Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 20,2000 00:00

ՈՉ ՄԻ ԿՈՄՈՒՆԻՍՏ ԼՂՀ ԱԺ-ՈՒՄ Կարելի է ենթադրել, որ եթե ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն ու նրա աջակիցներն ընտրություններին մասնակցելու հնարավորություն ունենային, ԼՂՀ 31 հոգանոց խորհրդարանի պատկերը բոլորովին այլ կլիներ։ Իսկ այսպես, կիրակի տեղի ունեցած ընտրությունների նախնական արդյունքներով, «Ազատություն» ռ/կ-ի Ստեփանակերտի թղթակցի հաղորդման համաձայն, ընտրապայքարի մեջ մտած կուսակցություններից եւ ոչ մեկը չի կարողացել ԼՂՀ ԱԺ-ում անգամ պարզ մեծամասնության հասնել։ ՀՅԴ-ն ունենալու է 9-ը, իսկ իշխանամետ «Ժողովրդավարական Արցախ» միությունը՝ 13 պատգամավոր։ Երկու ընտրատարածքներում հաղթել են «Արմենական» կուսակցության անդամները, իսկ Կոմկուսի թեկնածուներից եւ ոչ մեկը չի ընտրվել։ ԼՂՀ Մարտունու ընտրատարածքներից մեկում իր մրցակիցներին հաղթել է խորհրդարանի նախկին նախագահ Օլեգ Եսայանը։ «Նա, հավանաբար, այս խորհրդարանում էլ կզբաղեցնի խոսնակի պաշտոնը, թեեւ ՀՅԴ-ն նույնպես հավակնում է նման դերակատարության»,- հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ը։ Նախնական վերլուծությունների համաձայն, «Ժողովրդավարական Արցախ» միությունն, անկախ պատգամավորների հետ բանակցություններից հետո, կարող է ձեւավորել պարզ մեծամասնություն։ Ա. Ի. ԱՆՁԱՄԲ Է ՏԱՐԵԼ ԼՂՀ դատախազի Նախաքննական եզրակացության հիման վրա սարքած՝ «անկախ լրագրողական հետաքննություն՝ Սամվել Բաբայան» անունը կրող հաղորդման տեսաերիզը, մեր տվյալներով, ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը Երեւանից անձամբ իր հետ տարել է Ղարաբաղ։ ԼՂՀ ՆԳՆ-ում կինոդիտում է կազմակերպվել, ապա հայտարարվել է, որ «բազմահազար հեռուստադիտողների խնդրանքով» այն բազմիցս կցուցադրվի ԼՂՀ բնակչությանը։ ԴԺԳՈՀ Է Մեզ հասած լուրերի համաձայն, Ղարաբաղում գտնվելով, Արկադի Ղուկասյանը մարտի 22-ի՝ իր դեմ կատարված մահափորձի նախաքննության ընթացքից եւ, մասնավորապես՝ ավարտից, դժգոհել է. մտավախություն ունի, որ այն այնքան էլ արժանահավատ չի հնչի։ ԹԵՅ՝ «ԹՈՒՐՔՄԵՆԲԱՇԻ» Իրոք հաստատվեց այն լուրը, որ Ղարաբաղում՝ Թուրքմենստանի հատուկ պատվերով, ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանը եւ իր՝ Ղրիմից եկած ընկեր Վ. Շեւյովը, «Թուրքմենբաշի» անունը կրող թեյ են արտադրում։ Թեյի տուփի վրա պատկերված է ինքը՝ Թուրքմենբաշին։ ՍՅԱՄՈՅԻՆ ԷԼԻ ՏԵՍՆՈՂ Է ԵՂԵԼ Մեզ հասած տեղեկություններով, մարտի 22-ի ահաբեկչության բացահայտման նախաքննության ընթացքում երկու անգամ Սամվել Բաբայանին տեղափոխել են Երեւան։ Եվ, բացի այդ, մեր աղբյուրների հավաստմամբ, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ահաբեկչությունից հետո Ղարաբաղ կատարած իր այցի ընթացքում կարճատեւ հանդիպում է ունեցել Սամվել Բաբայանի հետ։ Սեփ. լր. ԹՈՒՐՔՆ ՈՒ ԱԶԵՐԻՆ ԿՄԻԱՎՈՐՎԵ՞Ն Օրերս Ստամբուլում տեղի ունեցած «Եվրասիայի անվտանգությունը 21-րդ դարում» միջազգային կոնֆերանսին, ի թիվս այլ փորձագետների, մասնակցում էին Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտոնաթող դիվանագետներ Ժիրայր Լիպարիտյանը եւ Վաֆա Գուլուզադեն։ Վերջինս հարցազրույց տալով ադրբեջանական «Զերկալո» թերթին (17.06), մասնավորապես ասել էր. «Եթե աշխարհը չի ուզում օգնել Ադրբեջանին նրա խնդիրների լուծման ուղղությամբ, Եվրոպայի խորհուրդը եւ ՆԱՏՕ-ն չեն վառվում մեզ իրենց շարքերն ընդունելու ցանկությունից, իսկ ԱՄՆ-ը չի պատրաստվում վերացնել 907 ուղղումը, ինչո՞ւ մենք չպիտի մտածենք Թուրքիայի հետ միավորվելու մասին։ Ռուսաստանում, Բելառուսում եւ Հայաստանում խոսում են, չէ՞, վերամիավորվելու մասին, իսկ Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահները պնդում են, որ մենք երկու պետություն ենք եւ մեկ ժողովուրդ։ Միավորվելով, մենք Թուրքիայի նման մեխանիկորեն կդառնանք ՆԱՏՕ-ի անդամ, Եվրամիության անդամության թեկնածու, 907 հոդվածը կկորցնի իմաստը, իսկ Ղարաբաղի զավթումը կդառնա Թուրքիայի տարածքային ամբողջականության խնդիր։ Ռուսաստանն ուժեղացնում է իր ռազմական ներուժը, եւ այդ գործընթացը Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահների բանակցությունների տապալումից հետո ավելի է խորանալու»։ ՀԱՆՈՒՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԼՈՒԾՄԱՆ Թեհրանում կայացած Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ընթացքում տեղի է ունեցել Պակիստանի ռազմական առաջնորդ գեներալ Պերվեզ Մուշառաֆի փակ հանդիպումը Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի հետ, որի ընթացքում գեներալը Բաքվին «ցանկացած ռազմական օգնություն է» առաջարկել ղարաբաղյան խնդրի լուծման համար: Մուշառաֆը խոստացել է, որ եթե Բաքուն ընտրի լուծման ուժային տարբերակը, ապա Իսլամաբադը նրան ռազմական օգնություն կցուցաբերի: Պակիստանի ղեկավարը նշել է նաեւ, որ խոսքը գնում է ցանկացած ռազմական օգնության մասին, ընդհուպ մինչեւ պակիստանյան զինյալների ընդգրկումը ադրբեջանական բանակի շարքերում: ՀԱՆՈՒՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱԶԱՅԻ Վրաստանի Ախալքալաքի շրջանի հայ բնակչությունը դեմ է ռուսաստանյան բազայի դուրս բերմանը: Այս շրջանը ներկայացնող խորհրդարանական Մելիք Ռաիսյանը հայտարարել է, որ ռուսաստանյան բազայի շնորհիվ շրջանի բնակչության կեսը ապահովված է աշխատանքով: «Բացի այդ,- ասել է Մելիք Ռաիսյանը,- Ախալքալաքի շրջանում բնակվող հայերը, որոնք կազմում են ընդհանուր բնակչության 90%, դեռ հիշում են քսանական թվականների թուրքական հարձակումները»: ՄԵԴԻԱՄԱՔՍ ԱՅՍ ՏԻԳՐԱՆՆ ՈՒՐԻՇ Է Մենք այնքան ենք սովորել, որ տարբեր պատասխանատու պաշտոնների նշանակում են անարժան մարդկանց, որ իներցիայի ուժով այդպես ենք վերաբերվում բոլոր նոր նշանակումներին: Մինչդեռ Տիգրան Գասպարյանը, որն անցած շաբաթ նշանակվել է պաշտպանության նախարարության թիկունքի վարչության պետ, այս առումով հաճելի բացառություն է: Այդ անձնավորությունը հայտնի է թե՛ իր պարկեշտությամբ, թե՛ հայրենասիրությամբ եւ թե՛ անբիծ կենսագրությամբ: 1981-ին Տիգրանն ավարտել է Ուլյանովսկի բարձրագույն ռազմատեխնիկական ուսումնարանը, որից հետո ծառայում էր Աֆղանստանում: Այդ պատերազմում նա վիրավորվել է 4 անգամ։ Պարգեւատրվել է ԽՍՀՄ եւ Աֆղանստանի մեդալներով ու շքանշաններով: 1991-ին վերադարձավ Հայաստան եւ հաջորդ տարվանից ծառայում է մեր երկրի զինված ուժերում: Ղարաբաղյան ազատամարտի ակտիվ մասնակից է: Բարի ծառայություն ենք ցանկանում նոր պաշտոնում: ԱՌԱՎՈՏ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել