Լեւոն Զուրաբյան. Հայաստանի եւ Արցախի վրա կախված է պատերազմի վերսկսման վտանգը

Լեւոն Զուրաբյան. Հայաստանի եւ Արցախի վրա կախված է պատերազմի վերսկսման վտանգը

Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի  ելույթը՝ ԱԺ հայտարարությունների ժամին:

«Փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից դիվերսիոն գործողության փորձ, որի նպատակն էր մարդկային կորուստներ պատճառել հայկական զինուժին: Մեր զինվորների եւ հրամանատարների զգոնության, գրագետ եւ համարձակ գործողությունների շնորհիվ հնարավոր դարձավ հետ մղել ագրեսորին՝ պատճառելով նրան ծանր վնասներ:

Այս կապակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հատուկ հայտարարություն են արել՝ կոչ անելով առաջնագծից հեռացնել ռազմական ծանր տեխնիկան՝ ցավոք նորից հավասարապես մեղադրելով երկու կողմերին:

Միջադեպից հետո, արդեն քանի օր է՝ Ադրբեջանն անդադար շարունակում է ինտենսիվ կերպով խախտել զինադադարը՝ շփման գծի ողջ երկայնքով կիրառելով հրանոթներ, ականանետներ, նռնականետեր:

Ադրբեջանի ինֆորմացիոն գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ այն պատրաստվում է պատերազմական գործողությունների վերսկսմանը: Դրա հաստատումն են նաեւ ՀՀ ՊՆախարարի հայտարարությունները՝ Ադրբեջանի դեմ «Իսկանդեր» հրթիռների կիրառման հնարավորության մասին: Ակնհայտ է, որ ապրիլյան պատերազմին հետեւած իրավիճակի որոշակի կայունացումից հետո այն նորից սլանում է դեպի ռազմական գործողություների էսկալացիա:

Չի բացառվում Ադրբեջանի սադրանքների ակտիվացումը՝ կապված Հայաստանում տեղի ունեցող ընտրական գործընթացի հետ:

Այս վիճակում ստիպված ենք արձանագրել, որ ՀՀ իշխանությունները եւ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի մեծամասնությունը, կարծես, թերագնահատում են իրավիճակի լրջությունը: Իշխանությունների կողմից կոպիտ սխալ էր ընտրական ցուցակի առաջին համարի տեղում պաշտպանության նախարարի առաջադրումը, ինչը թեեւ չի հակասում օրենքի պահանջներին, այնուամենայնիվ,  ռազմական ճակատում ստեղծված անկայուն վիճակում անհարկի ազդեցություն է ունենալու նրա անմիջական պարտականությունների կատարման վրա ընտրական գործընթացի ընթացքում:

Նույնքան անհասկանալի է ԱԺ անտարբերությունը ճակատային գծում ռազմական գործողությունների էսկալացիայի վերաբերյալ, որը դրսեւորվեց ստեղծված իրավիճակը ԱԺ փակ նիստում քննարկելու մեր առաջարկի մերժումով:

Հայաստանի եւ Արցախի վրա կախված է պատերազմի վերսկման վտանգը:  Սա է այսօր Հայաստանի եւ Արցախ համար ամենակարեւոր հարցը: Պետք է ամեն ինչ անել, որ ընտրական գործընթացը բացասաբար չազդի ազգային անվտանգությանն առնչվող հարցերում ճիշտ որոշումներ ընդունելու մեր կարողության վրա, որոնք նաեւ բախտորոշ նշանակություն կունենան մեր ամբողջ ազգի համար: Մենք կոչ ենք անում լրջության եւ սթափության»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք