Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապագա խորհրդարանն ամենախայտառակն է լինելու». Երվանդ Բոզոյան

Նոյեմբեր 15,2016 19:01

«Նոյյան տապան» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը քաղաքագետ Երվանդ Բոզոյանը մտահոգություն հայտնեց, որ հանրությունն ընտրություններից առաջ կանգնած է լինելու ալտերնատիվի բացակայության առաջ, քանի որ չկա այն ձողը, որի շուրջ կարող է համախմբվել ընդդիմադիր բևեռը:

Երվանդ Բոզոյանի համար արդեն տեսանելի է այն, որ իշխող կուսակցությունը` ՀՀԿ-ի բրենդով հանդես չի գա, այլ դա կանի դաշինքի միջոցով, մոտավորապես այնպես, ինչպես եղավ Գյումրիում, երբ Սամվել Բալասանյանի անունով տարվեց քարոզարշավը, այլ ոչ թե ինչպես Վանաձորում, երբ ՀՀԿ-ն դե ֆակտո պարտվեց մյուս երկու կուսակցություններին: Երվանդ Բոզոյանը փաստեց, որ հանրության շրջանում կա ՀՀԿ-ի նկատմամբ բնական հոգնածություն: Նա հիշեցրեց, որ ՀՀՇ-ն իշխեց 7 տարի, բայց նրանից էլ արդեն հոգնել էին, մինչդեռ ՀՀԿ-ն արդեն իշխում է 16 տարի:

Երվանդ Բոզոյանի կանխատեսմամբ`ապագա խորհրդարանն իր կառուցվածքով ու կազմով լինելու է ամենախայտառակը. քաղաքական բովանդակությունից գրեթե զուրկ, դասական քաղաքական գործիչներն անելիք չեն ունենալու այնտեղ:

Արցախյան խնդրի շուրջ զարգացումների առումով քաղաքագետի կանխատեսմամբ վերջնաժամկետը ՀՀ-ում կայանալիք խորհրդարանական ընտրություններն են. «Ապրիլյան պատերազմից հետո միջազգային հանրությունը մտահոգվեց, որ կոնֆլիկտը չտաքանա: Ալիևը մեծ սպասումներ ուներ, որ ապրիլյան պատերազմից հետո կկարողանա  զիջումներ կորզել հայկական կողմից, բայց ՊՊԾ գնդի պատմությունից  հետո ՀՀ իշխանությունները զգացին, որ խիստ վտանգավոր կլինի հանրության տրամադրվածությունը գրգռել, վախեցան ու այդ խոսակցությունները մարեցին, միջազգային հանրությունն էլ զբաղված է Սիրիայի և Իրաքի խնդիրներով»:

Երվանդ Բոզոյանն այն տպավորությունն  ունի, որ պայմանավորվածություն կա Պուտինի հետ, ինչի մասին մենք չգիտենք. «Ըստ էության նրանք ունեն որոշակի վերջնաժամկետ, և դրանից հետո կսկսեն գործողություններ: Իմ տպավորությամբ` այդ վերջնաժամկետը կլինի ՀՀ-ում ընտրություններից հետո»:

ԱՄՆ նախագահի ընտրության հետ պարոն Բոզոյանն առանձնապես հույսեր չի կապում` վստահեցնելով, որ ազդակները պետք է գան Հայաստանից. «Եթե ՀՀ-ում լինեն  լուրջ փոփոխություններ, ապա դրանք կարող են ազդել սփյուռքյան կառույցների վրա: Կոնկրետ մեզ համար Թրամփից որևէ էական փոփոխություն չեմ սպասում, բայց եթե այն իդեալները, որոնց մասին նա խոսում է, գոնե կիսով չափ իրականացնի, համոզված եմ, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները կբարելավվեն, ու ՀՀ-ի հետ հարաբերությունները չեն լինի ձևական, ինչպես այժմ»:

Ամփոփելով թեման` պարոն Բոզոյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության հարցը ԱՄՆ-ում ակտուալ կդառնա այն ժամանակ, երբ Հայաստան պետությունը դառնա լուրջ գործոն միջազգային քաղաքականության մեջ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930