Լրահոս
Օրվա լրահոսը

Ա. Կաշպիրովսկի. «Ես չինովնիկներին վերաբերվում եմ ինչպես ճանճերի»

Դեկտեմբեր 16,1998 00:00
kashpirovski

Անատոլի Կաշպիրովսկու այցի մասին արդեն մի քանի շաբաթ է թմբկահարում էին գովազդային հոլովակներն ու վահանակները։ Այն աստիճան թմբկահարեցին, մինչեւ որ ՀՀ առողջապահության նախարարությունը եւս ստիպված եղավ իր վերաբերմունքն արտահայտել (իհարկե, դրան մեծապես նպաստեցին զանգվածային լրատվամիջոցները), կոչ անելով հատկապես ծանր հիվանդներին զգուշավոր լինել եւ իր մասնագետների ջոկատների ներկայությունն ապահովելով այդ սեանսներին։

Ու Անատոլի Միխայլովիչը մինչեւ հիմնական սեանսներ անցկացնելը, որոշեց մի հատուկ սեանս անցկացնել լրագրողների հետ, մամուլի ասուլիսի տեսքով։ Կինոյի տան ասուլիսի սրահը դեկտեմբերի 15-ին շրջափակված էր ո՛չ լրագրողներով, նրանցից ամենահամարձակները նույնիսկ սողոսկեցին սրահ «մեծ փրկչին» մոտիկից տեսնելու հնարավորությունը բաց չթողնելու ազնիվ մղումով։ Երբ ներս մտավ «հիվանդներին հարություն տվողը», ոչ լրագրողներից մեկը ոգեւորությունից ծափերով դիմավորեց։ Սկսվեց հարցերի շարանը, որից մասնավորապես տեղեկացանք, որ Ռուսաստանում նրա գործունեության արգելման վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Չնայած այն հանգամանքին, որ Անատոլի Միխայլիչը արտոնագիր տվող չինովնիկներին առանձնապես չի համակրում, այդուհանդերձ, օրենքն օրենք է եւ պետք է այն պահպանել, ու իր գործունեությունը արտոնագրված է ՌԴ-ի համապատասխան գերատեսչությունում։

Պարոն Կաշպիրովսկին, չնայած անընդհատ խոստացավ լրագրողներիս ցույց տալ այդ փաստաթուղթը, այդպես էլ չցուցադրեց։ Ինչ վերաբերում է չինովնիկներին, ասեմ, որ Անատոլի Միխայլովիչը շատ հետաքրքիր տեսակետ ունի նրանց վերաբերյալ «Ես չինովնիկներին վերաբերվում եմ ինչպես ճանճերին»,- ավելի ուշ նշեց պրն Կաշպիրովսկին։ Պետդումայում եւ հատկապես Վ. Ժիրինովսկու կողքին հայտնվելու վերաբերյալ տրված հարցին Ա. Կաշպիրովսկին պատասխանեց, որ ինքը Պետդումայում էր, քանի որ իրեն առաջին հերթին հետաքրքրում են մարդիկ, եւ ընդհանրապես ամենուր, որտեղ լինում է Ա. Կաշպիրովսկին նրան ամենից հաճախ հետաքրքրում է մարդկային գործոնը։ Ինչպես ամեն տեղ, Պետդումա եւս պարոն Կաշպիրովսկին, պարզվում է, գնացել է որպես դիտորդ, հոգեբան։

Հետո Անատոլի Միխայլովիչը տարվեց իրենով ու իր գործունեությամբ եւ մոտ 15-20 րոպե պատմեց դրա մասին։ Տեղեկացնենք, որ թեպետ նա ավարտել է բժշկական ինստիտուտ, 25 տարի աշխատել փսիխոթերապիայում, այդուհանդերձ, իրեն առաջին հերթին փիլիսոփա է համարում, տանել չի կարողանում, երբ իրեն էքստրասենս են անվանում։ Բժիշկ չէ, քանի որ, իր ասելով, բժշկությունը սկսվում է այն պահից, երբ մարդը (բժիշկը) դիպչում է հիվանդին, իսկ իր արածը բոլորովին այլ է։ Պարոն Կաշպիրովսկին բավականին երկար բացատրեց իր գործունեության էությունը ու որպեսզի ավելի պատկերավոր լինի, մի առարկայական օրինակ բերեց, ասենք՝ ինչպես անել, որ Հայաստանում ամռանը 40 աստիճան ջերմության առկայության դեպքում մոխրագույն նապաստակը սպիտակ դառնա։ Նա շեշտեց, որ փիլիսոփայության բնագավառում ներկայումս այն վիճակն է, ինչ Ջորդանո Բրունոյի ժամանակներում, որ իր փիլիսոփայությունն այն ճշմարտությունների թվին է պատկանում, որոնք 100 տարին մեկ անգամ են բացահայտվում ու հաստատվում։

Մի երկու դիտարկում եւս. Անատոլի Կաշպիրովսկին շատ հիվանդագին էր ընդունում 2 հանգամանք. նախ տանել չէր կարողանում սեանս բառը (ու մինչեւ վերջ էլ չիմացանք, ինչպես կոչել իր սեանսները) եւ երկրորդ, երբ հարցերը վերաբերում էին նրա գործունեության ֆինանսական եւ կազմակերպչական կողմին։ Անատոլի Կաշպիրովսկին ի պատասխան լրագրողներից մեկի չավարտած այն հարցին, թե իր գործունեությունը ինչպես անվանել. բիզնե՞ս, թե…, վիրավորված շպրտեց. «բիզնես», հետո էլ հայտնեց, թե ինքը պարտքերի մեջ կորած է։ Իսկ իմ հարցը վրդովեցրեց ոչ միայն Անատոլի Միխայլովիչին, ոչ միայն կինոգործիչների միության նախագահ Սերգեյ Իսրայելյանին, այլ նաեւ «մեծ փրկչի» ոչ լրագրող երկրպագուներին, որոնցից մեկը չդիմացավ ու տեղից բղավեց. «Նման հարցերը պատիվ չեն բերում մեր ազգին»։

Իսկ ազգիս համար «անպատվաբեր» հարցերը հետեւյալն էին.

1. Ի՞նչ կապ ունի կինոգործիչների միությունը Ա. Կաշպիրովսկու հետ,

2. Հանդիպումներից որքա՞ն հոնորար է պահանջել Կաշպիրովսկին,

3. Ինչո՞վ է բացատրվում նույն դահլիճի համար վաճառվող տոմսերի գների տարբերությունը։

Վերջին երկու հարցը պրն Իսրայելյանը, իբր թե, վարպետորեն շրջանցեց ու բարեկամաբար էլ, թե. «Լուսինե ջան, ինչո՞ւ ես նման հարցեր տալիս, է՜»։ Իսկ ի պատասխան առաջինի հայտնեց, որ Անատոլի Կաշպիրովսկուն հրավիրել է Հայաստանի կինոգործիչների միությունը, քանի որ պետությունն իրենց կոպեկ (Ս. Իսրայելյանի բառն է- Լ. Մ.) չի տալիս, իրենք տնտհաշվարկային հիմնարկ են, դրա համար էլ փորձում են իրենք իրենց գլուխը պահել։ Ես էլ կարծում էի, թե Հայաստանի կինեմատոգրաֆը պետք է պահեն։

ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031