Լրահոս
Օրվա լրահոսը

Գրադարաններն ու ակումբները՝ մոռացված

Նոյեմբեր 11,1995 10:25

ԱԺ-ն արդեն որոշել է ՀՀ 1996թ. պետբյուջեի քննարկումների ժամանակացույցը, երեկ օրակարգում կարեւորագույն հարցեր էին՝ իշխանության պետական մարմինների ֆինանսավորում, բյուջետային ծախսերի տարածքային բաժանում եւ տեղական բյուջեների ձեւավորում։ Պետաիրավական եւ ֆինանսավարկային, բյուջետային ու տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովները համատեղ նիստում շահագրգիռ քննարկում ծավալեցին մեր սուղ բյուջեի շուրջ։ Առաջին զեկուցողը ֆինանսների փոխնախարար Ս. Մարտիրոսյանն էր, որն առարկայացրեց պետական մարմինների ֆինանսավորմանը վերաբերող չոր թվերը: Ֆինանսական լեզվով ասած՝ 1996թ.-ին կառավարման կառույցի օրենսդիր, գործադիր եւ իրավական մարմինների ծախսերը կազմելու են 9 մլրդ 111 մլն 81 հազար դրամ, այն դեպքում, երբ 95-ին այդ գումարը հավասար էր 5 մլրդ 220 մլն 214 հազարի։ Աճի հիմնական պատճառը աշխատավարձերն են. այսինքն՝ իշխանության պետական մարմիններում այն աճելու է 3-3.5 անգամ։ Աշխատավարձի առաջանցիկ աճը հիմնական տարբերակիչ հատկանիշն է պետբյուջեի:

Յուրաքանչյուր պետական մարմին ներկայացրել է իր գումարային հայտը, իսկ կառավարությունը տեսականորեն նրանց կամքի, իսկ իրականում իր հնարավորությունների համաձայն՝ սահմանել է ֆինանսավորման չափը։ Խոսակցությունն ընթացավ պետական կառավարման երեք կարեւորագույն մարմինների շուրջ՝ Ազգային ժողով, նախագահի աշխատակազմ, դատական իշխանություն։

ԱԺ հատույթում գումարային հարցերը հանգել են փոխզիջողական տարբերակի, եթե սկզբում ԱԺ-ն ակնկալում էր 150 հանձնաժողովի անդամների ֆինանսավորում, ապա ի վերջո, կանգ առան 120 թվի վրա։ Արդյունքում ՀՀ ԱԺ բնականոն աշխատանքի համար առանձնացվել է 560 մլն 904 հազար դրամ։ Պրն Անտինյանը փաստեց, որ իրենք առանձնահատուկ տարակարծություններ չունեն կառավարության հետ։ Միակ մտահոգիչը գործուղումների համար նախատեսվող գումարներն էին. 6 ամսվա համար ԱԺ-ին հատկացրել էին 8.754 հազար դրամ, որից արդեն ծախսվել է 4,5-ը։

ՀՀ նախագահի աշխատակազմին սահմանված է 463 մլն 432 հազար դրամ՝ նախորդ տարվա համեմատությամբ ծախսերը կրճատվել են 5 մլն-ով։ Աշխատակազմի ղեկավար Շ. Կարամանուկյանը շեշտեց, սակայն, որ գումարները մշտապես պրոբլեմ են եղել՝ հատկապես վերանորոգման աշխատանքների հետ կապված, իրենց շենքը 70-ական թվականների կառույց է, այսինքն՝ հավակնում է պատմական արժեք դառնալու եւ անընդհատ ծագում են հավելյալ ծախսեր։ Ընդհանրապես, այս տարվա պետբյուջեում գույքի, սարքավորումների ձեռք բերման եւ վերանորոգումների ծախսերը ամենախոցելին են, այս նպատակով գումարներ հատկացվել են սոսկ ԱԺ-ին, նախագահի աշխատակազմին եւ ՀՀ գործերի կառավարչությանը՝ այն էլ գերնվազեցված։

Դատական համակարգի համար որոշված է 749.015,7 հազար դրամ, այս ոլորտում նորամուծություն է Սահմանադրական դատարանը, որի ծախսերը հավասարեցվել է ՀՀ Գերագույն դատարանի ծախսերին՝ 63 մլն 528 հազար դրամ։ Թեեւ նշենք, որ ԳԴ նախագահ Տարիել Բարսեղյանը առաջարկվածից շեշտակի տարբերվող գումար էր ակնկալում։ Ինչ արած, մեր պետության հնարավորություններն այդքան են։ Այնուհանդերձ, Արա Սահակյանի գործուն աջակցությամբ, պրն Բարսեղյանը իրենց «հանապազօրյա հացի խնդիրը» նորից օրակարգ բարձրացրեց՝ հանրապետության ներսում գործուղման վճարներ եւ ատենակալների աշխատավարձ։ ԱԺ նախագահի տեղակալի սրամիտ ձեւակերպմամբ՝ մեղադրյալների հաշվին շրջիկ դատական նիստեր դժվար է կազմակերպել։ Դատական եւ արդարադատության մյուս ատյանները էական հարցադրումներից խուսանավեցին։ ՀՀ Գերագույն

դատախազ Ա. Գեւորգյանը փաստեց, որ իրերի նման դասավորության դեպքում՝ ինքը հարցեր չունի, որովհետեւ դրանք ընդամենը գեղարվեստական արժեք կարող են ունենալ։

Պատգամավորական հարցերի առանցքում առավել գործնական ճշգրտումներ էին. ա) ավելորդ պերճանք եւ բ) արտառոց կրճատումներ։ Խոսրով Հարությունյանն ու Արտաշես Թումանյանը կանգ առան ծառայողական մեքենաների ու կառավարական հեռախոսների խնդրի վրա։ Ո՞րն է անհրաժեշտության եւ շռայլության սահմանագիծը։ Ըստ այդմ՝ ծառայողական մեքենաների թիվը բավական շատ է՝ շուրջ 3 հազար։ Մեկ մեքենան տարեկան նստում է 605 հազար դրամ, յուրաքանչյուր օրվա համար նախատեսված 10 լիտր բենզինով, այս գումարի 60 տոկոսը վառելիքի եւ քսայուղի ծախսերն են կազմում։ Ընդհանուր առմամբ մեքենաները պետբյուջեի (իմա՝ շարքային քաղաքացու) վրա նստում են 150 մլն դրամ։ Հաջորդ կարեւորագույն հարցը կառավարության վարչական ապարատի կրճատումն էր. նախարարությունների միաձուլման եւ վերաձեւման արդյունքում ակնկալվում էր 30 տոկոս ծախսերի իջեցում, սակայն ինչպես խոստովանեց պրն Մարտիրոսյանը՝ նման բան տեղի չունեցավ, անցումային շրջանը թելադրում է լրացուցիչ կառույցների անհրաժեշտությունը։ Երբ նախարարությունները միավորվեցին, ծախսերը աճեցին անգամ. 18 հազար 100 աշխատողներից, ըստ էության, կրճատվեց միայն 100-ը։ Պետական բյուջեից այսօր վարձատրվում են 362 հազար մարդ, իսկ 1996-ին՝ 350 հազար 400: Ամենայուրօրինակն այն է, որ կրճատումների հիմնական մասը կատարվել է ի հաշիվ սոցիալ-մշակութային ոլորտի։ Օրվա նվաճում կարելի է համարել.

Ա) ժողովրդի փաստացի առողջացումը, հիվանդանոցներում այսօր 14 հազար մարդ կա, մնացյալք կա՛մ առողջ են, կա՛մ գերադասում են թանկության պայմաններում հանգիստ հանգչել։ Ըստ այդմ՝ առողջապահության համար նախատեսվող գումարները նվազեցվել են մինչեւ 13160900 դրամ։

Բ) Մշակույթի ֆինանսավորումը նմանապես կրճատվում է: Տնտեսման առանձնահատուկ ոլորտում հայտնվել են գյուղական տարածքներն իրենց գրադարաններով եւ ակումբներով։ Գյուղական գրադարանները միավորվելու են դպրոցականներին, ակումբային աշխատողների քանակը 50 տոկոսով սահմանափակվելու է։ Իրոք, ընթերցասիրության եւ ակումբային կյանքի ոգեւորությունը Հայաստանում մարել է։ Ընդհանուր առմամբ՝ մշակույթին, սպորտին եւ տեղեկատվությանը հատկացվում է 4292758  դրամ։

Կարապետ Ռուբինյանը, միջազգային ինդեքսացիայի նոր սկզբում կիրառման հետ կապված, փորձեց ճշտել նաեւ «ներքին գործերի, ազգային անվտանգության եւ հասարակական կարգի պահպանության» տողի ձեւակերպումը. ո՞րն է իմաստը «հասարակական կարգ» արտահայտության հավելման։ Արա Սահակյանը պարզաբանեց, որ հասարակական կարգի պահպանումը (իմա՝ տեղական ոստիկանությունները) մեծ բանավեճի առարկա են, ուստի առանձին տողում այդ նշելը նպատակահարմար է, թեեւ գումարային սահմանազատում դեռեւս չի նախատեսվում։ Քննարկումները նոր են սկսվում, հետեւաբար պատգամավորական հարցերի շրջանակը հետզհետե ընդլայնվելու է։

Նարինե ԴԻԼԲԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930