Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

ՕՐԵՆՔԸ ՈՏՆԱՀԱՐՈՂ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԴԵՄՔԸ

Հունվար 20,1999 00:00
aranznatun

Աբովյանցիների համար Ոսկերչյանը ո՛չ քաղաքապետ է, ո՛չ էլ ԱԺ պատգամավոր, այլ ընդամենը Կոտայքի մարզի ՀՀՇ նախագահն է

Աբովյանի համայնքի ավագանու անդամները (բացառությամբ երկու- երեքից) մի՞թե չգիտեն, որ իրենց քաղաքապետը՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Գրիգոր Ոսկերչյանը, հենց ինքը՝ օրենսդիրը կամայականորեն ոտնահարում է օրենքը։ Իհարկե, գիտեն, բայց նրանց ձեռնտու է Ոսկերչյանը, քանզի անօրինականության մթնոլորտում նեղանձնական հարցեր լուծելը շատ ավելի հեշտ է…

Տեսնես ի՞նչ են մտածում քաղաքապետի թիմակիցները, մանկլավիկները, որոնք արհամարհելով քաղաքի բնակչության շահերը, զանց առնելով օրենք ու օրինականություն, գործադրելով ամեն խարդավանք, Ոսկերչյանին կրկին նստեցրին քաղաքապետի այնքան տարողունակ բազկաթոռին։ Նստեցրին, որ իրենք ինչ ուզեն՝ անեն, քաղաքը վերածեն անճաշակ բուդկա-կրպակների լաբիրինթոսի, աղբանոցի, զավթեն դպրոցի տարածքը, երեխաների խաղահրապարակը, անօրինական շինություններ, առանձնատներ կառուցեն զբոսայգիներում, բնակելի շենքերի մուտքերի մոտ, փակեն մանկապարտեզները, թալանեն կաթսայատները, մարզահամալիրը, լողի դպրոցը…

Չշտապենք, ամենազոր ժամանակը ցույց կտա։ Այո, ժամանակն է զորեղ, քանզի նույնիսկ մեկ տարի առաջ հնարավոր չէր խոսել այն փաստերի եւ անօրինականությունների մասին, որոնք վերաբերում էին եւ վերաբերում են Ոսկերչյանին, քաղխորհրդի գործկոմի նախագահին, այնուհետեւ նույն իրեն՝ քաղաքապետին։

… Մի քանի տարի առաջ, երբ Գրիգորը Աբովյանի քաղխորհրդի գործկոմի նախագահն էր, կաշառակերության փաստի համար կալանավորվեց նույն գործկոմի իրավախորհրդատուն։ Երկու տարի առաջ, երբ Ոսկերչյանը բազմած էր քաղաքապետի գահաթոռին, կաշառակերության համար կալանավորվեց նրա տեղակալը։

Առաջին դեպքը մարդիկ ընդունեցին սովորական, քանի որ հիմնարկում, աշխատակազմում մեկը կարող է չարաշահել պաշտոնական դիրքը, ապօրինի, հանցավոր քայլեր կատարել։ Իհարկե, դա բարոյական հարված է կոլեկտիվին եւ նրա ղեկավարին։ Սակայն, վերջին հաշվով, անհատի քայլերի, գործողությունների համար ո՛չ կոլեկտիվն է պատասխան տալիս (մանավանդ մեր օրերում) եւ ո՛չ էլ ղեկավարը։ Բայց, երբ որոշ ժամանակ անց քաղաքապետի տեղակալն է նույն հանցանքը կատարում, նշանակում է այդ ապարատում կատարված առաջին դեպքը պատահական չէր… Քաղաքապետի պաշտոնի ընտրապայքարի ժամանակ Ոսկերչյանը իր «ծրագրերը» ներկայացնելիս խոստանում էր ընտրվելուց հետո կադրերի լուրջ փոփոխություններ կատարել։ Ըստ երեւույթին, ուժը չպատեց, նախկին բոլոր չինովնիկները մնացին քաղաքապետարանում։ Ոսկերչյանը կարողացավ նույն դաշտում (ինչպես շախմատի դաշտում) որոշ ֆիգուրների տեղաշարժ կատարել։ Կադրային հարցում միակ «լուրջ» քայլն այն եղավ, որ աշխարհե-աշխարհ ման գալով, շատ փնտրելով, կանգ առավ Ամերիկայում եւ այնտեղից մեկին հրավիրեց ու նշանակեց քաղաքապետի տեղակալ։ Վերջինս, հավանաբար, չհարմարվելով քաղաքապետի ապօրինություններին, կարծես հեռացել է նրանից։

