Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավունք ունես՝ գլուխդ քորի

Հունվար 29,1999 00:00

Իրավունք ունես՝ գլուխդ քորի Հողմաղացների դեմ կռիվն այսօր էլ արդիական թեմա է։ Ուրիշի իրավունքը պաշտպանող լրագրողներն այսօր էլ տխուր ասպետներ են հիշեցնում, եւ այս կրկնվող նմանությունը, իրոք, տխուր է։ Տխուր է, որովհետեւ նա, ով նույնքան անպաշտպան է օրենքի առաջ, որքան նա, ում իրավունքը ինքն է պաշտպանում, առնվազն հորթի սիրտ պիտի ունենա, որ հետեւանքների մասին մտածի այն ժամանակ միայն, երբ անօրինականության բոլոր պատճառները կոծկված են արդեն։ Հուսալ, թե համատարած անպաշտպանվածության այս մթնոլորտում հնարավոր է մաքրել մեր իրավական դաշտի «ավգյան ախոռները», նույնն է, թե խաղալիք-ցնցուղով մտնել Սահարայի անապատ, այն էլ՝ խաղողի այգի աճեցնելու հաստատ մտադրությամբ։ Ասում են, կարեւոր չէ, թե ում կողմն է ուժը, կարեւորն այն է, թե ում կողմն է իրավունքը։ Աբսուրդ։ Նման ճշմարտությունները նույնիսկ իրավական երկրներում աֆորիզմի արժեք ունեն ընդամենը, ուր մնաց՝ մեզ մոտ։ Առավել եւս, երբ ուժի դիրքերից պետական իշխանությունն է հանդես գալիս, իրավունքի «խրամատներից»՝ չորրորդ իշխանությունը։ Որպես կատարված իրողություն՝ բերեմ ընդամենը մեկ օրինակ։ 1998-ի սեպտեմբերին «Հայաստանի Հանրապետութիւն» օրաթերթը բաց նամակ հղեց Հայաստանի Հանրապետության նախագահին՝ իր խորին հիասթափությունն ու տագնապը արտահայտելով այն խայտառակ փաստի առնչությամբ, որ վերջինս պետական բարձր մրցանակի էր արժանացրել ամիսներ շարունակ հանրապետության ազդեցիկ լրատվամիջոցների կողմից «ջրի երես հանված» Երեւանի բժշկական համալսարանի ռեկտորին (պրոֆեսոր Սարգիս Անանյանի հայտնի «գործը»)։ Եվ ի՞նչ։ Նախագահն արձագանքե՞ց բաց նամակին։ Իհարկե, «արձագանքեց» (մեր նախագահն իրեն ուղղված բաց նամակներն է կարդում միայն)։ Ավելին, մի «մրցանակի» էլ «ՀՀ» գլխավոր խմբագիրն արժանացավ։ Մեկ ամիս էլ չանցած, հեռացվեց աշխատանքից՝ պետական ինստիտուտներն ու պաշտոնավոր այրերին վարկաբեկելու «ծանրակշիռ» փաստարկով։ Ահա այսպիսի բացառիկ մրցանակ՝ ուրիշի իրավունքները պաշտպանելու հանդգնության համար։ Պետական պատվերով անցած նույն «պարգեւին» արժանացան եւ այն տասներկու լրագրողները, ովքեր փորձեցին տեր կանգնել իրենց ու իրենց խմբագրի իրավունքներին։ Եվ որովհետեւ այնքան «միամիտ» էին, որ համոզված էին, թե երկրի նախագահն իրոք Սահմանադրության թիվ մեկ երաշխավորն է ու իր հերթին պարտավոր է տեր կանգնել պետության քաղաքացիների սահմանադրական իրավունքներին, որոշեցին «հյուր գնալ» նրան։ Նախագահը նրանց ընդունեց, ջերմուկ հյուրասիրեց, բարեկամաբար ու երկար զրուցեց, գնահատեց նրանց լրագրողական վաստակը, «փափուկ բարձ դրեց գլուխների տակ» ու ճանապարհեց։ Ո՞ւր։ Գրողի ծոցը։ Մեկ ամիս չանցած՝ տասներկուսին էլ նույն հրամանով հեռացրին աշխատանքից։ «Մրցանակների» ի՜նչ փառահեղ հրավառություն։ Այդ կուրացուցիչ վերաբերմունքից խմբագիրն էլ, լրագրողներն էլ լյոխ շոկի մեջ են դեռ։ Իսկ մենք մարդու իրավունքներից ենք խոսում, այդ իրավունքների պաշտպանության գրասենյակներ հիմնում, գրանտներ ստանում, թոզ փչում միջազգային հանրության աչքին։ Նրանք էլ՝ այդ միամիտ եվրոպացիները, միտք ունեն Եվրախորհրդի անդամ դարձնել մեզ, կարծում են, ժողովրդավարության առաջ օրուգիշեր մոմ վառող պետություն ենք՝ իրավունքի պաշտպան ղեկավարներով։ Ախորժակներին քացախ։ Ինչպես եղել, այդպես էլ մնալու ենք։ Ասիացի՛։ ԼԻԼԻ ՄԱՐՏՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել