Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՌԱՎԵԼ ԵՎՍ ՂԱՐԱԲԱՂԸ, ՈՐՈՇԻՉ ՁԱՅՆ ԱՅԼԵՎՍ ՉԵՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ»

Մարտ 07,2000 00:00
Vahan Papazyan

Համոզված է Հայաստանի նախկին արտգործնախարար Վահան Փափազյանը

-Երկու տարի առաջ գործադիր իշխանության մի թեւը՝ անվանենք նրանց համաձայնողականներ, իշխանությունը զիջեց առավել արմատական թեւի ներկայացուցիչներին, որոնք պնդում էին, թե Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացում կարող են ավելիին հասնել, քան համաձայնողականները։ Ձեր գնահատականով, արմատականներն ինչպե՞ս օգտագործեցին այդ հնարավորությունը, փորձը հաջողվե՞ց։

– Դիվանագետի տեսանկյունից, Ձեր հարցը ճշգրիտ պատասխան չունի, որովհետեւ համեմատելու ոչինչ չկա։ Այդ պատճառով էլ այլ հարթության վրա պետք է փնտրել հարցի պատասխանը. արդյոք սկզբունքորեն հնարավո՞ր է այսօր ավելի լավ արդյունք ունենալ, քան ենթադրաբար կարելի էր ունենալ 1997-ին։ Ակնհայտորեն՝ ո՛չ։

– Իսկ ինչո՞ւ հնարավոր չեք համարում։

– Պատճառները շատ պարզ են։ Քաղաքական ղեկավարությունը որոշակի դիրքերից ելնելով պիտի գնա խաղաղության։ Եվ խաղաղության հաստատման գործընթացը հոգեբանորեն շատ ավելի բարդ, ցավալի եւ դժվար է, քան պատերազմելը։ Գիտեմ, որ որոշ մարդիկ կարող են վիրավորվել, բայց սա ճշմարտություն է՝ պատրաստ եմ այն ապացուցել ու հիմնավորել։

– «Որոշակի դիրքեր» ասելով նկատի ունեք նաեւ պետության ղեկավարի՞ դիրքերի ամրությունը։ Եվ եթե այո, ապա գտնո՞ւմ եք, որ Հայաստանի ու ԼՂՀ-ի ներքաղաքական վիճակը անդրադառնում է բանակցային գործընթացի վրա։

– Չի՛ կարող չանդրադառնալ։ Ղարաբաղի ներքաղաքական իրավիճակի մասին որեւէ բան չեմ կարող ասել, քանի որ թերթային հրապարակումներից բացի տեղյակ չեմ իրականությանը։ Իսկ Հայաստանի ներքաղաքական իրավիճակն, անկասկած, անդրադառնում է բանակցային գործընթացի վրա։ Այստեղից էլ համապատասխան հետեւություններ. չեմ ասի, թե Հայաստանում այսօր անիշխանություն է, սակայն, համենայն դեպս, դժվար է հասկանալ, թե իշխանության տարբեր թեւերն իրենցից ինչ են ներկայացնում եւ ինչի են ձգտում, բացի իշխանության պահպանումից։ Այլ խնդիր է, որ վստահ էլ չեմ, թե Հայաստանի այսօրվա քաղաքական ղեկավարությունն անկեղծորեն ձգտում է հարցի լուծմանը։ Իհարկե, կարելի է հայտարարել, թե արվում է հնարավորը, տեսեք՝ բանակցում, տարբերակներ ենք քննարկում, երբ ինչ-որ եզրակացության գանք՝ կներկայացնենք քաղաքական ուժերին եւ հասարակությանը, անհրաժեշտության դեպքում՝ կդնենք հանրաքվեի եւ այլն։ Բայց դրանք առարկայական խոսակցություններ չեն, քանի դեռ որոշակի պայմանավորվածություն չկա։ Իսկ բանակցել կարելի է տարիներ…

– Ձեր պնդմանը, թե Հայաստանի ղեկավարությունը չի ձգտում լուծել Ղարաբաղի հարցը, հակասում է Ադրբեջանի նախագահի՝ ԱՄՆ-ում արած հայտարարությունը։ Հեյդար Ալիեւը ասել էր, որ եթե չլիներ հոկտեմբերի 27-ը, Ռոբերտ Քոչարյանի հետ արդեն համաձայնագիր էին ստորագրելու կարգավորման սկզբունքների վերաբերյալ։

– Նախ՝ ես հիմք հիմք չունեմ հավատալու Ալիեւի բոլոր խոսքերին։ Երկրորդ՝ այստեղ էլի մի տեսական հարց կա. արդյոք հակամարտության կողմերը իսկապես են գնում փոխզիջումների եւ հանգուցալուծման, թե՞ այդ ամենն արվում է միջնորդներին, շահագրգիռ ուժերին եւ հասարակությանը համոզելու համար, որ տեսեք՝ աշխատում, հանդիպում ենք 7-րդ անգամ, մեզ շատ մի ճնշեք։ Այսինքն, կարելի է լուրջ բանակցել, բայց կարելի է նաեւ բանակցությունների պատրանք ստեղծել։ Իսկ լուրջ բանակցություններ, որոշակի աշխատանք Մինսկի խմբի շրջանակներում եւ ուղղակի հանդիպումների միջոցով, իրականում տեղի են ունեցել 1994-ից մինչեւ 1997-ի կեսերը։ Եվ հենց այդ պատճառով, երբ արդեն մոտ էր հանգուցալուծումը՝ Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն։ Ասում են թե պատճառը սկզբունքային անհամաձայնությունն էր՝ եւ այդ պատճառով հեռացվեց Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Ես դրանում ամենեւին վստահ չեմ։ Ենթադրում եմ, որ ուղղակի այն մարդիկ կամ ուժերը, որոնք որոշեցին Տեր-Պետրոսյանին հեռացնել իշխանությունից, վախեցան առաջիկա հնարավոր խաղաղությունից։

