Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես շատ բարոյական մարդ եմ»

Մայիս 05,1998 00:00
Merujan Ter-Gulanyan

Ասում է «ԱՐ» հեռուստաընկերության նախագահ ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆԸ, որը, պարզվում է, հետապնդվում էր նախորդ իշխանությունների կողմից Մյասնիկյան շրջանի ժողդատարանը պարտքերը չվերադարձնելու պատճառով, սնանկ ճանաչեց «Ար» հեռուստաընկերությանը՝ նշանակվելով կառավարիչ։ Այնուհետեւ այս որոշումը հաստատվեց նաեւ Գերագույն դատարանի կոլեգիայում։

Մերուժան Տեր-Գուլանյանի վճռաբեկ գանգատից հետո գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանը անժամկետ կասեցրեց այս որոշումների իրականացումը։ Կարծում եմ, գտնված է լավագույն միջոցը հեռուստաընկերությունը վերահսկելի դարձնելու համար. ցանկացած պահի կարելի է վերացնել կասեցումը, եւ հեռուստաընկերությունը ներկայիս տերերի ձեռքից կհայտնվի կառավարչի տնօրինության տակ։ Մի քանի անգամ անդրադառնալով այս խնդրին, փորձեցինք հեռուստաընկերության նախագահ Մերուժան Տեր-Գուլանյանից պարզել, թե ինչպիսի՞ն է վիճակն այժմ։

– Անընդհատ խոսվում է պարտքերի մասին, ի՞նչ երաշխիքներով ստացաք այդ գումարները։

– Շատ մեծ դեր ունեցավ իմ անձը. Մերուժան Տեր-Գուլանյանը մտավորական է եւ վարկ տվողները գիտեին, որ ես բենզին չեմ վաճառելու կամ փողը չեմ վերցնի-փախչի։ Այն ժամանակ «ԱՐ» հեռուստաընկերությունը 135 հազար դոլար վարկ ստացավ «Հայներարտբանկից» եւ եւս 100 հազար դոլար «Արդշինբանկից»։ Այդ գումարին հեռուստաընկերությունից որեւէ մեկի մատը, նույնիսկ՝ իմը, չի կպել։ Փողը բանկերը փոխանցել էին Դուբայ «Sony» ֆիրմային, որտեղից Արթուր Էլբակյանը գնացել եւ բերել է տեխնիկան։ Գումարը մեզ տրված էր տարեկան 48 տոկոսադրույքով։ Մենք ոգեւորված էինք եւ սխալ հաշվարկ էինք արել, թե կկարողանանք վերադարձնել այդ գումարը։ Սակայն իրականում չստացվեց։ Երբ եկավ վարկերը վերադարձնելու ժամանակը, ես դիմեցի բանկերին վարկերի դիմաց մեր հեռուստաընկերության բաժնետեր դառնալու առաջարկով։ «Արդշինբանկը» համաձայն էր, իսկ «Հայներարտբանկը», որը սկզբում համաձայն էր, հետագայում դիմեց դատարան, եւ դատարանը մեզ սնանկ ճանաչեց։ Առանց հաշվի առնելու, որ «ԱՐ» հեռուստաընկերությունը ձեռնարկություն չէ, այլ Արդարադատության նախարարությունում գրանցված է որպես լրատվամիջոց։ Ոչ մի օրենքով հնարավոր չէր լրատվամիջոցը սնանկ ճանաչել։ Նման պայմաններում «Հայներարտբանկը», որը մեզ փող էր տվել եւ իր փողի տերն էր, կարող էր ընդամենը գալ եւ տանել իր փողով գնված տեխնիկան։ Սակայն նախկին իշխանությունների մեջ կային մարդիկ, որոնք շահագրգռված էին, որ «ԱՐ»-ը սնանկ ճանաչվի եւ էժան վաճառվի։ Մի օր ես կտամ նրանց անունները։

– Նրանք այլեւս իշխանություն չե՞ն։

– Ոչ, նրանք այլեւս իշխանություն չեն։ Նրանք ցանկանում էին շատ էժան գնել «ԱՐ»-ը, բայց նրանց խաղաթղթերը բացվեցին միայն այսօր, իսկ ես էշի ականջում քնած էի։ Հավատում եմ մարդկանց. ես որ չեմ խաբում, կարծում եմ, որ ինձ էլ չեն խաբի։ Առաջարկում էին, որ վաճառքի դեպքում ինձ էլ բաժին կհասնի, իհարկե, ոչ հիմնական մասը։ Բանակցելու էին գալիս մարդիկ, որոնք չէին ասում, թե ով է իրենց իսկական «բաբան»։ Ասում էին, ինչո՞ւ չես ուզում, որ սնանկ ճանաչվի, մենք կգնենք, 20%-ն էլ քեզ կտանք, կլինես նաեւ նախագահը։ Այդ ժամանակ որոշեցի անկախ աուդիտ հրավիրել, որոշելու հեռուստաընկերության իրական գինը։ Սակայն Հայաստանում նման փորձ չկա։ Այժմ որոշել եմ, որ հեռուստաընկերությունը իր իմիջով, հեռուստադիտողով, ամեն ինչով արժե 1 մլն դոլար։

Երբ ես հայտարարեցի այս թիվը, ինձ մոտ եկավ մոսկովյան խմբավորումներից մեկի մի էմիսար, որը հայտարարեց, որ իրենք պատրաստ են ամբողջությամբ գնել հեռուստաընկերությունը։ Ես առաջարկեցի 49%-ը, բայց նա մերժեց։ Ընկերներս ասում էին՝ վաճառի, նույն թիմով գնա ուրիշ հեռուստաընկերություն հիմնի։ Բայց ուզում եմ, որ ինձ ճիշտ հասկանան, ես շատ բարոյական մարդ եմ, «ԱՐ» անունը ինձ համար ճակատագիր է։ Այն ես մեկ միլիոնով չէ, 10 միլիոնով էլ չեմ վաճառի։ Այդ անունը դեռեւս «Գարունից» ինձ համար իդեաֆիքս է։ Սկզբում թերթ բացեցի, բայց իշխանությունների թեթեւ ձեռքով այն փակվեց։

Անցել-գնացել է, եւ այժմ Էդիկ Եգորյանը խոստովանում է, թե ինքը ինչ դեր է ունեցել այդ գործում։ Գիտեմ, որ երբեք հարուստ մարդ չեմ լինի, այնքան փող կունենամ, որ տուն-տեղ պահեմ, իմ խնդիրը հարստանալը չէ. ԳԽ նախագահության անդամ եմ եղել, եթե նման խնդիր ունենայի, հիմա մի բանի տեր էլ ես կլինեի։

– Իսկ ինչո՞ւ չեք ուզում անուններ տալ։ Այստեղ ե՞ւս Էդիկ Եգորյանն է։

– Ոչ։ Սա Էդիկ Եգորյանի կամ Դավիթ Շահնազարյանի հետ որեւէ կապ չունի։ Նրանք այդ մարդիկ չեն։ Եգորյանի հետ մի քանի օր առաջ ենք գարեջուր խմել։ Ուղղակի չեմ ուզում ոչ լրիվ ցանկը ասել, ճշտվելիք խնդիրներ կան։

– Որքա՞ն կարող է շարունակվել այս վիճակը։

– Մինչեւ սնանկ ճանաչելը նպատակ ունեի «ԱՐ»-ը դարձնել բաժնետիրական, բայց ո՞վ կցանկանա դառնալ սնանկ կազմակերպության բաժնետեր, իմ խնդիրն է, որ դատարանը «ԱՐ»-ի վրայից հանի սնանկի վարկանիշը։ Բացի այդ, դիմել եմ բազմաթիվ ընկերների՝ ինձ օգնելու խնդրանքով։ Մանկության երկու փայլուն ընկեր ունեմ՝ ջավախքցի տղաներ են, որոնք Մոսկվայում մեծ բիզնես ունեն։ Եկել են այստեղ, ծանոթացել են վիճակին եւ խոստացել փակել պարտքերը՝ այդ գումարով դառնալով փայատեր։ Շուտով նրանք Հայաստանում կունենան նաեւ տնտեսական հետաքրքրություններ։ Ինչ վերաբերում է ճնշումներին, չեմ կարծում, որ «ԱՐ»-ը այս վիճակում թողնելը եւ ձեռնասուն դարձնելը միտումնավոր է արվում։ Համենայնդեպս, որեւէ ճնշում մեզ վրա չկա։ Կարող եք մեր հաղորդումներից դատել՝ ոչ մեկի համար փառաբանության երգ չի երգվում։

– Իսկ ընտրարշա՞վը:

– Ընտրարշավի ժամանակ ամենաշատը ելույթ է ունեցել Վազգեն Մանուկյանը՝ ավելի շատ, քան Ռոբերտ Քոչարյանը։ Աշխատակիցներին ես նույնիսկ զգուշացրել եմ, որ եթերից չպետք է երեւա, թե ում եք տալու ձեր ձայնը։ Իհարկե, այդ եթերը վճարովի է եղել։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031