Լրահոս
Օրվա լրահոսը

Աստիճանաբար աշխարհագրությունը նեղանում է, փոխվում է հանձնվող գյուղերի անունները, ուրիշ ոչինչ. Սամվել Նիկոյան

Մայիս 02,2024 15:26

«Խնդրում եմ՝ նման հիմար մտքեր, որ ասել է Նիկոլը` մի արտաբերեք, որովհետեւ դա մեր պետության ամոթն է, մեր ժողովրդի խայտառակությունն է, որ երկրի ղեկավար կոչված մարդը կարող է նման հիմար մտքեր արտահայտել: Պայքարը Կիրանցի համար, մնացած բոլոր սահմանամերձ համայնքների համար, Հայաստանի համար Երեւանում է: Չարը, չարիքը Երեւանում է նստած, այնտեղ, ինչ տեղի է ունենում, հետեւանքն է, դա չարագործության հետեւանքն է, բայց սատանան Երեւանում է»,- լրագրողներին ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե Կիրանցում քանի միլիոն ծառ պետք է տնկել, որ ժողովրդի անվտանգության զգացողությունը բարձրանա:

Հիշեցնենք, որ Փաշինյանը երեկ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր՝ եթե Կիրանցի դպրոցի հարեւանությամբ շուտով հայտնվող ադրբեջանցիներին կիրանցի դպրոցականները չեն ուզում տեսնել, թող պատ շարեն կամ ծառ տնկեն:

Լրագրողի դիտարկմանը, թե իշխանություններն ունեն դրսի աջակցությունը, այս պարագայում որքանով է հնարավոր գեներացնել պայքարն այստեղ, պարոն Նիկոյանն այսպես արձագանքեց. «Ցանկացած պարագայում ամեն ինչ էլ հնարավոր է, նա ունի դրսի աջակցություն, առաջին՝ Թուրքիա, երկրորդ՝ Ադրբեջան, հիմա դրան գումարվեց Արեւմուտքը, ինչու չէ նաեւ չզարմանաք, որոշակի առումով, ինքը ձեռ է տալիս Ռուսաստանին: Ուզում են այստեղ տեսնել թույլ, կամազուրկ մարդու, ում հետ կվարվեն այնպես, ինչպես իրենք են ցանկանում: Իրենք բոլորը կատարում են իրենց ազգային, պետական, քաղաքական, շահերից ելնելով գործողությունները: Արեւմուտքն իր խնդիրներն է լուծում, ՌԴ-ն՝ իր, Թուրքիան եւ Ադրբեջանը Նիկոլի ձեռքով լուծում են իրենց խնդիրը: Ինքը միայն ձեռ չի տալիս Հայաստանին ու հայ ժողովրդին, մեր ազգի համար է թշնամություն անում: Թուրքիայի եւ Ադրբեջանի համար թշնամություն չի անում, թշնամություն չի անում հյուսիսին եւ Արեւմուտքին, մեր ազգի թշնամին է նա, մեր ժողովուրդը պետք է լուծի այդ խնդիրը»:

Նիկոյանը նկատեց, որ առաջ խոսում էինք Արցախի մասին, Արցախի գյուղերի կորստի մասին, հիմա խոսում ենք Տավուշի մասին, խոսում ենք Սյունիքի մասին, աստիճանաբար աշխարհագրությունը նեղանում է, փոխվում է հանձնվող գյուղերի անունները, ուրիշ ոչինչ, ըստ Նիկոյանի, չի փոխվում. «Մանիպուլացնում է ժողովրդին՝ օգտվելով նրանց անտարբերությունից կամ վախեցնելով պատերազմի սպառնալիքով»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031