Մթնոլորտը քաղաքապետարանում մնացել է նույնը։ Ճարտարապետը, մյուս պետերը ինչ ուզեն, այն էլ անում են, քաղաքապետը չի առարկում, թույլատրում է…

Աջ ու ձախ խախտվում է քաղաքի գլխավոր հատակագիծը։ Առանձնատներ ու շինություններ են կառուցում բարձրահարկ շենքերի բակերում (Գառնիի փողոց, շուկայից քիչ վեր եւ այլն), մայթերին, որտեղ «կլիենտները» ցանկանան։ Մանկապարտեզները հիմնականում փակվել են, վաճառվել ոմանց, ավերվել։ Սարալանջ թաղամասի տարածքում տիպային մանկապարտեզի շենքը արդեն քանի՜ տարի է, կիսաքանդ վիճակում է։ Ասում են՝ այն իր եղբոր սեփականությունն է արդեն։ Իսկ քաղաքապետի եղբայրը ճամպրուկային տրամադրություն ունի՝ վաճառել եւ թռնել օվկիանոսից այն կողմ…

Քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցի խաղահրապարակը ապօրինի կերպով վաճառվել է «լավ տղերքին», որոնք պարսպապատել են տարածքը եւ դարձրել ավտոկայանատեղ։ Իսկ որտե՞ղ պետք է խաղան երեխաները, ֆիզկուլտուրայի պարապմունքները որտե՞ղ պետք է անցկացնեն, այս մասին Ոսկերչյանը չի էլ մտածում։ Ինչ փույթ, թե կա դատարանի վճիռը՝ տարածքը դպրոցին վերադարձնելու մասին։ Քաղաքապետը չի՞ ցանկանում, թե՞ «լավ տղերքի» հետ փայատեր է, դրա համար էլ հաշվի չի առնում անգամ դատարանի վճիռը։ Առայժմ դժվար է ասել։

Բազում ահազանգերից հետո քաղաքի քանդված փողոցներից մի քանիսը կարկատվեցին, սակայն կենցաղային աղբը դարձյալ չի տեղափոխվում։ Ինչո՞ւ։ «Միջոցներ չունենք»,- հանգիստ պատասխանում է քաղաքապետը։ Այս հարցում Ոսկերչյանին միամիտներն էլ չեն կարող հավատալ։ Եթե քաղաքապետարանը միջոցներ չունի աղբահանության, սանիտարական մաքրության համար, այդ ինչպե՞ս է կարողանում անձնական-ծառայողական նորագույն ու շքեղ «Վոլգա», այլ խոսքով՝ «Լիմուզին» գնել, այն էլ 7,0 միլիոն դրամով։ Նմանատիպ մեքենաները վաճառվում են 4-4,5 միլիոն դրամով (8-9 հազար դոլար), այդ ինչպե՞ս եղավ, որ Ոսկերչյանի մեքենան գրեթե կրկնակի թանկ գնվեց։ Որտեղի՞ց գնվեց։ Քաղաքապետի 1997 թ. նոյեմբերի 28-ի կարգադրությամբ Ա. Վարդանյանը եւ Հ. Զաքարյանը մեկնում են Նիժնի-Նովգորոդ՝ «Գազ 31-10» մակնիշի ավտոմեքենա առնել-բերելու։ Սակայն վերադառնում են առանց մեքենայի։ Ավտոմեքենան գնվում է Հայաստանում, ինչո՞ւ։ Կարծում ենք, այս հարցի պատասխանը համապատասխան մարմինները կտան։

Իսկ որտե՞ղ է նրա «հին» մեքենան։ Այն շատ լավ վիճակում է եւ պտտվում է Աբովյանի ու Երեւանի փողոցներում, թեեւ Ոսկերչյանի որոշմամբ համարվել է օգտագործման համար ոչ պիտանի։

Քաղաքի դեմքը քաղաքապետի դեմքն է

Ամեն քաղաք ունի ճարտարապետական իր դիմագիծը։ Մի ժամանակ Աբովյանն էլ ուներ իր ուրույն դեմքը, բայց հիմա կորցրել է։ Այո, խաթարված է մեր քաղաքի դիմագիծը։ Եվ խաթարողը քաղաքապետը, նրա «թիկնապահներն» են։ Այսօր էլ կենտրոնական փողոցների մայթերի, շենքերի բակերի կանաչ ծառերը անխղճաբար հատվում են, իբրեւ թե՝ զոհված ազատամարտիկների ընտանիքներին վառելափայտով ապահովելու համար։ Քաղաքապետարանը կարիքավորներին օգնելու այլ հնարավորություն չունի՞, եւ բարոյակա՞ն է շահարկել զոհված ազատամարտիկների անունները։

Ո՞ր թվականին եւ ո՞ւմ նախագծով է նախատեսված, որ բնակչության, երեխաների համար ստեղծված պուրակ-զբոսայգում քաղաքապետը առանձնատուն- դղյակ կառուցի։ Եվ կառուցել է Ոսկերչյանը, մնում է ներքին հարդարման աշխատանքներն ավարտի։ Ձգձգում է, ինչո՞ւ, գուցե արդեն ինքն էլ ճամպրուկային տրամադրություն ունի։ Տեսնես կհանգրվանի Փարիզո՞ւմ, թե՞ կանցնի օվկիանոսի այն կողմ…

Փաստաթղթերով այդ առանձնատունը եղբորն է։ Այդ ի՞նչ ծառայություն ունեն Ոսկերչյանները, որ տեր դառնան աբովյանցիների հանգստի վայրին, չէ՞ որ նրանք այս քաղաքում մի քար անգամ չեն դրել քարին եւ մի ծառ չեն տնկել, ընդհակառակը՝ քանդիչ գործունեություն են ծավալում։ Ի վերջո, քաղաքապետը ո՞ւմ փողերով է առանձնատներ կառուցում։ Միայն պարսպի քարերով կարելի է հինգհարկանի շենք կառուցել…

Հսկիչ-վերակացու Խամբեկը

Ըստ Արզնիի գյուղապետարանի տեղեկանքի, Գրիգոր Ոսկերչյանին տրվել է 3500 քմ, նրա կնոջը՝ Մարիամ Հարությունյանին՝ 1500 քմ հողամաս-այգի։ Իրականում Գրիգոր Ոսկերչյանը Արզնիում ունի 4500 քմ, իսկ կինը՝ 3400 քմ հողամաս-այգի։ Նրանք ունեն եւս երկու «գործընկերներ», որոնցից Վանյա Իվանովը զբաղեցնում է 3500 քմ, իսկ Շամիր Երիցյանը՝ 3300 քմ հողամաս-այգի։ Չորս ընկերների այգի-հողամասը կազմում է 1,47 հեկտար տարածություն։ Հողի առք ու վաճառքի կամ սեփականաշնորհման վերաբերյալ օրինական փաստաթղթեր չկան։ Թեեւ ներկա օրենսդրությամբ, գործող օրենքներով չի թույլատրվում սեփականաշնորհված, մշակովի հողերում, այգիներում շինություն կառուցել կամ պարսպապատել, սակայն օրենքներն, ըստ երեւույթին, Ոսկերչյանի համար չեն։ Նա, լինելով ՀՀ ԱԺ պատգամավոր, օրենսդիր մարմնի անդամ, ոտնահարում է օրենքները։

Զավեշտականն այնն է, որ օրենքի անունից հանդես էր գալիս Խամբեկը, նույն ինքը՝ Խամբեկ Սարգսյանը, քաղաքապետարանի բաժնի պետը։ Արզնիի այգիների շինարարական աշխատանքները նա է իրականացնում, հսկում եւ կարգադրում։

Երբ լուսանկարիչը նկարում էր հսկա պարիսպը, մոնումենտալ դարպասն ու տունը, Խամբեկը սպառնաց, որ կտա կջարդի խցիկն ու նկարչին՝ ոտնձգություն կատարելու, իր սեփական տարածքը մտնելու համար։ «Չորս գործընկերներից» երրորդը, պարզվում է, Խամբեկն է, անհայտ է մնում չորրորդը։ Հուսանք, որ կբացահայտվի։

Ճշմարտության դեմ չմեղանչելու համար ասենք, որ երբ Ոսկերչյանը բախտի բերմամբ հայտնվեց քաղխորհրդի գործկոմի նախագահի շա՜տ բարձր պաշտոնում, այն ժամանակ օրենքներից խելքը չէր հասնում։ Այն ժամանակ անօրինական քայլեր կատարում էր՝ օրենքը չհասկանալով։ Հիմա օրենքը շատ լավ հասկանում է եւ օրինախախտումներ կատարում է գիտակցելով, չարաշահելով ԱԺ պատգամավորի եւ քաղաքապետի պաշտոնական դիրքը։ Սակայն Ոսկերչյանը չպետք է մոռանա, որ եկել են օրինականության, կարգուկանոնի հաստատման ժամանակները, պատասխան տալու ժամանակը։

Արդյոք աղքա՞տ են Ոսկերչյանները

Այդ ինչպե՞ս եղավ, որ դուք, պարոն Ոսկերչյան, ձեր կինը, ազգականները մտածեցիք կալվածքներ, հողամաս գնել, մի՞թե դուք ունեւոր եք… Եթե դուք հարուստ եք (դրանում բոլորովին չենք կասկածում, թեեւ մինչեւ նախագահ դառնալը ձեր բլուզի օձիքը քրքրված էր…), դղյակներ եք կառուցում, այգիներ եք պարսպապատում, տարբեր ձեռնարկությունների փայատեր եք, ապա ինչո՞ւ եք ողորմությունից զրկում թշվառներին, մուրացկաններին։

Բոլորին հայտնի է, որ հումանիտար «Փարոս» ծրագիրը նախատեսված է խիստ կարիքավորներին, հաշմանդամներին, բազմազավակ ընտանիքներին, հիվանդներին օգնելու համար։ Գրիգոր Ոսկերչյանի հայրը՝ Հարություն Գրիգորի Ոսկերչյանը եւ մայրը՝ Մանուշակ Ոսկերչյանը մի՞թե կարիքավոր են եղել, որ օգտվել են «Փարոս» ծրագրից։ Գրիգորի եղբոր՝ Վազգեն Հարությունի Ոսկերչյանի ընտանիքը մի՞թե չի կարողացել ապրել առանց «Փարոսի» ձեթի եւ մի քանի կգ ալյուրի։ Չէ՞ որ քաղաքապետի ծնողների, եղբոր ընտանիքի փոխարեն, եթե աշխատանք եւ ապրուստ չունեցող մարդիկ ստանային «Փարոսի» օգնությունը, Աբովյանում մուրացկանների թիվը երկուսով կպակասեր։

Եթե իսկապես քաղաքապետի մայրը նույնպես կարիքավոր է եղել, ապա ինչպե՞ս է կարողացել 1992 թվականի հուլիսի 1-ին Մայակովսկի գյուղում հողամաս գնել (նոտարական փաստաթուղթ՝ թիվ 2-1333)։ Փաստաթղթերով հողամասի վաճառքը կատարվել է փողով։ Սակայն ամբողջ գյուղը գիտի, որ հողամասի դիմաց Մանուշակ Ոսկերչյանը (այսինքն՝ նախագահ Գրիգոր Ոսկերչյանը) Շուշանիկ Գեւորգյանին (հողամաս վաճառողին) Աբովյան քաղաքում բնակարան է հատկացրել։

Քաղաքապետի մայրը (Աբովյան քաղաքի թիվ 1 դպրոցի ուսուցչուհի) Մայակովսկի գյուղի ճանապարհն ու տեղն էլ չգիտի։ Այդ ինչո՞ւ մյուս ուսուցիչ-ուսուցչուհիները ցամաք հացի փող չունեն, իսկ Մանուշակ Ոսկերչյանը հողամաս է առնում, այն էլ ցրտի, խավարի, կտրոնով հաց ձեռք բերելու տարում։

ՎԱՐԱԶԴԱՏ ՊՈՂՈՍՅԱՆ

աշխարհագրական գիտությունների թեկնածու, դոցենտ

ԵՍԱՅԻ ԵՍԱՅԱՆ

տնտեսագիտության թեկնածու, դոցենտ

ԷՄՄԱ ՄՇԵՑՅԱՆ

Աբովյան քաղաքի թիվ 10 դպրոցի ուսուցչուհի

ՀՐԱԶԴԱՆ ՀԱՅԿԵՆՑ

«Գրիգոր Նարեկացի» համալսարանի ռեկտոր, բանաստեղծ

ԽԻԿԱՐ ԳԵՂԱՄՅԱՆ

«Կոտայք» մարզային թերթի գլխ. խմբագիր

Նման մեղադրանքներ այսօր կարելի է ուղղել բոլոր մարզպետներին, քաղաքապետերին, համայնքապետերին: Ուստի հոդվածը տպագրելու փաստը որեւէ քաղաքական երանգ չունի: Այնուամենայնիվ, պատրաստ ենք հրապարակել նաեւ «մեղադրվող» կողմի տեսակետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031