Արեւելագետ, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն արձանագրում է, որ ներկայումս Թուրքիայի ռազմավարական դերի եւ նշանակության թուլացում է նկատվում: «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը կորցնում է իր դինամիկան: Սա կարեւոր է եւ պայմանավորված է ռազմավարական նշանակության սխալներով, որոնք թույլ տվեց Էրդողանը»,-«Փաստարկ» մամուլի ակումբում այսօր ասաց նա:
Փորձագետը նշեց, որ մի կողմից թուրք-գերմանական հարաբերություններն են վատթարանում, մյուս կողմից՝ ոչ հաշվենկատ քաղաքականությունը Սիրիայում նպաստում է Թուրքիայի ռազմավարական դիրքերի թուլացմանը. «Թուրքիայի արկածախնդրությունը Սիրիայում բացասական հետեւանքներ ունեցավ: Ներգրավվելով Ասադին հեռացնելու խնդրում՝ Թուրքիան չհաջողեց: Ասադի իշխանությունը, հակառակը, ուժեղացավ»:
Ռուբեն Սաֆրաստյանը փաստեց, որ Թուրքիան փորձում էր խոչընդոտել քրդական շարժմանը, բայց Սիրիայի հյուսիսում քրդական գործոնն ավելի է ուժեղանում եւ լեգիտիմ դառնում. «Սրան ավելացնենք նաեւ Իրաքի քրդերի՝ սեպտեմբերին նախատեսվող հանրաքվեն: Թուրքիան քրդական հարցում չկարողացավ հասնել հիմնական նպատակին»:
Ռուբեն Սաֆրաստյանն անդրադարձավ նաեւ վերջերս Թուրքիայի կողմից ռուսական C 400 հրթիռների գնման պայմանագրի ստորագրմանը, «Արկածախնդրություն էր դրանք ռուսներից գնելը: Դրանք իրեն պետք էլ չեն, բայց տեսնելով, որ Թուրքիան նշանակությունը կորցնում է ԱՄՆ-ի համար, Էրդողանը նման արկածախնդիր քայլի դիմեց: Գալիս է այն փուլը, երբ արկածախնդրությունն էլ չի անցնում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