Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՅԱՆՔՈՒՄ ԱՌԱՋԻՆԸ ՋՈՒԹԱԿԻ ՁԱՅՆՆ Է ԼՍԵԼ

Հունիս 15,1999 00:00
Vladimir Spivakov

Սաթի Սպիվակովան՝ աշխարհահռչակ ջութակահար Վլադիմիր Սպիվակովի կինը (հայ երաժիշտ Զարեհ Սահակյանցի դուստրը) երբեք տանը չի նստում։ Մի պարզ պատճառով՝ Սպիվակովները երեք տուն ունեն՝ Ռուսաստանում, Իսպանիայում եւ Ֆրանսիայում։

Բայց Սաթի Սպիվակովային կարելի է, այսպես ասած, տան, օջախի կին համարել. նա երջանիկ է՝ սիրած ամուսին ունի եւ երեք աղջիկ։

Ընտանիք

Վլադիմիր Սպիվակովի համերգներից մեկի ժամանակ մի հանդիսատես չէր թաքցրել հիացմունքը եւ բարձրաձայն գոչել էր. «Այսպիսի տղամարդուց կարելի է նաեւ տա՛սը երեխա ունենալ»։

– Թող փորձեն,- ավելի ուշ մի հարցազրույցի ժամանակ կատակել է նրա կինը,- ես անասելի երջանիկ եմ, որ մենք երեք երեխա ունենք։ Ամեն մի երեխայի ծնվելուց հետո ես մի զգացում եմ միայն ապրել՝ ընտանիքի ամրության զգացումը։

Սաթին այդպիսի տղամարդու կին լինելը միշտ էլ համարել է մասնագիտություն։ Նա համոզված է, որ Վոլոդյայի կողքին պետք է լինի մեկը, որ ներկայանա այնպես, ինչպես ներկայանում է նրա ստեղծագործություններից ցանկացածը։ Ինքը խոստովանում է, որ իրեն հաջողվում է լինել այդպիսին։ Միաժամանակ, Սաթին համոզված է, որ այն, ինչ անում ես նրա համար, պետք է կարողանալ ապացուցել, որ պարզապես անհրաժեշտություն է, եւ դո՛ւ միայն կարող ես անել այդ. «Միայն ա՛յդ դեպքում քեզ ընդունում եւ հարգում են իբրեւ կնոջ»։ Ուժեղ կնոջ նրա տեսակը կարողացել է այնպես անել, որ երբ Վոլոդյան տանն է, ապա «շեշտը» անպայման նրա վրա է դրվում։ Անկախ այն բանից, նրանք մոսկովյա՞ն, թե՞ փարիզյան բնակարանում են։

Զոհաբերություն

Սաթենիկի, բնականաբար նաեւ Վլադիմիրի յուրաքանչյուր օրը ճշտված է րոպեներով։ Սաթենիկը երկար ժամանակ չէր ընկալում դրա անհրաժեշտությունը։ Դե, երիտասարդ էր, կյանքը հասկանալու հարցում՝ բոլորովին անփորձ, ինչպես հետագայում խոստովանում է։ Տարիներ պետք եղան հասկանալու, որ համատեղ կյանքում պետք է կարողանալ զոհաբերել։

– Դուք զոհաբերել եք դերասանուհու Ձեր կարիերա՞ն,- մի հարցազրույցի ժամանակ հարցրել են Սաթի Սպիվակովային։

– Սկզբնական շրջանում ես ամեն կերպ աշխատում էի տնային գործերը, հոգսերը համատեղել իմ ձգտումների, ամբիցիաների հետ։ Հետո հասկացա, որ նրա տաղանդն ուղղակի անհամեմատելի է իմի հետ։ Նաեւ մտածում էի՝ իսկ գուցե ես պարզապես վա՞տ դերասանուհի եմ։ Այսօր կարող եմ հստակ ասել, որ արտիստն իմ մեջ ավելի տաղանդավոր չէ, քան կինը։

Կենսագրություն

Սաթենիկ Սահակյանցը ծնվել եւ մինչեւ 17 տարեկանն ապրել է Երեւանում։ 17 տարեկանում ընդունվել է Միութենական թատերական ինստիտուտը։ Նրա հայրը 1941-ին Ռոստովից եկել է Երեւան, եղել է հայտնի ջութակահար, տիրապետել է արեւելյան լեզուների, հիմնադրել է Երեւանի կամերային անսամբլը։ Սաթենիկը խոստովանում է, որ իրեն երբեմն թվում է, թե առաջին ձայնը, որ ինքը լսել է կյանքում, ջութակի ձայնն է եղել։ Մայրը եղել է դաշնակահարուհի, եւ նա մեծացել է մի ընտանիքում, որտեղ հյուրախաղերը ընտանեկան կյանքի անբաժանելի մասն են կազմել. «Հայրս այնպիսի ստեղծագործություններ էր կատարում, ինչպիսիք կատարում է հիմա Վոլոդյան։ Ես հիշում եմ հորս ապրումները, մասնագիտական դժվարությունները, հուզմունքը։ Հիմա ամեն ինչ կրկնվում է… Վեց տարեկանից ես դաշնամուր եմ նվագում։ Չնայած երաժշտական կրթություն ստացա, բայց ժամանակն ինձ համոզեց, որ երաժշտական փառքն ինձ համար չէ։ Սակայն բեմը ձգո՛ւմ էր ինձ։ Երեւանում հետաքրքիր չէր սովորելը, որովհետեւ ընդունվելը շատ հեշտ կլիներ եւ մեծ համարձակություն չէր պահանջի՝ հայրիկին այդ ասպարեզում բոլո՛րը գիտեին։ Մոսկվայում ես երկու դպրոց եմ անցել՝ Շուկշինյան ուսումնարանը եւ թատերական ինստիտուտը։ Վերջինս, անշուշտ, ավելի նշանակալից էր։ Երբ ավարտում էի՝ արդեն ամուսնացած էի, հունիսին դիպլոմ էի գրում, նոյեմբերին ծնվեց աղջիկս»։

Ծանոթություն, սեր

1983-ին Սաթենիկը Երեւանում նկարահանվում է մի ֆիլմում։ Հենց այդ ժամանակ էլ «Վիրտուոզները» գալիս է Երեւան։ Զարեհ Սահակյանցն այդ ժամանակ արդեն աստղ Վլադիմիր Սպիվակովին իրենց տուն է հրավիրում։ Ավելի ուշ Վոլոդյան սիրում էր պատմել, որ հյուրերի տանը, ընտանեկան ալբոմը թերթելիս, անմիջապես նկատում է Սաթենիկի լուսանկարները, որոնք նրան կինոյի էկրանին հենց նոր հայտնված վառ ու տպավորիչ պատկերներ են թվում։ Ներքին ձայնը շշնջում է. «Ահա՛ քո կինը»։ Իսկ նա իբր թե լռեցնո՛ւմ է այդ ձայնը։

Այդ ժամանակ Վլադիմիրը 39 տարեկան էր, արդեն բաժանվել էր առաջին կնոջից եւ մենակ էր ապրում… Տեղեկանալով, որ այդ գեղեցկուհին սովորում է Մոսկվայում, վերադառնալուն պես նրան հրավիրում է իր առաջին իսկ համերգին։ Սաթենիկն, իհարկե, հրավերը սովորական է ընդունում եւ չի մտածում, որ դա ճակատագրական հանդիպում է։ Երբ Սպիվակովը նվագում էր բեմում, նա դահլիճում նստած անընդհատ մի բան էր մտածում. «Աստված իմ, տեսնես ինչպիսի՞ կին պետք է լինի նրա կողքին»։ Այնուհետեւ, որոշ ժամանակ անց, նրանք կարծես թե պատահաբար հայտնվում են մի ընդհանուր ծանոթի կազմակերպած հյուրընկալությանը։ Ընդունելության ավարտին Վոլոդյան դուրս է գալիս ճանապարհելու Սաթենիկին։ Նրանք տուն են հասնում եւ… մինչեւ առավոտ զրուցում են արվեստից, կյանքի մասին իրենց պատկերացումներից, բանաստեղծություններ են կարդում… «Ես միայնակ գայլ եմ»,- ասում է ջութակահարը՝ կյանքում միակ եւ թերեւս վերջին անգամ թուլություն ցուցաբերելով։ Դա, անշուշտ, տխրություն է պատճառում Սաթենիկին։ Նա իր դիմաց նստած 39-ամյա տղամարդու մեջ հանկարծ մի պատանյակ է տեսնում, հիշում է բեմը, նրան՝ բեմում, եւ հիշում է այն լույսն ու քնքշությունը, որ ճառագում էին բեմից… Առավոտյան յոթին Սպիվակովը հենց Սաթենիկի մոտից մեկնում է Իսպանիա։ Հրաժեշտին թողնում է մի տուփ մենթոլով սիգարետ, որն այն ժամանակների համար շքեղություն էր եւ ասում. «Աշխատիր շատ չծխել, այնպես, որ տուփի մեջ երկու սիգարետ մնա։ Մեկ ամսից ես կվերադառնամ, եւ մենք այն երկուսո՛վ կծխենք»։ Նա գնում է եւ խոստանում զանգահարել ապրիլի 18-ին։ Հետագայում Սաթենիկը խոստովանում է, որ իրեն այդ պահին այդ ամենն անլուրջ է թվացել, ինքը համոզված է եղել, որ ծիծաղելի է նման խոստումին սպասել։ Նա գիտակցում էր, որ նրա շուրջը բազմաթիվ կանայք են, որոնք պարզապես ուշագնաց են լինում Վոլոդյայի համար։ Բայց, այնուամենայնիվ, մտածում է, եթե հասնելուն պես զանգահարի, ուրեմն ամեն ինչ լուրջ է։ Ապրիլի 18-ին, ուղիղ կեսգիշերին, հնչում է հեռախոսազանգ. «Ալո, բարեւ ձեզ, ինչպե՞ս եք, ինչո՞վ եք զբաղված…»։ «Սպասում եմ Ձեր զանգին»,- հնչում է պատասխանը։ 1983 թվականի ապրիլի 19-ից նրանք միասին են։

Ռոմանտիկա

Շուբերտի «Սենտիմենտալ վալսը» Սպիվակովների մոտ սիրո ասոցիացիաներ է առաջացնում։ Ծանոթության առաջին օրերին Վլադիմիրը Սաթենիկին իր հետ Լենինգրադ է տանում, որտեղ փայլուն մենահամերգ է ունենում, իսկ մենահամերգի առաջին ստեղծագործությունը Շուբերտի «Սենտիմենտալ վալսն» է լինում, որ Սպիվակովը կատարում է «բիսերով»։ Իսկ ավելի ուշ Սաթենիկին խոստովանում է, որ ինքը պատկերացնում էր, թե ինչպես են իրենք երկուսով պարում այդ մեղեդու ներքո եւ ամեն մի «բիսից» հետո իր աչքին երեւում էր երկուսի վալսը։

Ունեցվածք

Շատերը համարում են, որ Սպիվակովը միլիոնատեր է։ Կնոջ խոսքերով, եթե նա Արեւմուտքում ծնվեր, անշուշտ, այդպիսին կլիներ։ Իսկ նրա՝ ոչ գործնական արվեստագետի տեսակը մինչեւ հիմա նույնիսկ չի ապահովագրվել, ինչն ընդունված է Արեւմուտքում՝ արվեստագետների շրջանում։ Նա ընդհանրապես չի մտածել Արեւմուտք գնալու եւ փառք ստեղծելու մասին։ Սաթենիկը թեթեւ ժպիտով է ամեն անգամ նշում, որ նրան այդպես էլ չի հաջողվի գնել Ստրադիվարիուսյան ջութակ, ինչի մասին նա երազել է եւ կերազի ամբողջ կյանքում։

Իրեր

Վոլոդյային շրջապատող իրերն, անշուշտ, ինչ-որ նշանակություն ունեն։ Ընդ որում, դեկորատիվ իրերն ավելի շատ, քան՝ կենցաղայինը։ Նրան, օրինակ, հաստատ չի հուզի խոհանոցի բացակայությունը, բայց մեծ անհանգստություն կպատճառի այն, որ նկարն իր տեղում չի կախված, կամ ճաշակով սեղանիկն իր տեղում չի դրված։ Դրանք կարեւոր են իր համար։ Մի քանի սիրելի նկար ունի՝ Կոբովինայի «Գիշերային Փարիզը», որ ավագ դստեր՝ Կատյայի ծննդյան առթիվ է գնել, կամ Պետրով-Վոդկինի «Ջութակով նատյուրմորտը»։ Վերջինս նվեր է ստացել։

Թանկարժեք իրեր

88-ի սպիտակյան երկրաշարժի ժամանակ Սպիվակովն առաջիններից էր, որ Հայաստան եկավ եւ նույնիսկ ելույթ ունեցավ Գյումրիում։ Ելույթից հետո բեմ են դուրս գալիս Գյումրիի մանկական ստեղծագործության կենտրոնի երեխաները, եւ նրան ծաղրածուի պատկերով մի գորգ նվիրում։ Գորգը գործել էին գյումրեցի երեխաները, որոնք զոհվել էին երկրաշարժի ժամանակ։ Սաթենիկն ասում է, որ ինքը կյանքում առաջին անգամ տեսավ, թե Վոլոդյան ինչպես է լացում բեմում։

Պատրաստեց

ԱՆՈՒՇ ԹՐՎԱՆՑԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930