Արմեն Մկրտչյանը մեկնել է Թուրքիա՝ առաջին փորձությանը

Արմեն Մկրտչյանը մեկնել է Թուրքիա՝ առաջին փորձությանը

Ազատ ոճի Հայաստանի ազգային հավաքականը Ծաղկաձորում անցկացրած երկշաբաթյա ուսումնամարզական հավաքի ավարտից անմիջապես հետո գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանի ղեկավարությամբ երեկ գիշեր մեկնել է Թուրքիա՝ Ստամբուլում մասնակցելու Յասար Դոգուի 45-րդ ներկայացուցչական միջազգային մրցաշարին:

Արմեն Մկրտչյանը բոլորովին վերջերս է ստանձնել մեր ընտրանու ղեկը եւ սա լինելու է այդ պաշտոնում նրա առաջին  փորձությունը: Բելգիայից ժամանած մասնագետը մրցավայր տարել է տասը ըմբիշներով համալրված ուժեղագույն կազմ, որում բացակայում են միայն Դավիթ Սաֆարյանն ու Լեւան Բերիանիձեն:

Թուրքիայի մրցագորգում հայ մարզասերները կհետեւեն 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանի, 61 կգ Վոլոդյա Ֆրանգուլյանի, 65 կգ Նարեկ Սիրունյանի, 70 կգ Վալտեր Մարգարյանի, 74 կգ քաշայիններ Գրիգոր Գրիգորյանի եւ Վարուժան Կոջոյանի, 86 կգ Վահե Թամրազյանի, 97 կգ քաշայիններ Գեորգի Կետոեւի ու Շամիր Աթյանի, ինչպես նաեւ 125 կգ քաշային Անդրանիկ Գալստյանի մրցելույթներին:

Արմեն Մկրտչյանը Ստամբուլ մեկնելուց առաջ «Առավոտին» տեղեկացրել էր, որ մրցաշարից հետո իրենք վերադառնալու են Երեւան եւ համատեղ ուսումնամարզական հավաքի են մեկնելու Օսեթիա:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

10,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք