Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՃԱԿԱՏԱԳԻՐ

Մայիս 05,1998 00:00
exxv

«Սեփական ազգային մշակութային ժառանգության արժեքավորումը, նաեւ երկրների համագործակցությունը ԵԽ-ի գաղափարների ոգով, ենթադրում է առաջին հերթին հարգանք այլ ժողովուրդների կեցության, մշակույթի, մշակութային ժառանգության արժեքների հանդեպ»,- իր ելույթում նշեց ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը Եվրոպայի Խորհրդի Մշակութային ժառանգության կոմիտեի նիստում: Ամիսներ առաջ միջազգային հանրությանը հայտնի դարձավ մշակութային բարբարոսության ծրագրվող հերթական քայլը. Կիպրոսի գրավված հյուսիսային տարածքում գտնվող հայկական Սուրբ Մակար վանքը՝ 10-րդ դարի կրոնադավանական եւ մշակութային կոթողը, թուրք-կիպրական իշխանությունների մտադրությամբ որոշվել էր հյուրանոցի վերածել: Կիպրոսի Հայոց Կաթողիկոսական Փոխանորդ Վարուժան եպիսկոպոս Հերկելյանը փետրվարի 11-ին ՀՀ դեսպանությանն ուղղված իր նամակում հայկական եկեղեցու մտահոգությունը հայտնեց միջազգային օրենքն ու մարդու իրավունքները ոտնահարող այդ որոշման կապակցությամբ:

Խնդիրը ծագելուն պես՝ փետրվարի 18-ին, ՀՀ ԱԳՆ ներկայիս նախարար Վ.Օսկանյանը դիմեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Ֆեդերիկո Մայորին, միջազգային կազմակերպությունների ուշադրությունը հրավիրելով հարցի կարեւորության եւ հրատապության վրա եւ այդ կապակցությամբ խնդրելով նրանց հնարավոր միջամտությունը, քանզի «Հայաստանը չունի պաշտոնական շփումներ տարածքը վերահսկող Թուրքիայի իշխանությունների հետ»: Զուգահեռաբար ԱԳՆ-ն, խնդրի լուծման գործում Կիպրոսի կառավարության շահագրգիռ միջամտության ակնկալությամբ,նոտայով դիմեց Կիպրոսի ԱԳՆ-ին: Ակնկալիքներն արդարացան:

Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի (խորհրդարանի) նախագահ Ս.Կիպրիանուն նմանօրինակ նամակներով դիմեց Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Լենի Ֆիշերին եւ Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի նախագահ Ն.Գինրիչին այդ քայլը բնութագրելով որպես մշակութային վանդալիզմ: Միաժամանակ ՄԱԿ-ում Կիպրոսի մշտական ներկայացուցիչ Ս.Զակեոսը նամակ ուղղեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Քոֆի Անանին, իսկ Եվրախորհրդում Կիպրոսի մշտական ներկայացուցիչ Տ.Պետրիդեսը՝ ԵԽ-ի Գլխավոր քարտուղար Դանիել Տարշիսին:

Խնդիրը՝ ԱԳՆ ներկայացուցիչ Լ.Դանեղյանի առաջադրմամբ, ակտիվ քննարկման առարկա դարձավ Եվրոպայի Խորհրդի Մշակութային ժառանգության կոմիտեի՝ 1998թ. մարտի 16-ի Ստրասբուրգում կայացած նիստում: Դիտարկելով որպես ընդհանուր եվրոպական քաղաքակրթության եւ մշակութային արժեքների պահպանման խնդիր՝ այն այլ պետությունների փորձագետների կողմից աջակից մոտեցում գտավ: Դրա վկայությունը ԵԽ-ի Մշակութային ժառանգության կոմիտեի նիստում խնդրի քննարկման մամլո միջազգային արձագանքներն էին: Հայկական մշակութային հուշարձանը կորստից փրկելու գործում կարեւոր էր ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Խ.Հարությունյանի մարտի 31-ի՝ Կիպրոսի Խորհրդարանի նախագահ Ս.Կիպրիանուին, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Խ.Ռուպերեսին, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լ.Ֆիշերին եւ Ուղղափառության Եվրոպական Միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ Վ.Զորկալցեւին ուղղած նամակները, ուր առանձնակի շեշտվում էր համապատասխան մարմինների՝ ընդհանրապես մարդու իրավունքները բռնադատող գործողության հանդեպ դիրքորոշման կարեւորությունը:

Վերջապես, Ստրասբուրգից ուրախալի լուր ստացվեց. ի շարունակություն մեր եւ միջազգային հանրության հետեւողական ջանքերի, ԵԽ-ի Խորհրդարանական վեհաժողովի Մշակույթի եւ կրթության ենթահանձնաժողովի նիստում, ուր մասնակցում էր Հայաստանի խորհրդարանական պատվիրակության անդամ Գ.Սարուխանյանը, որոշվեց Կիպրոս ուղարկել ԵԽ-ի պատվիրակին՝ խնդիրը տեղում ուսումնասիրելու եւ ԵԽ-ին համապատասխան զեկույց ներկայացնելու առաջադրմամբ: Կարելի՞ է արյոք այս հարցը լուծված համարել: Թերեւս, ոչ վերջնականապես: Բայց միջազգային հանրության շահագրգիռ միջամտությունն արդեն իսկ փակուղի է դրել մշակութային հերթական վանդալիզմի առջեւ: Հուսով ենք՝ այն չի կայանա:

Անշուշտ, այդ մեկ հուշարձանը կորստից փրկելու քայլերով խնդիրը չի սպառվում: Մենք ունենք Հայաստանի սահմաններից դուրս բազում այլ մշակութային հուշարձաններ, որոնց վիճակն ու հետագա ճակատագիրը տագնապ է հարուցում: Ուրեմն, հարկ է ավելի հետեւողական եւ ավելի արդյունավետ օգտագործել միջազգային կարծիքի լծակներն այդ խնդրում: Այդ մի առանձին հուշարձանի պահպանման միջազգային ռեզոնանսը կրկին անգամ հիշեցնում է, թե որքան կարեւոր է այդ հարցում ոչ միայն լոկ զգացմունքային բողոքների առկայությունը, այլ դեպի հարցալուծումը տանող համատեղված, ճշգրտված ու գիտակ քայլերի ձեռնարկումը: Հ.Գ. Ստրասբուրգի վերջին խորհրդարանական վեհաժողովում կայացած համագործակցությունը ԱԳՆ եւ ԱԺ ներկայացուցիչների միջեւ, ըստ երեւույթին, բավական արդյունավետ է ստացվել, եւ այնուամենայնիվ, կողմերից մեկի՝ ԱԳՆ համապատասխան ծառայության աշխատանքը մի տեսակ, ստվերում մնաց:

Հավելյալ պարզաբանում ստանալու խնդրանքով դիմեցի Եվրոպական կառույցների բաժնի վարիչ Վահագն Աթաբեկյանին:

-Համագործակցությունը ԱԺ-ի հետ, իրոք, կայացավ այս անգամ։ Նախ՝ նախքան Ստրասբուրգ մեկնելը պ. Խոսրով Հարությունյանի նախաձեռնությամբ ԱԳՆ առաջին Եվրոպական տնօրինության կողմից մեր խորհրդարանական պատվիրակությունն ապահովվեց գործնական աշխատանքային նյութերով՝ ինչպես սովորաբար արվում է կայացած պետական համակարգերում։ Այնուհետեւ, արդեն Ստրասբուրգում, ԱԺ պատվիրակությունը՝ միջամտելով ճիշտ պահին, եւս մեկ քայլ առաջ մղեց Կիպրոսում հայկական եկեղեցու ճակատագրի համար տարվող ԱԳՆ-ի ամիսներ ի վեր տարվող աշխատանքը։ Եվ մեկ այլ դեպքում՝ ուրախ եմ, որ արդեն անձնապես ինքս կարողացա իմ համեստ աջակցությունը բերել մեր խորհրդարանական պատվիրակությանը՝ ցեղասպանության հետ կապված ստորագրությունների որոշակի քանակ ապահովելու խնդրում։

-Իսկ ինչու՞ ձեր բաժնի եւ ընդհանրապես՝ ԱԳՆ-ի դերի մասին չի խոսվում։

-Ճիշտն ասած, մենք կողմ չենք ընդհանրապես ԱԳՆ-ի գործունեության առանձնահատուկ տարփողմանը, թեեւ, իհարկե, կողմ չենք նաեւ այդ գործունեությանը ավելորդ գաղտնիություն հաղորդելու։ Չկամենալով այս առումով որեւէ միտումնավոր վերաբերմունք տեսնել՝ ուզում եմ, այսուհանդերձ, անձնական համոզմունքս հայտնել առ այն, որ ԱԳՆ-ը՝ իբրեւ յուրատեսակ միջնորմ «դրսի եւ ներսի» միջեւ, իրեն հարգող որեւէ երկրում չի դառնում ներքին խոսք ու զրույցների առարկա։ ՈՒզում եմ վստահ լինել, որ ժամանակի ընթացքում այս պարզ իրողությունը ճիշտ ընկալում կգտնի մեր հասարակության տարաբնույթ շերտերի կողմից։

Ո. ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031