Այսօր տեղի է ունեցել քննարկում՝ արցախցիների խնդիրների, Արցախ վերադարձի մասին: Այն կազմակերպել է «Արդարություն եւ վերադարձ» հայ ազգային եւ մշակութային արժեքների պահպանման ՀԿ-ն՝ «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագրի շրջանակներում:
Նախաձեռնության կազմակերպիչ Հակոբ Հակոբյանն ասաց, որ այդ հանդիպումները մտադիր են կազմակերպել բոլոր մարզերում, լսել երիտասարդների առաջարկները, կարծիքները: Նա նշեց, որ հիմնականում կարմիր թելի նման անցնում է մի ցանկություն՝ վերադառնալ Արցախ. «Բոլորը մտածում են, որ հայրենիքի այս հատվածում պետք է արցախցին ունենա արժանապատիվ ժամանակավոր կացարան, քանի դեռ հնարավորություն չկա վերադառնալ Արցախ: Արցախցիների միակ երազանքն է վերադառնալ իրենց պապերի տներ»:
Ըստ նրա, բանակցությունները հնարավորի արվեստ է ու պետք է բանակցել Արցախ վերադարձի թեմայի շուրջ, քանի որ Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի մաս. «ԽՍՀՄ-ի ժամանակ եղել է որպես ինքնավար մարզ, ուստի պետք է բանակցություններ սկսել ամենացածր մակարդակից մինչեւ ամենաբարձր մակարդակը»:
Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն ասաց. «Արցախցու ձայնը Աստծո ձայնն է, արդարությունը հնարավոր չէ սպանել, որովհետեւ արցախցին ի սկզբանե արդարության ձայն է բարձրացրել, ցանկացել է հանգիստ, խաղաղ ապրել իր հողում, արարել, ստեղծագործել: Չարը չի կամենում, որ լույսը մշտապես լուսավորի, խավարը միշտ դեմ է լույսին: Մեր ինքնությունը հիմնված է լույսի վրա: Արցախցին ի սկզբանե աչք չի ունեցել օտարի ունեցվածքի վրա, նա միշտ արարել, ստեղծագործել է հանուն արդարության, հանուն խաղաղության եւ հանուն իր ինքնության: Այն ինչ տեղի ունեցավ մեզ հետ, դա անբացատրելի է մարդկային, հասուն, գիտակից, հավատացող մարդու տեսանկյունից: Մենք չէինք սպասում այդպիսի ելք: Սա սարսափելի ելք էր՝ բռնի տեղահանում, ծառն արմատախիլ են արել: Բայց ասեմ՝ այստեղ գյուղացիներ կան, ովքեր հասկանում են, որ ծառը երբ արմատախիլ ես անում, գլխավոր արմատը մնում է հողում, որը դեպի խորն է գնում: Եվ մեզ մնում է, որ Քրիստոսով հաղթանակած՝ վերադառնանք մեր գլխավոր արմատին, որը մնացել է հայրենի հողում: Կանգնել Արցախի եւ արցախցու կողքին, կնշանակի կանգնել արդարության կողքին, կանգնել մարդու հիմնարար իրավունքների կողքին եւ առավել եւս կանգնել աստվածապարգեւ օրենքների կողքին»:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ կան հարցեր լուծվող եւ կան չլուծվող ու որպեսզի անհնարինը հնարավոր դարձնենք, պետք է սկսել լուծվող հարցերից, որ դժվարագույնը դառնա ընկալելի ու հասանելի, դառնա նպատակ եւ առաքելություն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































