Լրահոս
Օրվա լրահոսը

Նորի՞ց երկու կրակի արանքում

Դեկտեմբեր 27,1995 10:26

Ռուսաստանում եւ Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները միայն առաջին հայացքից կարող են թվալ տարբեր, իրար հետ կապ չունեցող իրադարձություններ։ Իրականում դրանք առնչվում են ամենաանմիջական ձեւով։ Ռուսաստանցիների ընտրությունը հօգուտ կոմունիստների եւ թուրքերինը՝ հօգուտ իսլամականների վկայում են, որ Արեւելքը պատրաստ չէ (եւ տեսանելի ապագայում դժվար թե պատրաստ լինի) ընդունել հասարակության զարգացման էվոլյուցիոն, ազատական եւ ցենտրիստական ճանապարհը։ Արեւելյան մարդը հակված է ծայրահեղությունների, որոնք, ինչպես հայտնի է, միտում ունեն միավորվելու։

Ռուսաստանյան կոմունիստների «համայնավարական ազգայնականությունը» եւ թուրքական իսլամականների «մահմեդական թուրանականությունը» նույն բնույթի երեւույթներ են։ Իհարկե, դրանք ունեն իրենց սեփական շահերը, որոնք հաճախ հակասում են միմյանց։ Օրինակ, կոմունիստները երազում են Խորհրդային Միության վերականգնման, իսկ իսլամականները՝ Մեծ Թուրանի մասին։ Իրադարձությունների որոշակի դասավորության դեպքում դա կարող է բերել քաղաքական-դիվանագիտական, իսկ վատագույն դեպքում՝ նաեւ ուժային հակադրման։ Նման դեպքում Հայաստանի վիճակը ավանդաբար աննախանձելի է լինում՝ երկու կրակի արանքում։

Սակայն ոչ մի լավ բան չի կարելի սպասել նաեւ այլ տարբերակից՝ կոմունիստների եւ իսլամականների դաշինքից։ Իսկ նման դաշինք այսօր, իմ

կարծիքով, ավելի հնարավոր է, քան մրցակցությունը։ Փոխըմբռնումը այդ դեպքում կառուցվելու է չափազանց ամուր հիմքի վրա. ազատական արժեքների եւ ժողովրդավարության հերքում, «հուդամասոնական համաշխարհային դավադրության» դեմ պայքար։

Երբ պայքարում ես ոչ թե «հանուն», այլ «ընդդեմ» որեւէ բանի, շուրջդ ամեն ինչ դառնում է պարզից էլ պարզ, հստակ եւ հասկանալի. ահա թշնամիները (նրանց պետք է ոչնչացնել), ահա բարեկամները (նրանց հետ պետք է միավորվել):

Իսլամականների հաջողությունը, անշուշտ, կոգեւորի Ռուսաստանում նրանց հավատքի եղբայրներին, որոնց կարծիքի հետ Մոսկվան չի կարող հաշվի չնստել, հատկապես չեչենական ողբերգության համատեքստում։ Հենց այդ հանգամանքն է, որ ստիպում է ենթադրել, որ Մոսկվայում եւ Անկարայում հաղթողների միջեւ դաշինքն ավելի իրական է, քան թշնամանքն ու հակադրությունը։

Բոլոր դեպքերում մեր քաղաքական գործիչների դատողություններն այն մասին, թե Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի հանդեպ դժվար թե փոփոխություն կրի, քանի որ կան ազգային շահեր, որոնց մասին ռուսները պարտավոր են մտածել, անկախ կուսակցական պատկանելությունից, իրականությունից հեռու են թվում։ Հարցն այն է, որ հենց Ռուսաստանի ազգային շահերը (նրանց կայսերական կարմրադարչնագույն երանգավորմամբ) կարող են Կրեմլին թելադրել մեր ժողովրդի համար կործանարար լուծումներ եւ մոտեցումներ։ Մոսկվան սովորություն ունի ղեկավարելու «ազգային հակաիմպերիալիստական շարժումները»։ Իսլամականների հետ համատեղ պայքարը արեւմտյան ազատականության դեմ կարող է «առաջ քաշել» Ռուսաստանին որպես հակաարեւմտյան համաշխարհային բլոկի ղեկավար՝ կիսով չափ սոցիալիստական, կիսով չափ մահմեդական։

Այսպիսով, կարող է վերականգնվել այն իրավիճակը, որը ստեղծվել էր գորբաչովյան վերակառուցումից առաջ։ Մենք շատ լավ հիշում ենք, որ այն

պայմաններում խոսք չկար հայերի մասին, որպես «ռուս ժողովրդի հավատարիմ բարեկամի»։ Կոմունիստական Մոսկվայի (ինչպես եւ ցանկացած ամբողջատիրական ռեժիմի) համար ավելի կարեւոր է վերահսկել տարածքներն ու ռեժիմները, քան «ընկերություն անել» փոքրաթիվ ժողովուրդների հետ։ Հենց այդ պատճառով էր Լենինը գերադասում բարեկամությունը Աթաթուրքի հետ, արհամարհելով դաշնակցականներին եւ թքելով նրանց «ռուսամետ» դիրքորոշման վրա։ Նա սթափ էր հաշվարկել, որ հայերը բոլոր դեպքերում այլընտրանք չունեն։

Այնուամենայնիվ, զավեշտական կլինի դիտել, երբ մեր որոշ ընդդիմադիր գործիչներ, որոնք այսօր հրճվում են Ռուսաստանի ընտրությունների արդյունքներով, շուտով կսկսեն աղաչել-պաղատել ռուսաստանյան ղեկավարությանը «չկրկնել անցյալի սխալները»։ Բնականաբար, նրանց այդ կոչերը անարձագանք կմնան։ Բայց այսօր նրանք ուրախ են, քանի որ ռուսաստանյան ընտրությունները, ի տարբերություն մեր ընտրությունների, «դեմոկրատիայի լիակատար հաղթանակ են»։

Ամենազարմանալին այն է, որ նման մտքեր այսօր արտահայտում են ոչ միայն «ձախ» գործիչները, այլեւ ազգայնական կուսակցությունների ներկայացուցիչները, որոնք, կարծես թե պետք է հասկանան, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ «դեմոկրատիայի այդ հաղթանակը» մեր ազգային պետության ճակատագրի համար։ Ավաղ, չեն հասկանում։ Հետո, իհարկե, դատողություններ են անելու, թե «ռուսները չեն ըմբռնում իրենց շահերը» եւ «դավաճանում են պատմական դաշնակցին»։ Հարցն այն է, սակայն, թե հատկապես ով եւ պատմական զարգացման որ փուլում է հայտնվում Մոսկվայի այդ «դաշնակիցը»։

Ինչպես եւ ցանկացած ազգ, ռուսները գործելու են միայն սեփական շահերից ելնելով։ Այլ բան սպասելը պարզապես տհասություն է։ Ճիշտ է, մենք հաճախ գործում ենք հակառակ տրամաբանությամբ։ Հենց այդ պատճառով է, որ զարմանում ենք այլ ժողովուրդների «անհեռատեսության» վրա։

Ա. ԲԱԳՐԱՏՈՒՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031