Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոս 05,2000 00:00

ԱՇՆԱՆԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԿԼԻՆԵՆ Լրատվամիջոցները երբեմն առաջ են ընկնում իրադարձություններից եւ հասցնում են մեկնաբանել ու վերլուծել առաջիկայում սպասվող ներքաղաքական զարգացումների հնարավոր տարբերակները։ Հավատարիմ մնալով այս գործելաոճին, օրերս լրատվամիջոցներն անդրադարձան ՀԺԿ եւ «Իրավունք եւ միաբանություն» դաշինքի հնարավոր համագործակցությանը՝ խորհրդարանի շրջանակներում։ ԱԺ «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության պատգամավոր եւ ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանի հետ մեր զրույցն առնչվում էր հենց այս խնդրին։ «Կոնկրետ ՍԻՄ-ի համար որեւէ քաղաքական ուժի հետ համագործակցության սկզբունքը շատ հստակ պետք է լինի։ Որեւէ ուժի հետ համագործակցության հիմքում պետք է լինեն գաղափարական, ծրագրային դրույթներն ու գործնական քայլերը»,- ասաց Հրանտ Խաչատրյանը։ Անդրադառնալով ՀԺԿ-ի ձեւավորմանն ու անցած կարճ ճանապարհի վերլուծությանը, պարոն Խաչատրյանն ասաց, թե այս կուսակցության գաղափարախոսության եւ ծրագրի շրջանակներում ի սկզբանե կային դրույթներ, որոնց համատեքստում ՍԻՄ-ն ու ՀԺԿ-ն կարող էին համագործակցել մինչ օրս, բայց չեն համագործակցել։ Նա նկատի ուներ նախեւառաջ այն, որ ե՛ւ ՀԺԿ-ի, ե՛ւ ՍԻՄ-ի հենարանը հանդիսացող սոցիալական խավը՝ ընտրազանգվածն է նույնը, ե՛ւ պետական կառավարման դերին վերաբերող մոտեցումները, որոնք սկզբունքորեն տարբերվում են, ըստ պարոն Խաչատրյանի, վայրի լիբերալիզմի եւ տնտեսական քաղաքականության վերաբերյալ եղած մոտեցումներից։ «Օրգանական ընդհանրություն ՀԺԿ-ի եւ ՍԻՄ-ի միջեւ վաղուց արդեն կար, իսկ երբ այդպիսի ընդհանրություն կա, համագործակցության խնդիրն արդեն կախված է լինում քաղաքական ուժերի ղեկավարների տրամադրություններից եւ այլ հանգամանքներից։ Լրատվամիջոցներում մեր եւ ՀԺԿ-ի հնարավոր համագործակցության հարցը իրական գործընթացներից առաջ է ընկել եւ միտում է նկատվում, որ ոմանք փորձում են այս համագործակցության մեջ պոտենցիալ խութեր տեսնել եւ հետագայում օգտվել այդ հանգամանքից»,- նկատեց Հ.Խաչատրյանը։ Չհաստատելով կամ չհերքելով մամուլում եղած որեւէ վերլուծություն, վերջինս ասաց, թե ՀԺԿ եւ «ԻՄ» հնարավոր համագործակցության համար յուրօրինակ լակմուս է եղել բաշխիչ ցանցերի վերաբերյալ խորհրդարանական քննարկումը, որը միաժամանակ ջրբաժան է հանդիսացել այս երկուսի եւ խորհրդարանական մյուս ուժերի միջեւ։ «Սա բավական ամուր հիմք է, որպեսզի մենք փորձենք մեզ հայտնի տեխնոլոգիաների կիրառմամբ քննարկել նաեւ ՀԺԿ-ի հետ հետագա համագործակցության հարցը»,- կարծիք հայտնեց պարոն Խաչատրյանը։ Կոնկրետ եւ պաշտոնական քննարկումներ նման համագործակցության մասին՝ առայժմ չեն եղել։ ՀԺԿ-«ԻՄ» հնարավոր համագործակցության մասին որեւէ մեկնաբանություն անելուց ձեռնպահ մնացին նաեւ ՀԺԿ-ում, թեեւ «ԻՄ» խմբակցության նախագահ Արտաշես Գեղամյանը «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում նշել է, թե ՀԺԿ-ն եւ «ԻՄ»-ը հիմա առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումներ են ճշտում, որից հետո համատեղ գործունեությունը տրամաբանական կդառնա։ Այսուհանդերձ, Հ.Խաչատրյանը կարծիք հայտնեց, թե Հայաստանում, ըստ էության, պաշտոնական ֆորմալ բանակցությունների կարիքն անգամ չկա էլ՝ «Արդեն ամեն ինչ ասված է»։ Ըստ նրա, համագործակցության հնարավորության լավագույն հավաստիքը կուսակցությունների հստակ եւ ամուր դիրքորոշումն ու արտաքին ազդեցություններին դիմագրավելու կարողությունն է, ինչն ի հայտ եկավ ԲԷՑ-երի քվեարկության ժամանակ, թեեւ խոստովանեց, որ իրենք սպասում են, թե երբ հնարավոր կլինի համագործակցության շուրջ պաշտոնական բանակցություններ սկսել։ Անդրադառնալով արդեն հնչած այն տեսակետին, թե ՀԺԿ-«ԻՄ» քաղաքական ալյանսին կարող է միանալ նաեւ ԱԺ Կոմկուսի խմբակցությունը, պարոն Խաչատրյանն ասաց. «Իհարկե, ժողովրդին դուր է գալիս, երբ հայտարարվում են խորհուրդներ, դաշինքներ ստեղծելու մասին, որոնք հաճախ կրկնողություններ են։ Եթե դրա հետեւանքով հնարավոր լինի նպաստել ժողովրդի քաղաքական ակտիվության բարձրացմանը, ապա կարելի էր գնալ անգամ այդպիսի ցուցադրական ակցիաների, թեեւ դա մեզ համար այլեւս գերխնդիր չէ»։ ԱԺ-ում հնարավոր վերադասավորումների մասին էլ խոսեցինք։ Հ.Խաչատրյանը կարծիք հայտնեց, թե մեխանիկական վերադասավորումները ժամանակավոր էֆեկտ ունեն եւ չեն կարող վճռական լինել։ Նա կարեւորեց գաղափարների եւ սկզբունքային մոտեցումների ընդհանրությունը, որը նրա կարծիքով արդեն կա։ Պարոն Խաչատրյանը չբացառեց, որ բաշխիչ ցանցերի մասնավորեցման հարցի շուրջ, արդեն միասնական ճակատով հանդես եկած, ՀԺԿ-ի եւ «ԻՄ» խմբակցության հնարավոր համագործակցության հեռանկարում, հնարավոր առիթի դեպքում ձգտելու են խորհրդարանում մեծամասնություն կազմել։ «Եթե մեր համագործակցության հիմքում դրվի ամուր մեծամասնություն ունենալու խնդիրը, ապա այս իմաստով մենք ջանք չենք խնայի նման վերադասավորումներին մասնակցելու համար»։ Եթե ՀԺԿ-«ԻՄ»-ՀԿԿ քաղաքական հնարավոր ալյանսը ձեւավորվի, ապա, իրոք, գործնականում դժվար կլինի բացառել, որ խորհրդարանական վերադասավորումները էական փոփոխությունների կարող են հանգել, ինչն, ի դեպ, մտահոգում է ներկա իշխանություններին։ Այս դեպքում չի բացառվում նաեւ, որ ԱԺ խոսնակի հնարավոր փոփոխության դեպքում այս ալյանսն անգամ իր թեկնածուն առաջադրի։ Անշուշտ, ավելի ապահով կլինի, եթե խորհրդարանական այս ալյանսին միանա նաեւ «Միասնությունից» արդեն անջատված «Հայաստան» պատգամավորական խումբը։ Ամեն դեպքում, պարոն Խաչատրյանը շեշտեց, որ քաղաքական աշունը խորհրդարանում, իրոք, թեժ եւ խոստումնալից է լինելու։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել