Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈԽԸՄԲՌՆՈՒՄԸ ԼԻԱԿԱՏԱՐ Է

Նոյեմբեր 24,1998 00:00
Traceca

Ուղիղ մեկ տարի առաջ Ռոբերտ Քոչարյանը այցելել էր Վրաստան՝ որպես Հայաստանի վարչապետ, եւ այդ ուղեւորությունը բովանդակալից ու բեղմնավոր էր եղել։ Այդ մասին հիշեցին արդեն այս տարվա նոյեմբերի 20-ին հանդիպած նախագահներ Քոչարյանը եւ Շեւարդնաձեն։

Քաղաքական հանդիպումներ

Առաջինը հանդիպումն էր Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի հետ, որի ընթացքում քննարկվել էին երկկողմ եւ բազմակողմ տնտեսական համագործակցության խնդիրներ, եւ, ինչպես ասուլիսում նշեցին նախագահները, քննարկումներն արդյունավետ էին։ Հիշեցնեմ, որ բացի ուղիղ համագործակցությունից, Հայաստանը եւ Վրաստանը անդամակցում են եւս երեք տնտեսական կառույցի՝ ԱՊՀ, Սեւծովյան տնտեսական համագործակցություն եւ ՏՐԱՍԵԿԱ ծրագիր։ Շեւարդնաձեի ասելով՝ Վրաստանը շատ բան ունի սովորելու Հայաստանից, հատկապես հարկային օրենսդրության եւ հարկային քաղաքականության կիրառման իմաստով։ Նրա խոսքերով, երկրի բյուջեի՝ աղետալի չափերի հասնող դեֆիցիտի գլխավոր պատճառը հարկերը չմուծելն է։

Իմ կողմից ավելացնեմ, որ վրացական մամուլում հանդիպեցի «Հարկեր չմուծողը պետության թշնամին է» վերնագրի, որն ավելի շատ կարգախոս էր, քան վերնագիր։ Երկրորդ կարեւոր հանդիպումը կայացավ Վրաստանի խորհրդարանում, որտեղ բավական հետաքրքիր քննարկում տեղի ունեցավ։ Մասնավորապես, խորհրդարանի խոսնակ Զուրաբ Ժվանիան, Քոչարյանին պատմելով իրենց գործունեության մասին, նշեց, որ աշխատանքներ են տարվում Հայաստանի խորհրդարանի հետ միջխորհրդարանական վեհաժողով ստեղծելու ուղղությամբ։ Նույնպիսի աշխատանք տարվում է նաեւ Ադրբեջանի մեջլիսի հետ, եւ, ինչպես նկատեց Զ. Ժվանիան, դա կարող է շատ լավ հիմք դառնալ ապագայում՝ եռակողմ պառլամենտական հարաբերություններ ստեղծելու համար։

Ռոբերտ Քոչարյանը, ողջունելով նախաձեռնությունը, նկատեց, որ միգուցե դա առավել արդյունավետ ճանապարհն է, քանի որ պառլամենտականները շատ արագ են ընդհանուր լեզու գտնում։ Օրինակ բերվեց Բիշքեկում կնքված ղարաբաղյան հրադադարի պայմանագիրը, ինչը տեղի ունեցավ ԱՊՀ միջպառլամենտական վեհաժողովի աշխատանքի ընթացքում։ Հանդիպման մի զգալի հատված կողմերը նվիրեցին մամուլի հարցերի քննարկմանը։ Ակնհայտ է, որ երկու երկրներում էլ այս խնդիրը շատ սրված է։ Մի կողմից, մամուլն ազատ է, եւ դա ձեռնտու է ժողովրդավարացման ուղին բռնած իշխանություններին, բայց մյուս կողմից գոյություն ունի պրոֆեսիոնալիզմի պակասի խնդիրը, ինչը երբեմն նույնիսկ շատ անսպասելի երեւակումներ է ունենում։ Նույն Թբիլիսիում դրանք արտահայտվեցին մի դեպքում աշխարհագրության, մյուսում՝ լեզվի չիմացությամբ, ինչի հետեւանքով նախագահները բավական տհաճ վիճակում հայտնվեցին։ Վրացական նույնքան ազատ մամուլը նույն օրն իսկ մատի փաթաթան սարքեց դրանք։

Այլ հանդիպումներ

Պատվիրակության կազմում Թբիլիսի ժամանած աշխատանքային խումբը ինտենսիվ աշխատեց վրացական խմբի հետ, որի արդյունքում ստորագրվեց եւս 2 միջպետական փաստաթուղթ։ Դրանց թիվը հասավ 71-ի։

Ի դեպ, երկկողմ հարաբերություններում ի հայտ է գալիս սկզբունքորեն նոր հեռանկար։ Հայաստանը եւ Վրաստանը մշակել են ութ համատեղ նախագիծ եւ հիմա սկսելու են դրանք վարկավորելու միջոցներ փնտրել։ Թե ինչ նախագծեր են, չմանրամասնվեց, սակայն երկու կողմն էլ վստահ էր, որ գումարներ գտնվելու դեպքում դրանք իսկապես որակապես նոր տնտեսական վիճակ կստեղծեն երկրներում։ Չշրջանցվեց նաեւ մարզական թեման։ Զուրաբ Ժվանիան առաջարկեց ֆուտբոլային խաղ անցկացնել պառլամենտական թիմերի միջեւ՝ ձեռքի հետ հիշատակելով, որ պատգամավորների թվում է նաեւ Մանուչար Մաճաիձեն, Թբիլիսիի «Դինամոյի» երբեմնի ավագը։ Մերոնք ընդունեցին մարտահրավերը։ Կուլտուրական հատվածում թերեւս հետաքրքիր էր մի դիպված։ Վրաց պատգամավոր նկարչուհին իր խոսքը համեմեց բազմաթիվ բարի ցանկություններով, հավաստումներով, եւ որոշեց, որ միայն արեւմտամետ կողմնորոշման մեջ կա հային ու վրացուն փրկություն։ Վերջում նշեց, որ բազմաթիվ հայ ընկերներ ունի, բանաստեղծ Անարը (՞), ռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանը եւ այլոք, եւ ինքը բոլորին սիրում է։ Ջերմ էր հանդիպումը Իլյա կաթողիկոսի հետ։ Կողմերը հուշանվերներ փոխանակեցին։

Նույնքան ջերմ էր հանդիպումը Թբիլիսիի հայ համայնքի հետ՝ Փալիաշվիլու անվան օպերայի եւ բալետի թատրոնում, որտեղ Ռոբերտ Քոչարյանին շնորհվեց Թբիլիսիի պատվավոր քաղաքացու կոչում։ Ծրագրի վերջին կետը այցելությունն էր սբ. Գեւորգ եկեղեցի եւ ծաղիկների դնումը Սայաթ-Նովայի գերեզմանին։ Մի շտապեք դատապարտել, այդպես գրված էր ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգի մշակած ծրագրում, որը մեզ էր բաժանվել մեկնելուց առաջ։ Ի դեպ, դա միակ «գոհարը» չէր այդ բրոշյուրում։ Այն կարդալը պարզապես էսթետիկական հաճույք էր, եւ շատերս ընթերցում ու վերընթերցում էինք։ Վերադառնանք Սայաթ-Նովային։ Նրա կողքին թաղված է նկարիչ Գեւորգ Բաշինջաղյանը, եւ երբ նախագահները ծաղկեպսակներ մատուցեցին Սայաթ-Նովայի շիրիմին, լրագրողներից մեկը նկատեց, որ կարող էին նաեւ Բաշինջաղյանի շիրիմին մի պսակ դնել։ Քիչ մտորելուց հետո, այնուամենայնիվ, հիշեցինք, որ Սայաթ-Նովան իր ժամանակին եղել է երկրի ղեկավարի աշխատակազմի հաստիքային աշխատող, իսկ Բաշինջաղյանը՝ ոչ։ Ճաշից հետո պատվիրակությունը վերադարձավ Երեւան։

ՈՍԿԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Թբիլիսի -Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30