Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԱՊՐԻԼԻ ՄԵԿԻՆ

Ապրիլ 03,1999 00:00
tntesutyun

«Շուկա, շուկա» գոռալով բավական ինքնատիպ տնտեսական համակարգ ենք ստեղծել։ «Անցումային շրջանի տնտեսություն» է կոչվում։ Երկրի համար էլ ենք անուն գտել։ Միջազգային ստանդարտներով ընդունելի անուն։ 70-ամյա սոցիալիստական (ու թունդ արդյունաբերական) էտապը հաղթահարելուց հետո դարձել ենք «զարգացող երկիր»։

Գյուղխորհրդի դավթարներից մինչեւ Միացյալ Ազգերի Կազմակերպության մատյաններ մեր երկիրն այդպես էլ անվանվում է «զարգացող երկիր»։ Հասարակության մի հատվածը (իշխանական դասը) առավոտից իրիկուն հենց էդ գործով էլ զբաղված է՝ փորձում է որեւէ զարգացող բան գտնել տնտեսական կյանքում։ Որպեսզի արդարացվի զարգացող երկիր համարվելու փաստը։ Ինչ-որ իմաստով լրատվության միջոցներն էլ են այս գործի վրա։ Իշխանավորները հենց լրագրող ու տեսախցիկ են տեսնում, առիթը բաց չեն թողնում հասարակությանը որեւէ ուրախ լուր հաղորդելու։

Հանրապետության տնտեսության առաջընթացի (զարգացման) մասին դատողություններ անելու փոխարեն կարելի է կամայական որեւէ օր պարզապես ընթերցել պաշտոնական տնտեսական տեղեկատվությունը։ Ապրիլի 1-ին «Արմենպրես» լրատվական գործակալությունը տնտեսական ութ լուր է թողարկել, Դրանք բոլորն էլ մեկը մեկից բնութագրական են մեր տնտեսության համար։ Եթե տնտեսական ղեկավարությունը պարբերաբար ընթերցեր օրվա լուրերը, դժվար թե հետո տրամադրություն ունենար բոցաշունչ ելույթների եւ գլոբալ ծրագրերի։

Լուրերից երկուսը վերաբերում են շինարարությանը։ Նախ նշվում է. «1999 թ. հունվարին բնակչության միջոցների հաշվին շահագործման են հանձնվել 0,25 հազար քմ բնակելի շենքեր։ Հունվարին իրականացվել է մոտ 2 մլրդ դրամի կապիտալ շինարարություն»։

Երկու լուր ճշտում են, որ 27%-ով նվազել են երկաթուղային եւ 46%-ով օդային բեռնափոխադրումները։ Այս լուրերը երեւի մեր տնտեսական աննախադեպ առաջընթացի պերճախոս հետեւանքներն են ու հիմնավորումը։ հետաքրքիր է իմանալ նաեւ, որ ավարտվել են «Կոմիտասի մասնաճյուղի վերելակներում եւ ջրի պոմպերում հաշվիչների տեղադրումը»։ Լուրի մեջ նշվում է, որ օտարանուն «Հեկլեր Բայի» ընկերությունն այլեւս չի նախատեսում միաֆազ հաշվիչներ տեղադրել, քանի որ, ըստ ծրագրի ղեկավար Ա. Արզումանյանի, ուսումնասիրվել են եղածները եւ ընդամենը 10%- ն է ենթակա փոխանակման»։ Սա բոլորովին անհասկանալի է։ Մեր էներգետիկ ղեկավարությունը մի քանի տարի է բոլորիս համոզում էր, թե մեր միաֆազ հաշվիչները մաշված են ու բոլորը չգիտես ինչու, դանդաղ են պտտվում։ Ապրիլի 1-ի տնտեսական թագ ու պսակը, բնականաբար, տոնավաճառների մասին նյութն է։ Այն կարելի է մեջբերել։ Եվ որպես տնտեսության ամենակենսական ճյուղը ներկայացնող նյութ, եւ՝ որպես կատարյալ անիմաստ։

«1999 թ. հունվարին հարապետության տոնավաճառներում կատարված ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալում վաճառված ոչ պարենային ապրանքների ծավալը զգալիորեն գերազանցում է պարենային ապրանքներինը՝ ընդհանուր առմամբ կազմելով 82,9%։ Ընդ որում մայրաքաղաքի տոնավաճառներում այն վաճառված ապրանքների 84,8%-ն է կազմել։ Շիրակի եւ Արարատի մարզերում պարենային ապրանքների վաճառք ընդհանրապես չի եղել։ Ի տարբերություն դրա, ամենաշատ պարենային ապրանք վաճառվել է Տավուշի մարզում՝ կազմելով կատարված ապրանքաշրաջանառության 62%-ը»։

Տեսնում եք, որ քնքուշ ու խնամքով ենք ուսումնասիրում տոնավաճառները։ Առաջիկայում, հավանաբար, գիտահետազոտական իտնստիտուտների մակարդակում կուսումնասիրվի տոնավաճառների էթնոլեզվաբանությունն ու էքստրասենսոր դաշտը։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930