Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոս 08,2000 00:00

«Ա ԽՈԽԵՔ, ԷՍ Ի՞ՆՉ ԹՈՒՆԴ ԱՆԿԱԽԱՑԱՔ…ՀԱՅԱՍՏԱՆԻՑ» Սույն տարակուսանքը պատել էր «Ո՜վ, հայոց աշխարհ» թերթոնի գլխավոր խմբագիր Գրիգոր Բաբայանին, երբ նա ծանոթացել էր ԼՂՀ դատախազության հերթական հայտարարությանը, որ «ԼՂՀ-ն դե ֆակտո անկախ պետություն է՝ իր պետական բոլոր ատրիբուտներով, այդ թվում նաեւ՝ դատական իշխանությամբ»։ Նաեւ այդ հայտարարության մասին զրուցեցինք փաստաբանների միջազգային միության անդամ Արմեն Մանուկյանի հետ, որն առաջինը կարեւորեց ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձի դատաքննությունը Հայաստան տեղափոխելու անհրաժեշտությունը՝ դրա անաչառությունն ապահովելու նպատակով։ Այս պնդումն էլ առիթ դարձավ, որ Ղարաբաղը նորից «ձեռք բերի» անկախություն, որը «կորցրել էր» 1998-ի փետրվարին, երբ անհրաժեշտ էր հիմնավորել, թե Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի քաղաքացի է, քանի որ գործում է 1989-ին ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի վերամիավորման որոշումը։ Հիմա թերեւս ձեռնտու չէ, որ մարտի 22-ի ահաբեկչության գործը քննվի ոչ Ստեփանակերտում, ուստի 1989-ի վերամիավորման որոշումն այլեւս չի գործում։ Ինչեւէ։ Հարկ է նշել, որ Արմեն Մանուկյանն այժմ արդեն միայն այս գործով մեղադրյալ Վարուժան Մելքումյանի շահերն է ներկայացնում, քանի որ նրա մյուս պաշտպանյալը՝ Վարդան Թաշճյանը, հրաժարվել է իր ծառայություններից։ Թերեւս սրա բացատրությունը պետք է փնտրել հետեւյալում. ԼՂՀ դատախազության կարեւորագույն գործերով ավագ քննիչ Շուրա Օհանյանը մի հարցազրույցում հայտնել էր, թե քննչական խմբի բոլոր անդամների ներկայությամբ Արմեն Մանուկյանը հայտարարել էր, որ «իրեն չի հետաքրքրում Վ. Թաշճյանի շահը, այլ պարզապես ինքն ուզում է իմանալ, թե «Դրոյի» գործի ժամանակ ով է օգնել Թաշճյանին քննությունից թաքնվելու, եւ այս կապակցությամբ ինքը չլուծված հին հաշիվներ ունի ոմանց հետ»։ (Կարծում ենք, որ քննիչները նույնը փոխանցել են նաեւ Վարդան Թաշճյանին)։ Սակայն Արմեն Մանուկյանն իրոք նման բա՞ն է հայտարարել. «Ո՛չ, այդպիսի հայտարարություն չի եղել։ Պարզապես ԼՂՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամայիս Ավագյանը գիտեր, որ ես «Դրոյի» գործի նախաքննությանը մասնակցել եմ որպես քննիչ, եւ ինքն ինձ հարցրեց, թե Վարդան Թաշճյանի հետ այն ժամանակ չե՞մ հանդիպել, նրան չե՞մ քննել, այն ժամանակ քննել եմ՝ հիմա եկել եմ պաշտպանե՞մ։ Պատասխանեցի, որ այն ժամանակ նրան չգտանք, հետո իմացանք, որ Բեյրութ է գնացել։ Այսքան բան է խոսվել, այո՛, քննչական խմբի ներկայությամբ»։ Ի դեպ, Արմեն Մանուկյանը հայաստանյան երկու պարբերականներում խոստովանել էր, թե Շուրա Օհանյանն իրեն գործարք էր առաջարկել եւ Վարդան Թաշճյանի հետ կես ժամ առանձնատեսակցություն խոստացել «Առավոտի» թղթակից Սաթիկ Սեյրանյանին Ղարաբաղ բերելու դիմաց։ Շուրա Օհանյանը հրապարակավ հերքել էր, թե ինքը գործարք է առաջարկել եւ նշել, թե պարզապես «ինքը որպես կին երաշխավորել է Սաթիկ Սեյրանյանի անվտանգությունն Արցախում»։ Արմեն Մանուկյանն այժմ ասաց. «Ես պնդո՛ւմ եմ, որ եղել է նման խոսակցություն»։ Ընդ որում, հավելեց, թե գործարքն առաջարկվել է քննիչներից մեկի ներկայությամբ։ Իր ներկա պաշտպանյալի՝ Վարուժան Մելքումյանին տեսակցելու վերաբերյալ Արմեն Մանուկյանի շարունակական բողոքներին ի պատասխան ԼՂՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամայիս Ավագյանն ասել էր, թե իրենց կողմից երբեւէ խոչընդոտներ չեն եղել եւ Արմեն Մանուկյանն իր պաշտպանյալի հետ տեսակցություններ եւ առանձնազրույցներ է ունեցել «այնքան, ինչքան որ պետք է եղել»։ Ըստ այդմ՝ պետք է եղել տեսակցել… 2-3 անգամ, քանի որ ըստ պրն Մանուկյանի՝ այդքան է տեսել իր պաշտպանյալին. «Ես էլի կրկնում եմ, որ ընդամենը 2-3 տեսակցություն եմ ունեցել, որից 1-ը առանձնազրույց է եղել։ Մի երկու անգամ էլ քննչական գործողությունների մասնակցելիս ենք հանդիպել իրար, բայց դա ոչ տեսակցություն է, ոչ էլ առանձնազրույց»։ Փաստաբանը շուրջ 20 օր առաջ Ստեփանակերտ է մեկնել քրեական գործի նյութերին ծանոթանալու համար, բայց նրան հնարավորություն չեն տվել, պատճառաբանելով, թե ընդամենը 5-6 օր է մնացել, որ գործը դատարան ուղարկվի. «Ես ասացի, թե այդքանն ինձ լիովին բավական է։ Հարցրեցին, թե 15 հատոր կարո՞ղ ես 5-6 օրում կարդալ։ Պատասխանեցի, թե 25 հատոր էլ կարող եմ։ Էլի մերժեցին՝ թե կսկսես ծանոթանալ, հետո արհեստականորեն կձգձգես։ Ինձ առաջարկեցին, որ դատարանում ծանոթանամ գործի նյութերին»։ Գուցե ԼՂՀ դատախազությունը հակափաստարկ ներկայացնի, որ Արմեն Մանուկյա՞նն է ուշացումով դիմել գործի նյութերին ծանոթանալու համար՝ մեր կանխատեսմանը հետեւեց այս պատասխանը. «Ես Ստեփանակերտ եմ մեկնել այն ժամանակ, երբ ընթանում էր քրեական գործի նյութերին ծանոթացումը։ Պաշտպանի համար ժամկետ սահմանված չէ, թե հատկապես որ պահից սկսի, ու նաեւ չեն կարող չթույլատրել ծանոթանալ գործի նյութերին»։ Այժմ վերջապես անդրադառնանք մարտի 22-ի ահաբեկչության գործի դատաքննությունը Հայաստան տեղափոխելու առիթով ԼՂՀ դատախազության հայտարարություններին։ «Կայացած պետություն չի նշանակում Հայաստանից տարբեր դրոշ ունենալ,- ասաց Արմեն Մանուկյանը,- Ղարաբաղը կայացած պետություն չի կարող համարվել, քանի որ մեր բանակն է Ղարաբաղը պաշտպանում, Հայաստանի բյուջեի մեջ Ղարաբաղը ներառված է»։ Կարծես որպես հատատում իրավագետ Վլադիմիր Նազարյանի այն դիտարկումների, թե ԼՂՀ-ում գործում է սովետական օրենս-դրությունն «իր ամենագարշելի տեսքով», փաստաբանը մի դատաքննության օրինակ բերեց. «Նրանց արդարադատության համար բնութագրական դեպք է սա։ Այս դատավարությունը կայացել է 15-20 օր առաջ։ Ստեփանակերտի բնակիչ Արմեն Մելքումյանը Թումանյան փողոցի վրա 1 սենյականոց բնակարան ունի, բայց նաեւ սեփական փոքրիկ տուն է կառուցում քաղաքի ծայրամասում։ Ռուզաննա անունով մի միայնակ մայր պատուհանը կոտրել եւ մտել էր այդ 1 սենյականոց բնակարանը եւ դուրս չէր գալիս։ Տանտերը դատարան էր դիմել, որ իր տունը զավթել են։ Դատավոր Գրետա Արզումանյանը վճիռ կայացրեց, թե տունը զավթողինն է, քանի որ այդ Ռուզանը միայնակ մայր է եւ ապրելու հնարավորություն չունի։ Ստեփանակերտում այսպե՛ս է ընթանալու դատաքննությունը՝ օրենքը շրջանցելու եւ բարոյական ինչ-ինչ կատեգորիաներ են մեջբերելու»։ Եվ չնայած Արմեն Մանուկյանը վստահ էր, թե իրավական առումով ճիշտ է այս դատաքննությունը Հայաստան տեղափոխելը, բայց նաեւ ասաց, թե հատուկ այս նպատակով մի մեծ դահլիճ է պատրաստվում, եւ «Արկադի Ղուկասյանը թույլ չի տա, որ այդ գումարներն իզուր կորչեն»։ Այնուամենայնիվ, դատավարությունը Հայաստան տեղափոխել-չտեղափոխելն առանձին խնդիր է, բայց եւս մեկ անգամ հրատապ է դարձնում ավելի նշանակալից հետեւյալ հարցադրումները, եթե Ղարաբաղը Հայաստանի մի մարզն է, ինչպես անընդհատ նշում են մեր կուսակցական այրերը (ասենք, ՀՀԿ-ի գործիչները), ինչո՞ւ են Հայաստանի տարբեր մարզերում (դեռ մնացածը մի կողմ թողնենք) գործում քրեական տարբեր օրենսգրքեր։ Եվ վերջապես, ամենակարեւոր հարցը, որը լավագույնս ձեւակերպել էր Վլադիմիր Նազարյանը. «Պետք է հստակեցվի. Լեռնային Ղարաբաղի հետ գործ ունենալիս գործ ունենք Հոլանդիայի պես մի առանձի՞ն երկրի հետ, թե՞ Հայաստանի շարունակության»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել