին, ես 2012թ-ից զբաղվում եմ մեր երկրում ՓՄՁ շահերի պաշտպանությամբ և առաջին անգամ եմ տեսնում, երբ էկոնոմիկայի նախարարությունը կողմ կարծիք ներկայացնի մեր երկրում ՓՄՁ-ների հարկման ռեժիմների վատթարացմանը։
Ինչ վերաբերվում է հարկերի ընդամենը 2 տոկոսի վճարմանը, ապա այստեղ էլ պետք չէ զարմանալ, որովհետև դա ֆիսկալ քաղաքականության տեսակետ է։ Իսկ ով պետք է խոսի այն մասին թե այդ ՓՄՁ-ները մեր երկրում վարձու աշխատողների 60 տոկոսից ավելինի համար աշխատատեղեր ապահովողներն են, իսկ միայն գերփոքր բիզնեսներում ներգրավված են մեր երկրի վարձու աշխատողների մոտ 20 տոկոսը։ Սա տրիվիալ մոտեցում է, ամբողջ աշխարհում է այդպես, երկրները չեն դիտարկում ՓՄՁ ներին, մասնավորապես գերփոքրերին որպես հարկ գեներացնողների մեծ պոտենցիալ, նրանք ներառականության (նախկինում այս իշխանություններն էլ էին այս բառը օգտագործում, բայց հիմա դա մոռացված է), ինքնազբաղվածության և ի վերջո տնտեսական ակտիվության կարևոր և բաղադրիչ խումբ են։ Սրան գումարվում է նաև տվյալ երկրների առանձնահատկությունները՝ ելնելով մարզային թերզարգացվածության հարցերը լուծելու և այլ խրախուսական մոդելներ ներդնելու կարևորություններից և առաջնահերթություններից։
-Վարչապետի կողմից նշվեց նաև, որ այս օրենքը մոտ 20 տարի գործել է որպես հակապետական օրենք՝ խրախուսելով առանց փաստաթղթերի աշխատելը, հիմա է միայն այն կարգավորվում։
-Ես նորից ցավով պետք է նշեմ, որ կառավարության ղեկավարը տեղյակ չէ շրջանառության հարկի գաղափարախոսությունից և այն չի կարող համարվել հակապետական։ Այն մեր երկրում ներդրվել է 2013թ-ից, մենք գնացել նայել ենք մեր հարևան Վրաստանի օրինակը, այլ նման հարկային ռեժիմներ ունեցող երկրների օրինակը։ Միայն 2012թ-ին մոտ վեց ամիս կազմակերպվել են տարբեր ձևաչափերով հանրային քննարկումներ, հանդիպումներ և միայն 2013թ-ի հունվարից այն ուժի մեջ է մտել։ Աշխարհում գոյություն ունեն turnover tax, sales tax սրա նախատիպերը և գործում են։ Եվ բիզնեսն ինքն է որոշում վճարել շրջանառությունից հաշվարկված բարձր դրույքաչափ, ունենալով կանխատեսելի, բայց բարձր հարկային բեռ, թե փորձի անել բարդ հաշվապահական հաշվառում, որը վաղը հարկայինը կընդունի թե ոչ ռիսկով։ Այսինքն` այստեղ պարզ ընտրանքային բանաձևեր են, ինչ հակապետականության մասին է խոսքը։ Ավելին` եթե սա բնորոշվում է որպես հակապետականություն, ապա նույն այս փոփոխություններում նորից պահպանվում է հարկերից նվազեցնելու այլընտրանքը։ Ցավով պետք է արձանագրենք նաև, որ այս ամենը և կառավարության ղեկավարին հենց այդ քննարկման պահին չընդդիմանալը դա արդյունքն է այն բանի, որ կառավարությունում հիմնականում ներկայացված են խոշոր բիզնեսի շահերից մտածող ներկայացուցիչներ։ Նման լայնամասշտաբ շահառուներ ունեցող նախագծի այս ձևով փոփոխությունների ընդունումը առանց համապատասխան քննարկումների, պարզապես անընդունելի է։ Ավելին, եթե նայենք այս նախագծին կից մեր երկրում ֆորմալ հանրային քննարկումների համար նախատեսված e-draft համակարգի արդյունքները, ապա սա այն հերթական նախագծերից է, որին կից տեղեկանքում նշված է, որ այդ հարթակում նախագծին դեմ են եղել 819 հոգի, իսկ կողմ ընդամենը 4 հոգի։
-Ի վերջո` ինչքան կբարձրանա հարկային բեռն այս փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո։
-Ես փորձեմ ձեզ տրամադրել դրույքաչափերի փոփոխությունը աղյուսակի ձևով՝ հիմնական գործունեության տեսակների մասով։
| Գործունեության ոլորտ | Գործող դրույքաչափ շրջանառությունից | Նախագծով սահմանված, 2025թ-ից ուժի մեջ մտնող դրույքաչափ |
| Առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն | 5% | 10% |
| Արտադրական գործունեություն | 3.5% | 7% |
| Հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեություն | 6% | 12% |
| Այլ գործունեություն (ծառայություններն այդ թվում) | 5% | 10% |
Բայց բուն բեռի ավելացումը գնահատելը, հաշվի առնելով ծախսերի նվազեցումների խրթին կարգավորումները, այս պահին չենք կարող անել առանց ֆոկուս խմբային աշխատանքներ անելու։ Այն, որ մենք մեր երկրում խնդիր ունենք վատ մտածված օրենսդրական փոփոխություններ իրականացնել առանց ազդեցության գնահատման, դա այլևս փաստ է։ Օրինակ` այս դեպքում ոչ միայն զուտ դրույքաչափերի բարձրացում և իբրև խրախուսում ներդրվում է փաստաթղթերով ծախսերի չափով հարկի իջեցումը պետք է հաշվի առնենք որպես արդյունավետ դրույքաչափ, այլ այստեղ պետք է հաշվի առնենք թե ինչքան վարչական բեռ է նաև ավելանում գերփոքր բիզնեսի վրա, որը ստիպված պետք է քիչ հարկ վճարելու համար ավելի շատ գումար ծախսի բարդ հաշվապահություն անելու համար։ Հիմա սա ինչ-որ մեկը հաշվե՞լ է, գնահատե՞լ է արդյոք, իհարկե ոչ։
Այս փաթեթում մի մեծ խումբ, ինչպիսիք են նոտարներն ու փաստաբանական ծառայություն մատուցողները, ընդհանրապես զրկվում են այս ռեժիմում գործելուց և հայտնվում են ավելի քան 20 տոկոս հարկային բեռի ավելացման դաշտում։ Հաշվի առնելով, որ վերջիններս էական ծախսեր չեն անում և ոչինչ չեն նվազեցնելու, ստացվում է, որ այդ ծառայությունները՝ նոտարական, փաստաբանական և այլն, պարզապես մեր երկրում առնվազն 20 տոկոսով թանկանալու են և դրա դիմաց վճարելու ենք մենք՝ սպառողներս։
Մյուս ոլորտներում ևս բազմաթիվ խնդիրների ենք հանդիպելու, հաշվի առնելով, որ ունենք ոլորտներ, որոնք տարիներ ի վեր չեն լուծվել սկզբնական փաստաթղթավորման հարցերը։ Պարզապես մեկ հարցազրույցը բավարար չէ ամբողջ պատկերին անդրադառնալու համար։
Այս ողջ փոփոխությունները, երբ 2025 թ-ի հունվարից ուժի մեջ մտնեն, արդեն ականատես կլինենք փաստացի խնդիրների մեջ հայտնված գերփոքր բիզնեսների դժգոհության մի նոր ալիքի։ Գումարած դրան, որ արդեն կան ընդունված կարգավորումներ, որոնք ևս գալիս են լրացնելու նոր վատթարացնող նորմեր՝ ինչպես օրինակ 2025թ-ից մեր երկրում գյուղատնտեսական արտադրանքն այլևս հարկվելու է շահութահարկով, չնայած այս ոլորտի անկումներին։


















































