Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոս 05,2000 00:00

«ԵՍ ՄԻՇՏ ԵՐԱԶԵԼ ԵՄ ԾԱՌԱՅԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» Հարցազրույցի ավարտին խոստովանեց Զինված ուժերի թիկունքի վարչության պետ, գնդապետ Տիգրան Գասպարյանը Ծնվել է Արտաշատում, 1960-ին։ Դպրոցը 1977-ին ավարտելով՝ նույն թվականին ընդունվել է Ուլյանովսկի բարձրագույն զինվորական տեխնիկական ուսումնարանը։ 1981-ին ավարտելով այն՝ անմիջապես ուղարկվել է Աֆղանստան։ 1991-ին, հրաժարվելով Գերմանիա մեկնելուց, արձագանքելով Վազգեն Սարգսյանի հրավերին՝ վերադարձել է Հայաստան։ Վառելիքաքսուքային ծառայության պետի տեղակալն էր, երեք ամիս անց ու մինչեւ վերջերս՝ պետը։ Այս տարի, հունիսի 15-ին՝ նախագահի հրամանագրով նշանակվեց Զինված ուժերի թիկունքի վարչության պետ։ Ամուսնացած է։ Ունի երկու զավակ՝ Պարույր, Սեւակ։ – Պաշտպանության համակարգում Ձեր մասին գրեթե առասպելներ են պատմում։ Ասենք, որ աֆղանական պատերազմի ժամանակ դիակների մեջ եք մնացել, բոլորը համարել են, որ Դուք էլ եք անկենդան։ Իրոք եղե՞լ է նման բան։ – 1981-ի դեկտեմբերի 2-ին, Քաբուլից 15 կմ հեռավորության վրա գտնվող մի գյուղի մոտ, վառելիք փոխադրելու ժամանակ 4 տեղից վիրավորվել էի։ Ինձ տեղափոխել էին հոսպիտալ, հետո՝ դիարան։ Գնդապետ Առուստամյանը, որն այժմ Տաթեւի հոսպիտալի պետն է, այդ ժամանակ Աֆղանստանում հոսպիտալում գլխավոր բժիշկ էր։ Նրա պատմելով, նա է ինձ դագաղի միջից հանել։ Այսքանն է, առանձնակի մեծ առասպել չէ։ – Հայկական բանակը կիսով չափ համալրված է կամավորականներով, ոչ պրոֆեսիոնալ զինվորականներով։ Որպես կադրային սպա, առնվազն հոգեկան անհարմարավետության զգացում չե՞ք ունենում, որ նրանցից շատերը Ձեր ղեկավարներն են։ – Կամավորականներ կան, որոնք 1990-ից մինչ այժմ բանակում են։ Արդեն 10 տարի ծառայության մեջ գտնվողներին ինչպես անվանենք՝ կադրայի՞ն, թե՞ ոչ կադրային։ Անհարմարավետության որեւէ զգացում չունեմ։ Եվ ես միշտ ասել եմ. եթե ֆիդային դառնում է հրամանատար՝ դա շատ լավ է, բայց շատ վատ է, երբ հրամանատարն է դառնում ֆիդայի։ – Թերեւս, հարկ է ներկայացնեք, թե այն ոլորտը, որ շուրջ երկու ամիս է, ինչ ղեկավարում եք, ինչ ծառայություններ է ընդգրկում։ – Թիկունքի վարչության հիմնական խնդիրը վառելիքաքսուքային, պարենային, իրային ծառայության անմիջական ղեկավարումն է, անասնաբուժական ապահովումը։ Գլխավոր խնդիրն է նաեւ թիկունքի ոլորտի հաստատություններում եւ ստորաբաժանումներում զինվորական հատուկ պատրաստվածության ապահովումը։ Բանակային կյանքին անիրազեկ անձանց մոտ թիկունք եւ զորամասեր հասկացությունների համատեղումը միշտ ժպիտ է առաջացնում, քանի որ տարբերակում կա թիկունքային եւ մարտական սպաների միջեւ։ Բայց պիտի ասեմ, որ երբ դրա անհրաժեշտությունը կա, թիկունքային սպաներն էլ են գտնվում առաջին գծում։ Հայաստանի սահմանների պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ իմ պաշտոնավարման շրջանում զոհվել են նաեւ սպաներ, ենթասպաներ մեր ծառայությունից։ – Մինչ Ձեր ոլորտին առնչվող խնդիրներին անդրադառնալը անհրաժեշտ է ճշտել մոտեցման հարցը։ Պաշտպանության բոլոր նախարարները կարեւորել են, որ բանակի թերությունների մասին բաց եւ հրապարակային խոսակցություն լինի, բայց այնուամենայնիվ նաեւ մշտապես սվիններով է ընդունվել քննադատությունը։ Ինչպե՞ս եք բացատրում այս հակասությունը։ – Ես չեմ ըմբռնում բանակում առկա թերությունների մասին լռելու իմաստը։ Չէ՞ որ զինվորը երկու տարի անց վերադառնալու է տուն եւ հարեւաններին ու բարեկամներին պատմելու է բանակում կատարվածի մասին։ Հայտնի խոսք է, որ բանակը ժողովրդի պտուղն է։ Եվ ինչ խնդիրներ ունի ժողովուրդը՝ նույնն էլ կան նաեւ բանակում։ Երկրի տնտեսական կացությունն այժմ այնպիսին է, որ այն անխուսափելիորեն անդրադառնում է բանակի վրա։ Բայց պետք է նաեւ ասեմ, որ մենք շատ խիստ պայքարում եւ, անկախ զբաղեցրած դիրքից՝ պատասխանատվության ենք ենթարկում նրանց, ովքեր բանակում անկարգապահ եւ անբարո դրսեւորումների են տուրք տալիս։ – Ավելի որոշակիացնենք։ Գաղտնիք չեմ ասի, որ բողոքների մի զգալի մասը վերաբերում է նաեւ այն հարցերին, որ Դուք եք իրավասու լուծել։ Ասենք, բողոքում են սննդից, որ քիչ է, զինվորների ծնողները գանգատվում են, թե իրենց որդիները փաստացի սոված են մնում։ Ինչո՞ւ։ Չէ՞ որ բանակին է հատկացվում բյուջեի զգալի մասը եւ դրանք պաշտպանված հոդվածներ են։ – Անցած կես տարում բյուջեով սահմանված միջոցները բանակին տրամադրվել են շուրջ 101 %-ով։ Այսինքն, պետությունը հատկացրել է այն, ինչ բանակին հարկավոր է գումարային առումով։ Սննդաբաժնի նորմերը, որոնք հաստատված են պետականորեն, կազմում են՝ օրական շուրջ 4 հազար կիլոկալորիա։ Մենք այսքան էլ հասցնում ենք զորքերին։ Կարծում եմ, որ սննդի այս կալորիականությունը հնարավորություն է ընձեռում, որ զինծառայողները վերականգնեն ծախսվող էներգիան։ Այս տարվա համար պաշտպանության նախարարը խնդիր է դրել վերանայել եւ ավելացնել սննդի չափաբաժինները։ Բայց նաեւ ներկա չափաբաժիններն են իրենց կալորիականությամբ համապատասխանում համաշխարհային ընդունված չափանիշներին։ Նախարարի հրամանով՝ թիկունքում ծառայող զինվորները ստանում են երկու օրվա համար մեկ տուփ ծխախոտ։ Մինչ այդ ծխախոտ տրվում էր միայն նրանց, որոնք ծառայում էին մարտական դիրքերում։ Այս պաշտոնում գտնվելուս ընթացքում առաջին անգամ անցկացրինք համալիր վերստուգում եւ պարզեցինք, որ ե՛ւ պարենային, ե՛ւ գույքային, ե՛ւ վառելիքային ծառայություններում պակասորդ կա։ Այսինքն, կան անպատասխանատու անձինք, որ սահմանված չափաբաժինները չեն հասցնում զինծառայողներին։ Այս երեւույթների դեմ մենք պայքարում ենք։ Մշտապես, շաբաթը մեկ անգամ ուղարկում ենք անակնկալ ստուգումների։ Մեր սպաները ներկա են լինում նախաճաշին, ճաշին եւ ընթրիքին, եւ ստուգողական չափումներ անցկացնում, որ պարզեն, թե արդյոք հաստատված չափաբաժինները պահպանվո՞ւմ են։ Զորամասերի հիմնական մասում դրանք իրոք պահպանվում են, բայց կան, իհարկե, զորամասեր, որոնց հրամանատարներն անպատասխանատու վերաբերմունք են դրսեւորում։ – Այդպիսիների նկատմամբ ինչ-որ միջոցներ կիրառվո՞ւմ են։ – Նման փաստերի բացահայտման պարագայում այդ մարդիկ ենթարկվում են ինչպես նյութական, այնպես էլ քրեական պատասխանատվության։ – Նախորդ շաբաթ օրվա «ՀՀ»-ում ուշադրություն գրավեց մի հայտարարություն, թե բանակի համար միս մթերելու մրցույթին մասնակցում են տվյալ 3 ձեռնարկությունները։ Նման այլ հայտարարություն կարծես թե չեմ մտաբերում։ Սա նոր դիրքորոշո՞ւմ է՝ բանակի մատակարարման հարցերը բաց մրցույթներով որոշելու վերաբերյալ։ – Այդ խնդիրն արծարծվել է մինչեւ իմ պաշտոնավարումը։ Տվյալ հարցը որոշվել է անմիջականորեն պաշտպանության նախարարի եւ թիկունքի հարցերով փոխնախարար, գեներալ Մելքոնյանի կողմից։ Մենք ընդամենն առաջարկներ ենք ներկայացրել։ Միսը բանակին մատակարարվում էր այլ հանրապետություններից։ Այժմ ե՛ւ այդ սննդատեսակի, ե՛ւ ընդհանրապես այլ հարցերում մեր մոտեցումն այսպիսին է՝ գնումները կատարել եւ բանակի համար պարեն մատակարարել միայն մեր հանրապետությունից, որ նպաստենք նոր աշխատատեղերի ստեղծմանը։ Սա պաշտպանության նախարարի եւ փոխնախարարի դիրքորոշումն է։ Եվ ահա կարտոֆիլի ամբողջ պաշարը, նաեւ բանջարեղենը, ձեռք ենք բերում Հայաստանից։ Ինչո՞ւ պիտի միսն այլ տեղից ներմուծենք, եթե ավելի որակյալը եւ էժանը կա Հայաստանում։ – Անընդհատ հաղորդագրություններ են լինում կեղծ, անորակ սննդամթերքների մասին։ Ստուգվո՞ւմ է արդյոք զինծառայողներին տրվող սննդամթերքի որակը։ -Այլ երկրներից ստացվող սննդամթերքի վերաբերյալ եզրակացությունը տալիս է Հայպետստանդարտը։ Դրանից հետո ստուգվում է եւս երկու օղակի՝ ինձ ենթակա անասնաբուժական ծառայության եւ ՊՆ բուժվարչության հիգիենիկ համաճարակային անվտանգության ծառայության կողմից։ Այսինքն, կա եռակի վերահսկողություն։ Այն սննդամթերքը, որը համապատասխան որակ չունի՝ բանակ չի մատակարարվում։ Դա բացառված է։ – Ամռան շոգին խղճահարություն են հարուցում հաստ կտորից կարված համազգեստ կրող զինվորականները։ Հնարավոր չէ՞ արդյոք որեւէ լուծում գտնել։ – Հարցը կտորի հաստությունը կամ բարակությունը չէ։ Հագուստը ամռանը թե ձմռանը՝ որոշակի ջերմաստիճանի պայմաններում, պետք է որոշակի հատկություն ունենա խոնավություն կլանելու, այնպես որ, այդ խոնավությունն անվնաս լինի հագուստը կրողի օրգանիզմի համար։ Այսօրվա վիճակով համազգեստը կարվում է Հայաստանում, թե՛ ձմեռայինը, թե՛ ամառայինը։ Կտորը, որից համազգեստ է կարվում, նույնպես համապատասխան ստուգման է ենթարկվում ե՛ւ «Հայպետստանդարտում», ե՛ւ մեզ մոտ։ Ինչ վերաբերում է համազգեստը կրելու ժամկետներին, ապա պատրաստ է նախարարի հրամանի նախագիծը, որն առաջիկա օրերին կմտնի գործողության մեջ։ Նախկինում երկու տարվա համար նախատեսվում էր 1-2 կոմպլեկտ, այսուհետեւ կտրվի 3 կոմպլեկտ։ Նախկինում մի քանի երկրներից հագուստ էինք ստանում, որը պայմանավորված էր երկրի տնտեսական ծանր վիճակով։ Այժմ մենք ենք կարում։ – Ավելի թա՞նկ չէ։ – Գուցե եւ թանկ է, բայց եթե այստեղ է կարվում, դա նշանակում է նաեւ, որ մարդիկ են աշխատում, եւ, որ պակաս կարեւոր չէ՝ հագուստին հատկացված գումարը մնում է Հայաստանում։ – Անդրադառնանք վառելիքաքսուքային ոլորտին, որի մասնագետն եք։ Ի դեպ, հիմա Դուք ավելի ընդգրկուն ոլորտ եք ղեկավարում։ Չե՞ք դժվարանում։ – Դժվարանում եմ։ Մինչեւ ամբողջովին չտիրապետես քեզ վստահված ոլորտներին՝ հաջողության չես հասնի։ Երբ առաջին անգամ նախարարի հետ այցելեցինք առաջին եւ երկրորդ բանակային կորպուսներ, ես ինձ հետ վերցրի ահագին փաստաթղթեր, որ բոլոր հարցերին պատրաստ լինեմ պատասխանել… Հիմա արդեն թղթապանակս նկատելիորեն բարակել է։ Ես ինքս ինձ համար 6 ամիս եմ սահմանել գործերի հունի մեջ լիովին մտնելու եւ առաջնահերթ խնդիրները լուծելու նպատակով։ – Իսկ բավարա՞ր որակ ունի վառելիքը։ Տարիներ առաջ լուրեր կային, թե անորակ վառելիքի պատճառով տանկերի շարժիչները շարքից դուրս են եկել։ – Վառելիքն ամբողջովին գալիս է արտասահմանից։ Նախ այն ստուգվում է պետստանդարտի, ապա պետական եկամուտների նախարարության կողմից, բացի դրանից՝ ստուգում ենք նաեւ մենք։ Մեր լաբորատորիան Հայաստանում լավագույններից մեկն է։ 8 տարի այդ ծառայությունն եմ ղեկավարել, չեմ լսել, որ որեւէ տանկի շարժիչ այդ պատճառով շարքից դուրս գա։ Եթե վառելիքն անորակ լինի՝ տեխնիկան շարքից դուրս կգա զանգվածաբար։ – Հրապարակումներ եղան ՊՆ թիկունքի վարչության վերաբերյալ, թե անասունների վաճառք է իրականացվել եւ այլն։ Ձեզ մոտ բացառվա՞ծ են այդ կարգի չարաշահումները, թե՞ անհնար է, այնուամենայնիվ, բացառել։ – Ձեր նշած փաստերի վերաբերյալ այժմ հետաքննություն է տարվում եւ ավելի որոշակի կարող ենք խոսել, երբ պատրաստ կլինի եզրակացությունը։ 100 տոկոսով չարաշահումները բացառելն անհնար է։ Նույնիսկ՝ ամենաժողովրդավարական երկրներում։ Պայքարի միակ ձեւը կոշտ վերահսկողությունն է, նաեւ՝ դրան հրապարակայնություն հաղորդելը։ Սպաների սոցիալական վիճակն է հաճախ պատճառը, որ չարաշահումներ են արձանագրվում։ Երկրի ընդհանուր հիվանդությունն է. որքան բարձր լինի կենսամակարդակը, այնքան քիչ կլինեն չարաշահումները։ – Դուք ասացիք, որ վեց ամիս ժամկետ եք սահմանել առաջնահերթ խնդիրները լուծելու համար։ Որո՞նք են այդ խնդիրները։ – Նախ՝ օրենսդրական համապատասխան դաշտ ունենալը։ Առ այսօր հիմնականում առաջնորդվում ենք ԽՍՀՄ պաշտպանության նախարարի կամ ԱՊՀ զինված ուժերի սահմանած կանոնագրքերով։ Նկատի ունեմ համապատասխան ոլորտների վերաբերյալ օրենսդրական դրույթների մշակումը։ Հիմնական խնդիր է նաեւ նյութական բոլոր միջոցների կենտրոնացված ներկրմանն անցնելը։ Որ որեւէ օղակում բացառվեն հափշտակումները։ Որոշակի մարդիկ պատասխանատու կլինեն որոշակի օղակներում։ Կուժեղացվի վերահսկման գործը։ Նյութական այս կամ այն միջոցը պետք է այս կամ այն զինծառայողին հասնի անկորուստ։ Պաշտպանության նախարարն ինձ աջակցում է այս հարցում։ Արդեն մշակված է վերահսկման վերաբերյալ նոր որոշումը, եւ մոտ օրերս նախարարն այն կհաստատի։ Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել