Լրահոս
Օրվա լրահոսը

Գերեզմանագողերը բողոքում են իրենց ձեռքը բռնողների դեմ

Մարտ 23,2013 13:15

Ուրիշից գողացած գերեզմանատեղը բարեկարգելու համար փոխհատուցում են պահանջում

Ցավոք, թերթում կարդացած ամեն տեղեկություն չէ, որ հաճելի է: Կյանքում այս կամ այն մարդուն բնութագրող նրա բարոյակամային հատկությունների դրսեւորումները տարբեր են լինում: Մի դեպքում՝ կարդալով հրճվում ես, որ դու եւս հայ ես, մյուսի դեպքում՝ ամաչում դրա համար: Միակ պատճառը, թե ինչու եմ այս մասին գրում, այն է, որ չեմ ուզում մեր ազգի մեջ նման բաներ լինեն: Գերեզմանագողությունը, գերեզմանապղծումը հարիր են մեր աշխարհագրական հարեւաններին, այլ ոչ մեզ:

Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը 2012թ. նոյեմբերին, դատավոր Վ. Ասլանյանի նախագահությամբ, քննել էր թիվ ԵԷԴ/0327/02/12 քաղգործը՝ ըստ Աշոտ Չիթիրյանի հայցադիմումի՝ ընդդեմ Արեւհատ Խաչատրյանի, երրորդ անձ՝ «Բնակչության հատուկ սպասարկում» ՊՈԱԿ, պատասխանողին պարտավորեցնելու, որ նա վերահուղարկավորի իր եղբոր՝ 2009թ. հուղարկավորված Գրիգոր Հակոբի Խաչատրյանի դիակը «Արին Բերդ» գերեզմանատան 41/16 ծառուղու 1-ին հատվածի 3-րդ շարքում դեռեւս 1991թ.-ից հուղարկավորված Հովհաննես Սուրենի Չիթիրյանի գերեզմանատեղիից (վկայական՝ 24473/20548):

Դատավարության ընթացքում Ա. Խաչատրյանը իր շահերի պաշտպան Ա. Ոսկանյանի հետ միասին չկարողանալով ապացուցել (իսկ ինչպես գիտեք՝ անկարելին հնարավոր չէ ապացուցել), որ վերոհիշյալ տարածքի համար իրենք եւս ունեն հողհատկացման փաստաթուղթ (նրանք միամտաբար կարծում են, որ «Արին Բերդ» գերեզմանատան 41/16 ծառուղու առաջին հատվածի 3-րդ շարքի գերեզմանատեղը եւ 41/16 գերեզմանատեղերը նույնն են: Թաղման բյուրոյի աշխատակիցները իրենց ցուցմունքներում փաստել են, որ դրանք տարբեր հասցեներ են: Նրանք մոռացել են իրենց իսկ բարեկամ Ցոլակ Գեւորգյանի նախաքննությանը տված ցուցմունքը, ըստ որի՝ Արեւհատ Խաչատրյանը գերեզմանափորներին բետոնե եզրապատերով ուրիշ գերեզմանատեղ է ցույց տվել փոս փորելու համար: Ա. Խաչատրյանը մոռացել է նաեւ իր իսկ ցուցմունքները, ըստ որի, իր խոսքերով՝ տարիներ անցնելու պատճառով ինքը հավանաբար սխալվել է եւ եղբոր դեռեւս կենդանության օրոք իբր վերցրած եւ եզրապատերը բետոնած գերեզմանատեղիի փոխարեն մեկ այլ գերեզմանատեղ է մատնացույց արել գերեզմանափորներին: Եվ քանի որ մարդը բնույթով այնպիսին է, որ իր իսկ գործած սխալը չի ուզում նկատել, ջայլամի պես գլուխը թաղելով ավազի մեջ, այլ մարդ է ման գալիս իր մեղքը նրա վրա գցելու համար՝ հակընդդեմ հայց էր ներկայացրել Ա. Չիթիրյանի եւ «Բնակչության հատուկ սպասարկում» ՊՈԱԿ-ի դեմ՝ գերեզմանատեղին բարեկարգելու, ցուցադրության արժանի տեղի վերածելու եւ Գ. Խաչատրյանի աճյունը տեղափոխելու ծախսերը համապարտ հատուցման պահանջի մասին… Եվ ըստ իրենց կողմից դատարանին ներկայացրած ինչ-որ մասնավոր մարդկանց ստորագրած ստացականների, օրինական ոչ մի հիմք չունեցող թղթի կտորների հիման վրա պահանջում է 1.200.000 դրամ եւ 700.000 դրամ՝ տեղափոխման համար:

Քանի որ Ա. Խաչատրյանը եւ նրա շահերի պաշտպան Ա. Ոսկանյանը՝ դեռեւս 1991-ից օրինական ձեւով այդտեղ հուղարկավորված Հովհաննես Չիթիրյանի հարազատների, այս դեպքում՝ Ա. Չիթիրյանի հետ չունեին գերեզմանատեղը Գ. Խաչատրյանի հարազատներին, այս դեպքում՝ Ա. Խաչատրյանին վարձակալության տալու պայմանագիր, հարգարժան դատավոր Վ. Ասլանյանը բավարարել էր Ա. Չիթիրյանի սկզբնական հայցը եւ մերժել հակընդդեմ հայցը: Ի դեպ, հակընդդեմ հայցը ներկայացնելիս դատարանից խնդրել էին պետտուրքի մուծումը տարաժամկետել՝ անբավարար միջոցներ ունենալու պատճառով: Զարմանալի է, որ գերեզմանատեղը ցուցադրության արժանի վայրի վերածելու համար մեր հայրենակիցները գումարներ ունենում են, բայց անհամեմատ քիչ պետտուրքի գումար՝ ոչ…

Դժգոհ մնալով առաջին ատյանի դատարանի վճռից՝ տիկին Խաչատրյանը բողոք էր ներկայացրել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան: ՀՀ վերաքննիչ դատարանը՝ ի դեմս դատավորներ Ա. Թումանյանի, Լ. Գրիգորյանի եւ Գ. Մատինյանի, հանգամանորեն ուսումնասիրելով քննության եւ ստորադաս դատարանի դատաքննության նյութերը, եկել են ճիշտ եզրակացության եւ 13.02.2013թ. կայացրել արդարացի որոշում՝ մերժել բողոքը եւ ստորադաս դատարանի վճիռը թողնել անփոփոխ:

Հիրավի մարդկային համառությունը՝ համեմատած այլ արարածների՝ չունի սահման: Չբավարարվելով այս վճռով եւս, տիկին Խաչատրյանը, երեւի հույսը դնելով իր պաշտպանի գերբնական «փաստախեղ» հատկությունների վրա, այս անգամ էլ արտատպելով վերաքննիչ դատարանին ուղղված բողոքը որոշակի փոփոխություններով, 12.03.2013թ. ներկայացրել է ՀՀ վճռաբեկ դատարան:

Պարզվում է, նրանք այլ բաների հետ մեկտեղ, դժգոհ են մնացել եւ ստորադաս, եւ վերաքննիչ դատարանների վճիռներից այն պատճառով, որ նրանք վճիռների մեջ չեն նշել, թե ինչու եւ ուր պետք է տեղափոխվի Գ. Խաչատրյանի դին:

Ուզում եմ հիշեցնել մոռացկոտներին, որ նրանք մեկ անգամ եւս կարդան քննության նյութերը եւ պարզ կդառնա, որ հենց Ա. Խաչատրյանի ցուցմունքից երեւում է, որ նրա եղբայրը դեռեւս կենդանության օրոք տեղ է վերցրել եւ բետոնապատել՝ հետագայում այնտեղ հուղարկավորվելու համար: Թեպետ զարմանալի է, թե ինչպես է կենդանի մարդը տեղեկանք ներկայացրել իր մահվան մասին. չէ՞ որ գերեզմանատեղը հատկացվում է մահը հաստատող տեղեկանքի առկայության դեպքում: Իսկ թե ինչո՞ւ պիտի Գ. Խաչատրյանի դին տեղափոխվի՝ դատավորները նշել են, պատասխանող կողմը թող լավ կարդա վճիռները, ես չեմ ուզում կրկնվել:

Մնում է հուսալ, որ ՀՀ վճռաբեկ դատարանը ճիշտ կգնահատի գործում առկա փաստերը եւ ոչ կասի գերեզմանագողերին:

Ա. ՉԻԹԻՐՅԱՆ

Հ. Գ. Իսկ թե ինչու եմ գերեզմանագող բառն օգտագործում, հուսով եմ՝ հասկանալի է: Իր արարքի ահավորությունը գիտակցողը, մեղա եկողը կամավոր կուղղեր իր կատարած սխալը եւ դա կորակվեր որպես պատահական սխալմունք: Այս դեպքը ուրիշ է. ինչպես գողը առանց դատ-դատաստանի իր գողացածը չի վերադարձնում, այնպես էլ այստեղ է, դրա համար էլ օգտագործել եմ գերեզմանագող շատ տհաճ բառը: Իսկ նրանք, ովքեր թիկունք են կանգնում նրանց՝ ըստ Քրեական օրենսգրքի համարվում են հանցակիցներ, այսինքն՝ նույն անունն են կրում…

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031