– Իսկ ինչո՞ւ պիտի վախենային, ո՞ւմ կարող էր ձեռնտու լինել անորոշ վիճակը։

– Պատճառները մի քանիսն են. խաղաղության հաստատումը ենթադրում էր պատասխանատվության բաժանում այդ խաղաղությունը հաստատողների միջեւ։ Տեր-Պետրոսյանը մենակ չպիտի գնար այդ քայլին. բնականաբար, նա ցանկանում էր խաղաղության հաստատումն իրականացնել առնվազն մի քանի հոգու հետ միասին, ներառյալ՝ ԼՂ-ի իշխանությունների։ Խաղաղության հաստատման ճանապարհը շատ վտանգավոր է, Ռաբինի օրինակը դրա լավագույն ապացույցներից է։ Չմոռանանք նաեւ, որ խնդրի ամբողջական կարգավորումը տրամաբանորեն պետք է բերեր նաեւ առկա տնտեսական ու քաղաքական դիրքերի վերադասավորմանը։

– Ի դեպ, Քոչարյանը ստիպված եղավ խոստովանել, որ Ալիեւի հետ իր հանդիպումների ընթացքում քննարկվել է նաեւ տարածքների փոխանակման առաջարկը, որն ինքը մերժել է։ Իսկ նախկինում հնարավո՞ր էր, որ բանակցությունների նյութ դառնային ոչ թե գրավյալ, այլ Հայաստանի բուն տարածքները։

– Ի՞նչ է նշանակում, թե հնարավոր էր կամ ոչ։ Ես ուղղակի կարող եմ ասել, որ այդպիսի բան չի եղել։ Ես պատասխանատու եմ 1993-ի փետրվարից 1996-ի նոյեմբերի համար, երբ եղել եմ կառավարության անդամ՝ այդ ժամանակահատվածում Հայաստանին նման տարբերակ չի ներկայացվել։ Իսկ հիմա կա եւ նորից ակնհայտ պատճառներով. Հայաստանը, որպես պետություն, իր դիրքերը զիջել է բոլոր ասպարեզներում։ Հայաստանն այսօր, քան երբեւէ, թույլ է, սա որեւէ մեկը, կարծում եմ, չի ժխտի։ Հետեւաբար, Հայաստանին այսօր կարող են ներկայացվել ցանկացած, մեր պատկերացմամբ, նույնիսկ անհեթեթ տարբերակներ։

– Հնարավոր համարո՞ւմ եք, որ այժմ էլ կրկնվի 1997-ի սցենարը. այսինքն, իշխանափոխություն նախորդի հնարավոր հանգուցալուծմանը։ Թերեւս պիտի կրկնեմ Միշել Լեգրային տված հարցս նաեւ. առկա վիճակը Ձեզ չի՞ հիշեցնում այն նույնը, որ նախորդեց 1998-ի իշխանափոխությանը։ Հատկանշական է նաեւ դեսպանի պատասխանը, որն իր մերժումը բացատրեց նրանով, թե Կոսովոյի եւ Չեչնիայի ճգնաժամերից այսուհանդերձ դասեր են քաղվել։

– Լեգրան երեւի նկատի ուներ, թե հասարակությունն ավելի գիտակից է դարձել եւ ավելի ըմբռնումով պիտի մոտենա Հայաստանի կողմից համապատասխան զիջումներին։ Սակայն իմ կարծիքով, հասարակությունը ոչ թե ավելի գիտակից, այլ ուղղակի դարձել է անտարբեր։ Հետեւաբար, հասարակության վզին թերեւս հնարավոր է փաթաթել ցանկացած լուծում։

– Մինչդեռ կուսակցությունները կարծես անտարբեր չեն։ ՀՅԴ-ի Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը «Դրոշակին» տված հարցազրույցում հայտարարել էր, թե Ընդհանուր ժողովում Արցախի հիմնահարցի կապակցությամբ որդեգրել են «ոչ մեկ զիջում կատարելու» քաղաքական վարքագիծը։

– Ուրեմն, շտապում են գալ լիակատար իշխանության։ Արտառոց ոչինչ չկա։

– Վերջերս «Առավոտում» մի համեմատական վերլուծություն էր հրապարակվել, որտեղ ի ցույց էր դրված, թե որքան են մերձեցել հակամարտության կարգավորման շուրջ Ռոբերտ Քոչարյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտեցումները։ Դուք նույնպես նկատո՞ւմ եք այս նույնականացումը։

– Այո, իհարկե։ Եվ դա բնական է։ Ընդհանրապես, 1997-ի վերջ-1998-ի սկիզբը գնահատում եմ որպես մեծագույն անհեթեթություն մեր երկրի քաղաքական կյանքում։ Սխալ չհասկացվելու համար շեշտեմ՝ անշրջելի անհեթեթություն։ Մենք ձեռքից բաց թողեցինք Ղարաբաղյան հակամարտությունն արժանապատիվ խաղաղությամբ ավարտելու հնարավորությունը։ Շարքային դիվանագետն անգամ գիտի, որ բանակցային գործընթացում զիջումների գնալ պետք է ուժեղ դիրքերից։ 1997-ին մեր դիրքերն անհամեմատ ուժեղ էին… Ինձ նաեւ թվում է, որ եթե քաղաքական կարգավորում տեղի է ունենալու, ապա Հայաստանը, առավել եւս Ղարաբաղը, որոշիչ ձայն այլեւս չեն ունենալու։ «Եթե» բառը այս պնդման մեջ շատ էական է…

Հարցազրույցը վարեց

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031