Քաղցկեղով տառապող հայ մեղադրյալին դեռ Հայաստան չեն տեղափոխել

Քաղցկեղով տառապող հայ մեղադրյալին  դեռ Հայաստան չեն տեղափոխել

«Բանկի ոսկերիչ-գնահատողը քաղաքացիներից վերցրել էր կեղծ ոսկյա զարդեր»

Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Իվան Վոլինկինին, ՀՀ նախագահին, գլխավոր դատախազին, քննչական կոմիտեի նախագահին է դիմել Ռուսաստանում ձերբակալված Արթուր Գեւորգյանի մայրը՝ Սերվենիկ Գեւորգյանը. «Գրում եմ Ձեզ որպես մայր, կին, քույր՝ հայցելով Ձեր նրբանկատությունը, վերահսկողությունը, օբյեկտիվությունը, խիղճը, քանի որ իմ ընտանիքի նկատմամբ գրեթե 3 տարի տեւող ապօրինի քրեական հետապնդումը, որի արդյունքում ինքս հաշմանդամ դարձա՝ ենթարկվելով խոշտանգումների, այս պահին էլ վտանգված է առողջական լուրջ խնդիրներ ունեցող՝ այդ թվում՝ կալանավորման հետ անհամատեղելի հիվանդություն հանդիսացող քաղցկեղով տառապող որդուս՝ Արթուր Գեւորգյանի կյանքը եւ առողջությունը»:

40 տպագիր էջից բաղկացած նամակում Ս. Գեւորգյանը գրել է, որ գործում առկա նյութերի համաձայն՝ տուժող բանկի բանկային գործունեության անվտանգության բաժնի պետը ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր տվել, թե մասնաճյուղի ոսկերիչ-գնահատողը շուրջ 19 վարկային գործերով որպես գրավ քաղաքացիներից վերցրել է կեղծ ոսկյա զարդեր՝ բանկին պատճառելով 57.190.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

ՌԴ-ում ձերբակալվել է Արթուրը: ՌԴ քաղաքացի հանդիսացող մոր տեղեկացմամբ. «Վատառողջ որդիս ներկայումս ՌԴ-ի կալանավայրում է, չի ստանում համապատասխան բուժօգնություն: ՌԴ իրավապահ մարմինները պատճառաբանում են այս ամենը նրանով, որ քանի դեռ ՌԴ-ի իրավապահ մարմինները ՀՀ-ից չստանան որդուս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, խափանման միջոցը վերացնելու տեղեկություններ, այդ իրավիճակը պետք է շարունակվի: Ամենացավալին այն է, որ որդիս, ինչպես նաեւ ես, որեւէ առնչություն չունենք մեզ մեղսագրված արարքին, որդիս տեղյակ չի եղել, որ իր նկատմամբ քրեական հետապնդում է ընթանում ՀՀ-ում: Նա մի քանի շաբաթ առաջ նաեւ հատել է Ուկրաինայի Հանրապետության եւ ՌԴ-ի սահմանը, այնուհետեւ հաշվառվել է ՌԴ-ում: Եթե վերջինս տեղեկացված լիներ, որ իր նկատմամբ քրեական հետապնդում է ընթանում, ինքը կգար ՀՀ՝ այդ ամենը պարզելու համար»: Ս. Գեւորգյանն այս ամենը համարում է խոշտանգում իր եւ որդու հանդեպ, ինչի մասին ասում է, թե մտադիր է բարձրաձայնել, նույնիսկ ցույցեր իրականացնել. «Ինձ հաշմանդամ դարձնելուց, ընտանիքս պառակտելուց, սոցիալական ծայրաստիճան ծանր վիճակի հասցնելուց հետո էլ Արաբկիր համայնքի դատախազ Դ. Կարապետյանը որդուս է պատրաստվում վերջնականապես կործանել: Բարձրաձայնելու եմ այս ամենը միջազգային ատյաններ: Խնդրում եմ կանխել Դ. Կարապետյանի գործողությունները: Դատախազը մեկուսացրել է այն անձանց քրեական պատասխանատվությունից, ովքեր Եդիգարյանի եւ Ամիրխանյանի հարազատներն են»:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

Ս. Գեւորգյանը հայտնել է, որ օրինական հիմքերով գտնվել են ՌԴ-ում եւ բարեկամներից տեղեկանալով, որ իր բարեկամների ու հարազատների անվամբ գրավադրված զարդերի հետ առաջացել են խնդիրներ, իր կամքով եկել է Հայաստան՝ այդ խնդիրները պարզելու եւ բարեկամների ու ծանոթների մոտ Տիգրան Մուշեղյանի եւ նրա կնոջ գործողությունների հետեւանքով անհարմար վիճակի մեջ չհայտնվելու նպատակով, իր հնարավորությունների սահմաններում փորձելու լուծումներ փնտրել ստեղծված իրավիճակում՝ մարելու համար հարազատների անվամբ ձեւակերպված վարկերը. «Դրանով իսկ հայտնվել ենք ծուղակում, քանի որ ես միայն օդանավակայանում, իսկ որդիս միայն վերջերս, ոստիկանությունում ենք տեղեկացել, որ մեր վերաբերյալ կիրառված են հարկադրանքի միջոցներ եւ այդ ամենի արդյունքում հայտնվել ենք անազատության մեջ»: Ս. Գեւորգյանն անդրադառնում է իրենց նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում իրականացնելու հիմքերին: Այս կապակցությամբ նա գրում է. «Գործում առկա չեն ապացույցներ այն մասին, որ ես եւ որդիս՝ Արթուր Գեւորգյանը, պատշաճ կերպով ծանուցված լինելով նախաքննական մարմին ներկայանալու մասին, խուսափել եւ չենք ներկայացել: Ավելին, եթե քննիչը ցուցաբերեր պատշաճ հետեւողականություն, հարցում կկատարեր ՍԵԿՏ համակարգ, պարզելու համար՝ հատե՞լ ենք, արդյոք, ես եւ որդիս՝ Ա. Գեւորգյանը, ՀՀ սահմանը, եթե այո, ապա ե՞րբ: Գործով որպես վկա է հարցաքննվել մյուս որդիս՝ Գարեգին Սարգսյանը, սակայն, ինչպես նրա միջոցով, այնպես էլ որեւէ այլ եղանակով վարույթն իրականացնող մարմինը չի տեղեկացրել մեզ քննությանը ներկայանալու անհրաժեշտության մասին: Եթե մենք տեղեկացված լինեինք վարույթն իրականացնող մարմնի կողմից ուղարկված ծանուցումների մասին, ավելի շուտ կգայինք եւ կպահանջեինք պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Մեզ մոտ ձեւավորված է այնպիսի կարծիք, որ քննիչը ինչ-ինչ պատճառներով ուղղակի չի ցանկացել ձեռնարկել համապատասխան միջոցներ իմ եւ որդուս՝ Ա. Գեւորգյանի բնակության վայրը ճշտելու համար, նախընտրելով վերը նշված գործողությունների չիրականացմամբ ստեղծել արհեստական ապացույցներ՝ իր կողմից կայացված հարկադրանքի վերաբերյալ որոշումները գոնե նման կերպ պատճառաբանելու համար»:

Դիմումատուն տարօրինակ է համարում այն հանգամանքը, որ դեռեւս 22.07.2014թ.-ից հարուցված քրեական գործի շրջանակներում առանց իրենց հարցաքննելու եւ պարզելու գործին իրենց առնչությունը, միայն 27.07.2015թ.-ին է որոշում կայացվել նրանց՝ որպես մեղադրյալ ներգրավելու եւ խափանման միջոց կալանավորում ընտրելու մասին. «Բացի դրանից, ինչպե՞ս կարող է ըստ քննիչի 27.07.2015թ.-ին մեր նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը, եթե ըստ նույն քննիչի պատճառաբանության՝ 05.06.2015թ.-ին ես հայտնաբերվել եմ «Զվարթնոց» օդանավակայանում եւ այդ ժամանակ էլ ինձ առաջադրվել է մեղադրանք»:

Վկաներից մեկը նշել էր, թե ինչպես է գրավ դրել ոսկյա զարդերը բանկում: Եվ չնայած նա Ս. եւ Ա.Գեւորգյանների վերաբերյալ ոչինչ չէր հայտնել, վկային քննիչի կողմից ներկայացվել է կասկածյալների անձնագրի համակարգչային հավելվածը:

«Քննիչը կանխակալ մոտեցում է ցուցաբերել դատավարության մասնակիցների նկատմամբ: Կարեն Եդիգարյանը, ում դատավարության մասնակիցները, այդ թվում նաեւ տուժողը, մատնացույց են անում որպես դեպքի հետ անմիջական առնչություն ունեցող եւ մեղավոր անձի, առավել ծանր հոդված առաջադրված լինելու պայմաններում ներկայումս գտնվում է ազատության մեջ, իսկ մենք, ես՝ որպես կին, ով ունի առողջական խնդիրներ, ում խնամքին է ամբողջ ընտանիքը, այդ թվում՝ առողջական լուրջ խնդիրներ ունեցող՝ քթըմպանի քաղցկեղով տառապող որդիս՝ Արթուր Գեւորգյանը, հարեւանների, շրջապատի կողմից բնութագրվում ենք միայն դրական հատկանիշներով, որպես մշտապես օգնության ձեռք մեկնող անձնավորություններ, որոնք որեւէ վատ արարքի համար արատավորված չեն եղել, երբեւէ չենք խուսափել նախաքննական մարմին ներկայանալուց, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ես գրավի դիմաց դատարանից ազատ եմ արձակվել, իսկ որդիս՝ Ա. Գեւորգյանը՝ ունենալով առողջական խնդիրներ՝ ՌԴ-ում անակնկալ կերպով ձերբակալվել է»,-գրում է Ս. Գեւորգյանը:

Ըստ նախաքննության փուլում հարցաքննված անձանց ցուցմունքների, Կ. Եդիգարյանի ցուցմունքների եւ առերես հարցաքննության արձանագրությունների, ակնհայտ է դարձել, որ Կ. Եդիգարյանը նախապես իմացել է, որ գրավադրված զարդերը ոսկի չեն: Դրա մասին ՌԴ դեսպանին գրած նամակում բարձրաձայնում է ՌԴ քաղաքացին, հայտնելով. «Քանի որ զարդերը մերը չեն եղել, իսկ մենք ոսկերիչ չենք, որպեսզի տարբերենք ոսկյա զարդերը արհեստականից»:

Ս. Գեւորգյանը խնդրում է սույն քրեական գործով վարույթից հեռացնել մեղադրող Դ. Կարապետյանին, քանի որ վերջինս դատարան չի ներկայացրել համապատասխան լիազորություններ եւ կանխակալ վերաբերմունք է ցուցաբերում իրենց՝ ամբաստանյալների նկատմամբ, հանձնարարել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի տարածքային բաժնում քննության առնվող նշյալ քրեական գործով Արթուր Գեւորգյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու՝ վերջինիս արարքում հանցակազմի բացակայության պատճառով՝ կարճելով վերջինիս մասով քրեական գործի վարույթը, հանձնարարել մեղադրողին հրաժարվել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում առկա քրեական գործով ներկայացված մեղադրանքից:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

12.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anna says:

    Մեղավորի փոխարեն միշտ էլ անմեղնա պատժվում։’անարդարություն է սա

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք