Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. «Ադրբեջանն ուզի, թե ոչ, Թուրքիային դուր գա, թե ոչ, Արցախը դառնալու է բանակցությունների կողմ»

Ապրիլ 13,2016 12:18

«Մեր նպատակը մեկն է`անել ամեն ինչ, որպեսզի բանակցությունների միջոցով ճանաչվի Արցախի անկախությունը: Եվ մեկ անգամ չէ, որ նշել ենք` Արցախի անկախությունն այլընտրանք չունի: Արցախի ժողովուրդն ինքը պետք է լինի իր ճակատագրի դարբինը եւ պատահական չէ, որ նաեւ Երեւանում, Մինսկի խմբի համանախագահները նշեցին` կարգավիճակի հարցը ամենաառանցքային հարցն է եւ վճռական, որոշիչ փուլում Արցախը դառնալու է բանակցությունների լիարժեք կողմ: Ադրբեջանն ուզի, թե ոչ, Թուրքիային դուր գա, թե ոչ, Արցախը դառնալու է բանակցությունների կողմ»,- «Սպուտնիկ-Արմենիա» մամուլի ակումբում այսօր հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` բացատրելով, թե ինչո՞ւ էին եվրոպացի պատգամավորները եկել Հայաստան եւ Արցախ:

Հիշեցնենք, այս օրերին Հայաստանում եւ Արցախում էին Չեխիա-Հայաստան, Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարները, Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Յանա Կանալին: Նրանք հանդիպումներ են ունեցել նախագահ Բակո Սահակյանի եւ Արցախի խորհրդարանի ղեկավարի հետ:

«Արցախի ժողովուրդն իր պայքարում միայնակ չէ: Սա ագրեսիա է ընդդեմ խաղաղ բնակչության: Արցախը պետք է որոշի իր ճակատագիրը»,- ըստ ԱԺ փոխնախագահի, պնդել են եվրոպացի պատգամավորները:

Իսկ հույն պատգամավորը նաեւ ուղիղ համեմատություն է տարել Փարիզում, Բրյուսելում եւ ԼՂՀ-ում իրականացվող ահաբեկչությունների միջեւ` ասելով, որ դրանք եվրոպական քաղաքակրթության համար նույն նշանակությունը պետք է ունենան:

Ի դեպ, եվրոպացի պատգամավորներին չի հետաքրքրում, որ իրենք հայտնվել են Ադրբեջանի «սեւ ցուցակի» մեջ:

ԱԺ փոխնախագահի համոզմամբ, ՀՀ-ն, որպես Արցախի հանրապետության երաշխավոր, պետք է քայլեր ձեռնարկի Արցախի ժողովրդի անվտանգության պահպանման համար: Դրանք թե ռազմական, թե քաղաքական են:

Ասուլիսից հետո, հույն պատգամավորի հետ, Էդուարդ Շարմազանովը այցելելու էր Եռաբլուր պանթեոն: Նա կարծում է, որ ավանդույթ պետք է լինի Հայաստան այցելող հյուրերի համար, այցելել ոչ միայն Ցեղասպանության հուշահամալիր, նաեւ Եռաբլուր:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930