Լրահոս
Օրվա լրահոսը

Վարուժան Հոկտանյան. «Փաշինյանը սխալ է, որ ասել է՝ կոռուպցիայի դեմ պայքարով պետք է ԱԱԾ-ն զբաղվի»

Մայիս 16,2018 14:38

«Նիկոլ Փաշինյանը վարչապետ դարձավ հեղափոխությամբ, տեսնենք՝ ինչ կլինի: Բայց հեղափոխությունը չի նշանակում, որ անպայման կբերի կոռուպցիայի մակարդակի նվազեցման»,-այսօր «Անդրադարձ» ակումբում ասաց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:

Նա չցանկացավ անդրադառնալ նախորդ վարչապետերի եւ երկրի ղեկավարների գործունեությանը, բայց նշեց, որ նախորդ վարչակազմի դեպքում քաղաքական կամքը բավարարել է միայն օրենքներ ընդունելու համար, եւ դրանք միայն թղթի վրա թողնելուն:

«Հայտարարվում էր գլխից բռնել, եւ այլն, բայց 10 տարվա ընթացքում այդպես էլ մեծ ձկներին չբռնեցին: Չնայած ասում են՝ ձուկը գլխից է նեխում, բայց մոռանում էին այդ մասին, ու մաքրում էին ներքեւից: Հուսանք, որ նոր իշխանությունների դեպքում քաղաքական կամքը կհերիքի ոչ միայն օրենքներ ընդունելուն: Պետք է ասել, որ օրենսդրական մեր բազան այնքան էլ վատը չէ»,-ասաց Հոկտանյանը:

Նրա խոսքերով՝ այս հեղափոխությունը ժողովրդի պահանջն էր, ուստի կոռուպցիայի դեմ պայքարն էլ ժողովրդի պահանջն է: Հոկտանյանն ասաց, որ պետք է սպասենք կառավարության ծրագրին, որից հետո նոր կարելի է գնահատել կոռուպցիայի դեմ ծրագրերը. «Մյուս կարեւոր հանգամանքը՝ լուրջ փոփոխությունների համար օրենքի կիրարկումը շատ կարեւոր է, սա օպերատիվ կառավարման հարց է: Փաշինյանը ե՛ւ ազգային անվտանգության ղեկավարին, ե՛ւ ՀՀ ոստիկանապետին երբ ներկայացնում էր, շեշտել է կոռուպցիայի դեմ պայքարի կարեւորությունը: Բայց ներկա դրությամբ ես այդքան լավատես չեմ՝ կապված օրենսդրական լուրջ փոփոխությունների հետ, որովհետեւ այն խորհրդարանը, որ մենք ունենք, պետք է նկատել՝ ՀՀԿ-ն միշտ ներկայացրել է ֆինանսատնտեսական, օլիգարխիկ խմբի շահերը: Մենք տեսել ենք քաղաքական եւ տնտեսական վերնախավերի սերտաճում հիմնականում Հանրապետական կուսակցության հետ: Այս սերտաճումը համակարգային կոռուպցիայի հիմքն է, եւ եթե ուզում ես վերացնել համակարգային կոռուպցիան, պետք է այդ սերտաճմանը վերջ դրվի: Սրա համար նաեւ օրենսդրական փոփոխություններ են պետք, սրա համար էլ՝ արտահերթ ընտրություններ»:

Հոկտանյանը հիշեցրեց 1998 թվականի, այսպես ասած՝ առնետավազքը. «Մենք ունենք առնետավազքի փայլուն օրինակներ, երբ մեկ օրում Հանրապետություն խմբակցության 2/3-րդը դուրս եկավ եւ դարձավ երկրապահ, ես վախենում են, որ խոշոր տնտեսվարողները, կոպիտ ասած՝ օլիգարխները հանկարծ չդառնան «ՔՊ»-ի կամ այլ կուսակցության անդամ: Ուստի արտահերթ ընտրությունները կարեւոր են»:

Պարոն Հոկտանյանը նկատեց՝ այսօր ԱՄՆ նախագահ Թրամփը շնորհավորել է Փաշինյանին եւ կարեւորել կոռուպցիայի դեմ պայքարը. «Սա դառնում է լինել-չլինելու հարց: Եթե մենք ներդրումներ ենք ուզում ու դառնալ նորմալ պետություն՝ համակարգային կոռուպցիային վերջ պետք է դրվի»:

Բանախոսն ասաց, որ օլիգարխները դառնալով պատգամավոր՝ իրենց ապահով էին զգում, որ չլինեն հալածանքներ. «Բրիտանական խորհրդարանում նման խնդիր չկա, այնտեղ զարգացած է իրական սեփականատերերի հայտարարագրման ինստիտուտը, ուժեղ ընդդիմությունը կարողանում է հսկողության տակ պահել եւ բիզնեսմենները չեն կարողանում մասնակցել քվեարկությանը: Ես կուզեի մեզ մոտ այնպես լիներ, որ այդ ամենը վերահսկողության տակ լիներ: Կոռուպցիայի դեմ պայքարի հաջողություններ գրանցվել են այն երկրներում, որտեղ կարողացել են ստեղծել արդյունավետ տնտեսական, սոցիալական եւ քաղաքական համակարգ»:

Հոկտանյանը հիշեցրեց, երբ Փաշինյանը ներկայացնում էր ԱԱԾ-ի ղեկավարին, ասել էր՝ «Այսօր մենք չունենք կոռուպցիայի դեմ պայքարի ունիվերսալ մարմին, կարծում եմ այդ գործառույթը պետք է իրականացնի ԱԱԾ-ն: Սա բացարձակ սխալ է: Կա տնտեսական համագործակցման եւ զարգացման կազմակերպություն, որը լավ ուսումնասիրություն ունի հակակոռուպցիայի մասին եւ լավագույնը Սինգապուրի մոդելն է: ԱԱԾ-ն չի կարող այդ գործառույթն իր վրա վերցնել, որովհետեւ այլ գործառույթ ունի: Պետք մի մարմին զբաղվի եւ ընդգրկի 3 բաղադրիչ՝ իրավունքի գերակայության, կանխարգելիչ եւ կրթական, լուսավորչական գործունեություն»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արշակ says:

    Վարուժան Հոկտանյանը տարիներ շարունակ հովանավորել է կորուպցիայի մեջ թաղված ՀԿ-ների և հակակոռուպցիոն անարդյունավետ ծրագրեր է կատարել և այս պահին մեղադրում է Նիկոլ Փաշինյանին իրենից կոռուպցիայի մեննաշնորհը զրկելու համար: Պարոն Վարուժան լռեք, թույլ տվեք համապատասխան մարմինները զբաղվեն

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031