Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՉԷ

Մայիս 21,1999 00:00

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՉԷ Խոսրով Հարությունյանը պետական պաշտոնյա չէ Այսպես ներկայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը Ազգային ժողովին եւ նրա նախագահին՝ դատական քննության ժամանակ։ Այդպես էլ գնահատեց դատարանը՝ իր վճռով մերժելով Ռ. Թորոսյանի դիմումը։ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Ռուբեն Թորոսյանը դիմել էր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատարան, ՀՀ ԱԺ պատգամավորացու (վերջին բառի հեղինակը Լիզա Ճաղարյանն է, իսկ հիշեցման նպատակը՝ հեղինակային իրավունքը չխախտելն է – Ժ.Շ.) Խոսրով Հարությունյանին, մինչեւ ընտրությունների արդյունքները հրապարակելը պաշտոնական պարտականությունները կատարելուց ազատելու պահանջի մասին։ Ռ. Թորոսյանն իր դիմումի հիմքում նշել էր ՀՀ Ընտրական օրենսգրքի 111 հոդվածի առաջին մասի պահանջն այն մասին, որ «Այն թեկնածուները, ովքեր պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ են, գրանցման պահից մինչեւ ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումն ազատվում են իրենց պաշտոնական պարտականությունները կատարելուց»։ Ընտրական օրենսգրքի հեղինակը կամ ձեւական համահեղինակները, երեւի թե դատաիրավական բարեփոխումների փաթեթի մեջ ընդգրկված օրենսգրքերի ստեղծման փորձից ելնելով, ձգտել են առավել ժողովրդավարական երեւալ, օրենսգրքի մեջ տեղ են հատկացրել եւ ամրագրել այնպիսի նորմեր, որոնցով իրենք իրենց դրել են դժվարին եւ հետեւանքների առումով ոչ հաճելի վիճակի մեջ։ Գաղտնիք չէ, որ նախընտրական քարոզչության ճիշտ կազմակերպման ու անցկացման ընթացքը կարեւոր նշանակություն ունի հատկապես մեծամասնական (կամ, ինչպես ասում են՝ անհատական նախաձեռնության) կարգով իրենց թեկնածությունը գրանցած պատգամավորության թեկնածուների հաջողության համար։ Պատահական չէ, որ ընտրական օրենսգրքի 18 հոդվածի 4-րդ մասի 8-րդ կետի համաձայն, նախընտրական քարոզչության կազմակերպման սահմանված կարգի խախտումը կարող է հիմք հանդիսանալ տվյալ թեկնածուի կամ կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը դատական կարգով ուժը կորցրած ճանաչելու համար։ Նախընտրական վեճերի լուծման՝ մամուլից մեզ հայտնի դատական պրակտիկան ցույց է տալիս, որ համատարած կարգով դատարանների կողմից բավարարվում են տեղամասային եւ մարզային ընտրական հանձնաժողովների՝ պատգամավորության թեկնածությունը չգրանցելու դեմ բերված դիմումները։ Նշված հանգամանքը որոշ իրավաբանների կողմից լավատեսական գնահատականի էր արժանացել, թե դրանք հանդիսանում են դատարանների կողմից արդարադատության իրականացման առաջին ծիլերը։ Հուսանք, որ այդպես է լինելու, սակայն դժվար է համաձայնել, որ իշխանություններից, մասնավորապես հանրապետության նախագահից ու արդարադատության նախարարից անմիջական կախման մեջ գտնվող ներկայիս դատական համակարգը կարող է անկախ վճիռներ, որոշումներ ու դատավճիռներ կայացնել։ Քանի որ խնդիրն առայժմ վերաբերում էր պատգամավորության թեկնածուների գրանցման հարցին, որն ինքնին որեւէ վտանգ չէր կարող ներկայացնել ընտրությունների վերջնական՝ իշխանությունների համար ցանկալի արդյունքի առումով, ապա տարվում էր այն քաղաքականությունը, թե ինչքան ուզում է գրանցվեն, այ եթե հարցը կվերաբերի նախընտրական փուլում այս կամ այն (նայած, թե որ) պատգամավորի կողմից օրենքի պահանջները խախտելուն, իսկ հետո նաեւ քվեարկության ընթացքում եւ արդյունքների ամփոփման ժամանակ ծագած վեճերին, ապա դրանք ուրիշ են, դրանք արդեն էական նշանակություն ունեն։ Դրանց նկատմամբ դատարանների վերաբերմունքը չի կարող միանշանակ այնպիսին լինել, ինչպիսին թեկնածությունները գրանցելու ժամանակ էր։ Կապրենք՝ կտեսնենք։ Նման ոչ լավատեսական եզրահանգումների համար հիմք է հանդիսանում Ռուբեն Թորոսյանի դիմումը դատարանի կողմից ակնհայտ անհիմն մերժելու փաստը։ Մի հանգամանք, որը կարող է ընտրական օրենսգրքի խախտումների դեմ բերված բողոքները դատարանների կողմից անարդարացի մերժելու նախերգանքը հանդիսանալ։ Այն դեպքում, երբ անվիճելի է, որ Ազգային ժողովը հանդիսանում է պետական մարմին, իսկ նրա նախագահը՝ պետական պաշտոնյա, որ, ՀՀ ընտրական օրենսգրքի 111 հոդվածի առաջին մասի համաձայն, մինչեւ ընտրության արդյունքները հրապարակելը, Խոսրով Հարությունյանը պետք է ազատվեր պաշտոնական պարտականությունները կատարելուց, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը փորձում էր եւ երեւի թե հաջողվեց համոզել դատարանին, որ Ազգային ժողովը պետական մարմին չէ, իսկ Խոսրով Հարությունյանը պետական պաշտոնյա չէ։ Որեւէ օրենքով չհիմնավորված նման պատճառաբանությունը հաստատելու համար ներկայացվեց ԿԸՀ-ի կողմից թույլ տված մեկ այլ անօրինականություն։ Պարզվում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, դուրս գալով իր լիազորությունների սահմաններից, ստանձնել է նաեւ օրենքը մեկնաբանող գոյություն չունեցող մարմնի դերը եւ որոշում կայացրել, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 111 հոդվածի առաջին մասի պահանջները Ազգային ժողովի պատգամավորների եւ ղեկավարության վրա չեն տարածվում։ Ամենեւին չկասկածելով, որ Ազգային ժողովը պետական մարմին է, իսկ նրա նախագահը՝ պետական պաշտոնյա, այդ հանգամանքը հիմնավորելու համար ընթերցողի ուշադրությունը հրավիրենք ՀՀ գործող Սահմանադրության 65 հոդվածի վրա, որտեղ նշված է, որ «Պատգամավորը չի կարող զբաղեցնել պետական այլ պաշտոն…»։ Դպրոցական աշակերտը նույնիսկ տրամաբանության ամենահասարակ կանոններով ղեկավարվելով կբացատրեր, որ եթե խոսվում է պետական այլ պաշտոնի մասին, ապա պատգամավոր լինելն արդեն պետական պաշտոն զբաղեցնել է նշանակում, ուրեմն, եթե պատգամավորը պետական պաշտոնյա է, ապա Ազգային ժողովն էլ պետական մարմին է, ուրեմն Խոսրով Հարությունյանը պետական մարմնի պաշտոնյա է եւ ընտրական օրենսգրքի վերը նշված 111 հոդվածի առաջին մասի պահանջների համաձայն, քարոզչական հավասար պայմաններ ապահովելու նպատակով պետք է ազատվեր իր պաշտոնական պարտականությունները կատարելուց։ Իսկ թե ով էր ղեկավարելու այս ժամանակահատվածում դե ֆակտո ինքնալուծարված Ազգային ժողովը, դա արդեն ՀՀ ընտրական օրենսգրքի կնքահայր Վիկտոր Դալլաքյանի եւ ոչ միայն նրա խնդիրն է։ ԺՈՒԴԵՔՍ ՇԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31